ԵՊՀ ասպիրանտ Հայկանուշ Ազիզյանն ուսումնասիրում է Արարատյան գոգավորությունում անոմալ եղանակային պայմանների պատճառները՝ նպատակ ունենալով կանխարգելելու դրանց բացասական հետևանքները բուսական, կենդանական, ինչպես նաև մարդկանց առողջության վրա: Այս թեմայով նրա գիտական նախագիծն արժանացել է ֆինանսավորման ՀՀ ԿԳՄՍՆ «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2024» մրցույթի արդյունքում:
Հայկանուշ Ազիզյանը ներկայացրել է «Անոմալ շոգ և անոմալ ցուրտ եղանակների տարածաժամանակային փոփոխության վերլուծումը և գնահատումը Արարատյան գոգավորությունում» վերտառությամբ նախագծի կարևորությունն ու հետազոտությունից սպասվող արդյունքը:
Հետազոտություններ՝ ներկայի և բազային կլիմայական տվյալների օգտագործմամբ
Թեմայի շրջանակում հետազոտության օբյեկտ հանդիսացող Արարատյան գոգավորությունում անցկացվելու են անոմալիաների տարածաժամանակային դինամիկայի ուսումնասիրություններ և գնահատում։ Բացահայտվելու են եղանակային ծայրահեղ պայմանների հիմքում ընկած պատճառներն ու օրինաչափությունները։ Անհրաժեշտ է կատարել վերլուծություն՝ օգտագործելով ինչպես ներկայի, այնպես էլ բազային կլիմայական տվյալները, ինչը ենթադրում է ջերմաստիճանի գրադիենտների, տեղումների քանակի, քամու դինամիկայի և սովորական եղանակային նորմերից շեղումները:
Հետազոտությունը կատարվելու է այն բնակավայրերում, որտեղ կան օդերևութաբանական կայաններ՝ Աշտարակ, Ապարան, Թալին, Ծաղկահովիտ, Ամբերդ, Արագածավան, Արարատ, Արտաշատ, Ուրցաձոր, Արմավիր, Եղվարդ, Գառնի և այլն, ինչպես նաև այն վայրերում, որտեղ հնարավոր կլինի կատարել լոկալ կլիմայական հետազոտություններ։
Անապատացման, կլիմայական պայմանների հետ կապված հիվանդությունների դեմ ռազմավարության մշակմանն ի նպաստ
Արարատյան գոգավորության կլիմայական տատանումները ՀՀ գյուղատնտեսության, բնական էկոհամակարգերի և կենսաբազմազանության անկման հիմնական պատճառներից են։ Անոմալ շոգ եղանակը պատճառ է երաշտի, հողի դեգրադացիայի և բերքի նվազման, ինչը վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության և կենսաապահովման համար: Անոմալ ցուրտ պայմաններն իրենց հերթին կարող են հանգեցնել ցրտահարության՝ ազդելով մշակաբույսերի բերքատվության և արտադրողականության վրա: Եղանակային այս ծայրահեղությունները, մասնավորապես անոմալ շոգ եղանակները, ազդելով բնական էկոհամակարգերի և կենսաբազմազանության վրա, արագացնում են անապատացման գործընթացը և հանգեցնում էկոհամակարգերի դեգրադացման՝ ազդելով էնդեմիկ բուսական և կենդանական աշխարհի վրա: Մյուս կողմից՝ ծայրահեղ ցուրտ եղանակային պայմանները կարող են խախտել էկոլոգիական հավասարակշռությունը՝ ազդելով վայրի բնության և բուսականության գոյատևման վրա: Այս կլիմայական տատանումները կրում են նաև սոցիալական հետևանքներ. անոմալ շոգ և ցուրտ պայմանները կարող են ավելացնել մարդու առողջության վրա բացասաբար ազդող գործոնները՝ բնակչության շրջանում (հատկապես խոցելի խմբերի համար) առաջացնելով կլիմայական պայմանների հետ կապված հիվանդություններ։
Հետևաբար, անոմալիաների տարածաժամանակային բաշխման փոփոխությունների գնահատումը կարևոր է ճկուն հարմարվողականության ռազմավարությունների մշակման համար: Բացահայտելով եղանակային ծայրահեղ իրադարձությունների հիմքում ընկած պատճառներն ու օրինաչափությունները՝ համապատասխան կառույցները և տեղական համայնքները կլինեն ավելի լավ պատրաստված և արդյունավետ կարձագանքեն նմանօրինակ երևույթներին:
Ժամանակակից մեթոդների կիրառում
Հետազոտական աշխատանքի սկզբնական փուլում կատարվելու են դաշտային աշխատանքներ՝ տեղանքի ուսումնասիրման, տվյալների հավաքագրման և կլիմայական առանձնահատկությունների ուսումնասիրման համար։ Հավաքագրված տվյալները համեմատվելու և լրացվելու են հիդրոօդերևութաբանական դիտարկումների հավաքագրած բազմամյա տվյալների և տեղական գրառումների հետ։ Այդ տվյալները համապարփակ դարձնելու և վերջնական լրացնելու համար կկիրառվեն հեռահար զոնդավորման մեթոդներ:
Հետազոտության հաջորդ փուլում կատարվելու է տվյալների վերլուծություն, ինչը ներառելու է վիճակագրական մեթոդներ՝ ջերմաստիճանի տատանումները, տեղումների մակարդակը և կլիմայական այլ պարամետրերը գնահատելու համար:
Հետազոտության արդյունքների բարելավումները ներառում են մեքենայական ուսուցման ալգորիթմների ուսումնասիրությունը՝ արխիվային տվյալների վրա հիմնված կանխատեսելի վերլուծության համար՝ ներգրավելով շահագրգիռ կողմերին: «GIS» ծրագրային փաթեթը կօգտագործվի տարածական վերլուծության, երկրաբանական կազմավորումների, բուսական ծածկույթի և բնակավայրերի համեմատ ջերմաստիճանային անոմալիաների քարտեզագրման համար։
Հետազոտության այսպիսի փուլային լուծումը հնարավորություն կտա բացահայտելու վերոնշյալ խնդիրները, ինչպես նաև կնպաստի ավելի մասշտաբային հետևանքների գնահատմանը կլիմայի փոփոխության գլոբալ մոդելների շրջանակում:
Հետազոտական խմբում ընդգրկված է նաև Հայկանուշ Ազիզյանի ատենախոսության ղեկավարը՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դոցենտ, աշխ.գ.թ. Վարդուհի Մարգարյանը։ Նախատեսվում է այս թեմայի շրջանակում 3 և ավելի գիտական հոդվածներ հրատարակել։