ԳլխավորԼուր

«… և արցունքը փոխեց իր համը». նախարարն ընդունել է 11-ամյա  հեքիաթագրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Վահրամ Դումանյանն այսօր հյուրընկալել է 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութից Երևան տեղափոխված 11-ամյա Վիկա Ավետիսյանին և նրա մորը՝ Ալյոնա Ավետիսյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և «UNICOMP» ՓԲԸ-ի զարգացման ծրագրերի ղեկավար Սուսաննա Բալդրյանը:

Երևանի Նոր-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի 6-րդ դասարանում սովորող Վիկա Ավետիսյանն օրեր առաջ նամակ էր գրել ԿԳՄՍ նախարարությանը՝ բարերարի օգնությամբ տպագրված «… և արցունքը փոխեց իր համը» հեքիաթների իր գրքի սպառմանն աջակցելու խնդրանքով: Գրքերի վաճառքից ստացված գումարով հադրութցի Վիկան ուզում էր համակարգիչ գնել՝ նոր մտքերն ու ստեղծագործությունները ոչ թե թղթին, այլ համակարգչին հանձնելու համար:

ԿԳՄՍ նախարարությունը արձագանքել է նամակին՝ ոչ միայն գնելով Վիկա Ավետիսյանի հեքիաթների գրքերը, այլև նրան համակարգիչ նվիրելով: «UNICOMP» ընկերության կողմից տրամադրված նոթբուքն այսօր գտավ իր տիրոջը:

Հանդիպման ընթացքում Վիկան պատմել է, որ գրքում ներառված ստեղծագործությունները գրել է 8 տարեկանում, հայրենի Հադրութում: Տեղահանման ժամանակ համակարգիչը չեն կարողացել իրենց հետ վերցնել, որտեղ պահված են եղել բոլոր հեքիաթները: Բարեբախտաբար փոքրիկ Վիկայի գրվածքները հրապարակվել էին համացանցում:

«Համացանցից հավաքել ենք բոլոր գրվածքները և բարերարի օգնությամբ հրատարակել: Հիմա նոր ստեղծագործություններ ունեմ և նախատեսում եմ երկրորդ գիրքը գրել»,- ասել է նա:

Ի դեպ, «… և արցունքը փոխեց իր համը» վերտառությամբ գիրքը սկսվում է Հադրութին ուղղված նամակով. «Բարև Հադրութս… Երբ առաջին անգամ քեզ նամակ էի գրել, դեռ պատերազմ էր ու երազանքս խաղաղությունն էր… Հիմա խաղաղություն է, բայց քեզ կորցրել եմ… Տխուր խաղաղությունն ինձ արցունքներ բերեց միայն: Քեզ տեսնելու համար գիտե՞ս՝ ինչ եմ հիմա անում՝ փակում եմ աչքերս ու մտովի գալիս քեզ մոտ …. Ես քո մասին գրում եմ ամեն օր ու գրելու եմ այնքան մինչև մի օր կրկին քո գիրկը գամ ու շունչդ զգամ: Ես չեմ դադարելու քո մասին երազել մինչև իմ ուժն ու աղոթքները չհասնեն Աստված պապիկին… Ես հավատում եմ, որ այս ամենը մի օր կավարտվի, ու մենք կրկին կգտնենք իրար՝ ես ու դու, իմ Հադրութ, իմ չքնաղ, իմ միակ, իմ կարոտ …. Քո՝ Վիկա»: