ԳլխավորԼուր

Մեկնարկում են միասնական քննությունները

Վաղը՝ հունվարի 15-ին, մեկնարկում են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները. դիմորդները քննություն կհանձնեն «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

738 դիմորդ քիմիա է հանձնելու, որից 284-ը Երևանում, 454-ը՝ մարզերում: 131-ը ռուսերեն է հայտագրել, որից 15-ը Երևանում և 116-ը մարզերում:

Հանրապետությունում գործող 14 քննական կենտրոնից 11-ը մարզերում են, յուրաքանչյուր մարզում՝ 1-ական, միայն Սյունիքում 2 կենտրոն է՝ Գորիսում ու Կապանում: Մայրաքաղաքի քննական կենտրոնները 3-ն են՝ թիվ 170, թիվ 189 և թիվ 190 դպրոցներում: Վերջին երկուսում միայն քիմիա են հանձնելու, թիվ 170-ում՝ նաև ռուսաց լեզու:

Տարվա եղանակով պայմանավորված, որոշվել է քննությունն սկսել ամռան համեմատ 2 ժամ ուշ՝ 11.30-ին: Քիմիայի քննության տևողությունը 3 ժամ է, ռուսաց լեզվինը՝ 2,5:

Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները կկայանան հունվարի 15-ից փետրվարի 12-ը։

Այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից: