ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Մագիստրատուրայի ընդունելության քննություններ՝ ԱրՊՀ-ում

Օգոստոսի 26-ին Արցախի պետական համալսարանում կայացել են 2020-2021 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության քննությունները: Ուսանողների խոսքով` քննություններն ընթացել են օբյեկտիվ և արդար, պահպանվել են հակահամաճարակային բոլոր կանոնները:

Բանասիրական ֆակուլտետի «Թարգմանչական գործ» բաժնի ուսանողուհի Աննա Մուսայելյանի խոսքով` օտար լեզուների իմացությունը յուրաքանչյուրի առջև լայն հորիզոններ է բացում, սակայն անգլերենին զուգահեռ որոշել է ուսումնասիրել նաև իրավագիտությունը:

«Ուսումս շարունակելու եմ նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետի «Քրեական իրավունք և դատավարություն» բաժնում: Ընտրել եմ իրավագիտության ֆակուլտետը, որովհետև իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ պետք է իմանա իր իրավունքներն ու պարտականությունները: Կարծում եմ՝ լավ իրավաբանը պետք է ունենա կամքի ուժ»,-ասել է նա՝ հավելելով, որ իրավաբանի գիտելիքներ ձեռք բերելու իր սպասելիքները ԱրՊՀ-ն կիրականացնի, քանի որ համալսարանում դասավանդում են լավագույն մասնագետներ, որոնք իրենց փորձով ու գիտելիքներով օրինակ են ծառայում ուսանողներին:

«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի ուսանողուհի Ալիսա Խաչատրյանը, ով քննություն է հանձնել մագիստրատուրայի «Հոգեբանություն» ընդունվելու համար, կիսել է տպավորությունները և նշել. «Սպասելիքներս շատ մեծ են, հուսամ առաջիկա երկու տարիների ընթացքում կստանամ այն անհրաժեշտ գիտելիքները, որոնք բավարար կլինեն լավ և պահանջված մասնագետ դառնալու համար»:

Մագիստրատուրայի 2020-2021 ուստարվա ընդունելության քննությունների արդյունքներն առաջիկայում հասանելի կլինեն ԱրՊՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում:

 

 

Comment here