Երևանի Բաղրամյան պողոտայում հունիսի 12–ին տեղի ունեցած իրադարձություններից հետո բուժօգնության է դիմել 101 անձ, որոնց թվում նաև ոստիկաններ կան, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
«Նրանցից 85–ը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։ Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար»,- նշված է հաղորդագրությունում։
16–ը շարունակում են բուժօգնություն ստանալ։ Նրանք ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչից հետո ակցիայի մասնակիցների ու ոստիկանների շարքերում եղան վնասվածք ստացողներ։
Բերման է ենթարկվել ավելի քան 100 մարդ, նրանց մի մասը ձերբակալվել է հանցանք կատարելու կասկածանքով։
Մայիսի 4-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից դեպի Երևան մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը, որը առաջնորդում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Երթի մասնակիցները Երևան հասան մայիսի 9-ին, որտեղ բազմամարդ հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Մայիսի 10-ից մեկնարկեցին անհնազանդության ակցիաները։
Մայիսի 26-ի հանրահավաքում հայտարարվեց, որ շարժման՝ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։ Դրանից հետո նա կոչ արեց շարունակել անհնազանդության խաղաղ ակցիաները։