ԳլխավորԼուր

Սիրահարների օրն է

Փետրվարի 14-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Սուրբ Վալենտինի կամ Բոլոր սիրահարների օրը։

Համարվում է, որ Սուրբ Վալենտինի օրը գոյություն ունի արդեն ավելի քան 16 դար։

Տոնը ունի կոնկրետ հերոս՝ քրիստոնյա կաթոլիկ քահանա Վալենտինը։ Այդ պատմությունը թվագրվում է մոտ 269 թվականով, երբ Հռոմեական կայսրությունում իշխում էր Կլավդիոս 2-րդը։ Պատերազմող հռոմեական բանակը ռազմական գործողությունների համար զինվորների պակաս էր զգում, եւ կարծիք կար, որ դրա պատճառը ամուսնություններն են։ Որպեսզի զինվորների մեջ պահի ռազմական ոգին, կայսրը հրամայում է արգելել ամուսնությունները։

Սակայն զինվորներին դա չէր խանգարում սիրահարվել։ Եվ գտնվեց մի մարդ, ով չվախենալով կայսեր զայրույթից, սկսեց գաղտնի պսակադրել լեգեոներներին։ Դա Վալենտին անունով քահանան էր՝ հռոմեական Տերնի քաղաքից։

Նա սիրում էր հաշտեցնել գժտվածներին, օգնել սիրային նամակներ գրել եւ լեգեոներների անունից ծաղիկներ տանել նրանց սիրելիներին։ Կայսրը Վալենտինին մահվան է դատապարտում։

Հետագայում, որպես քրիստոնեական նահատակ, ով տառապել է հավատի համար, Վալենտինը սրբերի շարքն է դասվել կաթոլիկ եկեղեցու կողմից, իսկ 469թ․ Հռոմի պապ Հելիուսը փետրվարի 14-ը հայտարարել է Սուրբ Վալենտինի օր։

Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը: Եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ։