ԳլխավորԿրթություն

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական նորամուծությունները (մաս 3)

ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական նորամուծությունները:

Կրթական ծրագրերի հավատարմագրում

Ներկայում հավատարմագրման գործընթացները կանոնակարգվում են ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, համաձայն որի՝ բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը պարտադիր է, իսկ ծրագրային հավատարմագրումը՝ ոչ պարտադիր։ Գործող կարգով ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակում բուհի ընտրությամբ երեք ծրագիր է ներկայացվում գնահատման։ Ծրագրային հավատարմագրման բացակայությունը բացասաբար է անդրադառնում կրթական ծրագրերի որակի վրա՝ հանգեցնելով ծրագրերի մանրատվածությանը, դասավանդման, ուսումնառության և գնահատման համակարգերի արդիականացման խթանների բացակայությանը, մարդկային և ֆինանսավորման ռեսուրսների օպտիմալ բաշխմանը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բարձրագույն կրթության կրթական ծրագրերի հավատարմագրման գործընթացը նշված խնդիրները համակարգված լուծելու և ծրագրային բարեփոխումներն իրականացնելու հիմնական գործիքն է։

Օրենքի նախագծով բուհերի կրթական ծրագրերը պետք է անցնեն պարտադիր հավատարմագրում։ Հավատարմագրման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները նախագծով վերապահվում են Կառավարության հաստատած հավատարմագրման կարգին։

Օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացում

Գործող օրենքով ՀՀ քաղաքացիների համար կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացումն օտար լեզուներով չի թույլատրվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ օտար լեզուն կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունն է։ Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիներն օգտվում են այդ հնարավորությունից միջպետական համաձայնագրերով ստեղծված բուհերում կամ արտասահմանյան բուհերի մասնաճյուղերում սովորելիս։ Դա անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ՀՀ պետական բուհերի համար՝ բարձրագույն կրթության արտաքին հարթակներում խոչընդոտելով դրանց միջազգայնացմանը և տեսանելիությանը։

Օրենքի նախագիծն առաջընթաց է արձանագրում այդ խնդրի լուծման հարցում. պահպանելով հայերենի՝ որպես կրթության լեզվի հիմնարար դրույթը, առաջարկվող կարգավորումը նախատեսում է, որ պետական բուհերում որոշ դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ և կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով։

Comment here