ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ արդեն 23-րդ անգամ կանցկացվի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այս տարի 90 երկրից շուրջ 600 հայտ է ներկայացվել, որոնցից փառատոնային ծրագրում ընգրկվել է 90 ֆիլմ 40 երկրից։
Փառատոնին ընդառաջ Կինոյի տանը տեղի է ունեցել մամուլի ասուլիս, բանախոսները մի քանի տվյալներ են ներկայացրել։
Եվ այսպես՝ փառատոնը կանցկացվի հուլիսի 13–19-ը. ցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տանը, «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում։ Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:
Բացումը տեղի կունենա հայ-ֆրանսիական համատեղ արտադրության Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությամբ: Փառատոնի «Միջազգային ժյուրիի» նախագահը ժամանակակից ավստրիական կինոյի առաջատար դեմքերից է՝ Ջեսիկա Հաուսները: Նրա ֆիլմերի պրեմիերաները կայացել են Կաննում և Վենետիկում՝ արժանանալով լայն ճանաչման ժանրային կինոյում նորարարական մոտեցման համար: Մահմուդ Քալարին, որն իրանական կինոյի հայտնի օպերատորներից է, կգլխավորի «Տարածաշրջանային մրցույթի» ժյուրին։
Փառատոնի այս տարվա պատվավոր հյուրն է ֆրանսահայ նշանավոր դերասան Սիմոն Աբգարյանը, պատվո հյուրն է աշխարհահռչակ լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկին՝ Օսկարի և բազմաթիվ կինոփառատոնների դափնեկիր: Երևանյան հանդիսատեսին կներկայացվի նրա «Fatherland» նոր ֆիլմը:
Փառատոնի գլխավոր պաստառն այս տարի նվիրված է պոեզիային․ գլխավոր պաստառի հեղինակը հայտնի նկարիչ և դիզայներ Իգոր Գուրովիչն է։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


