Գերմանիայի կրթության և մշակույթի նախարարների խորհրդին կից Գերմանական մանկավարժական փոխանակման ծառայությունն արտերկրում գերմաներեն դասավանդող ուսուցիչներին առաջարկում է վերապատրաստման և հոսպիտացիոն ծրագրեր, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։:
Ծրագրերը հիմնականում հասցեագրված են այն դպրոցների գերմաներենի ուսուցիչներին, որոնցում իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում, և հատկապես տրամադրվում է գերմաներենի լեզվական դիպլոմ: Ծրագրի մասնակիցները ոչ միայն հնարավորություն կստանան զարգացնելու իրենց լեզվական ու Գերմանիայի վերաբերյալ երկրագիտական գիտելիքները և ընդհանուր պատկերացում կկազմեն գերմանական կրթական համակարգի մասին, այլև կծանոթանան այլ հիմունքներով գործող դպրոցներին և նորարարական այնպիսի դասավանդման ձևերին, ինչպիսիք են ներառականությունը կամ «համընդհանուր լեզվուսուցումը»:
Մասնավորապես առաջարկվում են հետևյալ ծրագրերը.
1. Հոսպիտացիոն (աշխատանքային հյուրընկալություն) ծրագիր գերմաներենի այն ուսուցիչների համար, որոնք դասավանդում են 6-18 տարեկան աշակերտներին և ունեն դասավանդման առնվազն եռամյա փորձ: Ծրագիրը կանցկացվի 2022 թ. նոյեմբերի 6-26-ը (ժամանման և վերադարձի օրեր):
2. 14-օրյա դասընթացներ գերմաներենի այն ուսուցիչների համար, որոնք դասավանդում են 10-18 տարեկան աշակերտներին և ունեն դասավանդման առնվազն եռամյա փորձ: Դասընթացի հստակ ժամանակացույցը դեռևս հաստատված չէ (կիրականացվեն 2022 թ. սեպտեմբերի կեսից մինչև նոյեմբերի սկիզբը):
Հատկապես կարևորվում է հետևյալ երիտասարդ մանկավարժների մասնակցությունը՝
• ունեն բուհական ուսումնառությանը հաջորդած առնվազն երեք տարվա դասավանդման փորձ,
• Հայաստանում արդեն իսկ մասնակցել են գերմաներենի վերապատրաստման որևէ դասընթացի,
• վերջին երկու տարում Գերմանիայում չեն վերապատրաստվել,
• գերմաներենը որպես օտար լեզու կամ գերմաներենով որևէ այլ առարկա են դասավանդում շաբաթական մոտ 12 դասաժամ հաճախականությամբ,
• ունեն գերմաներենի լավ կամ գերազանց իմացություն (C1 մակարդակ)՝ ակտիվ մասնակցություն ապահովելու համար առաջարկվող ծրագրերին և դպրոցական առօրյային,
• հետաքրքրասեր են, շահագրգիռ և մարդամոտ, կարող են այլ մասնակիցների կամ հյուրընկալ դպրոցների հետ շփումներում ներդնել իրենց բաժին պատրաստակամությունը և հանդես գալ սեփական նախաձեռնություններով,
• կարող են Գերմանիայում ձեռք բերած իրենց փորձը կիսել հայաստանյան գործընկերների շրջանում:
Այս երկու ծրագրերին դիմելու գործընթացը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար այս տարի գրանցումը կիրականացվի բացառապես առցանց: Այն ուսուցիչները, որոնք հավակնում են մասնակցելու վերապատրաստման որևէ դասընթացի կամ հոսպիտացիայի գերմանական դպրոցներից որևէ մեկում, կարող են դրանց համապատասխան առցանց դիմումաձևերը ներբեռնել հետևյալ հղումներով. վերապատրաստման համար՝ https://bit.ly/3jQNguS, հոսպիտացիայի համար՝ https://bit.ly/3EpXiwD: Դրանք պետք է լիարժեք լրացնել և էլեկտրոնային փոստով ուղարկել Մանկավարժական փոխանակման ծառայությանը (PAD):
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. մայիսի 8-ը:
Հավակնորդներն արդեն իսկ դիմումը ներկայացնելու պահին պետք է ներկայացնեն Եվրամիությունում արտոնված պատվաստանյութերից որևէ մեկով SARS-CoV-2–ի դեմ լիարժեք պատվաստված լինելու մասին ապացույց: Եվրամիությունում արտոնված պատվաստանյութերի, ինչպես նաև լիարժեք պատվաստումային պաշտպանության պահանջների վերաբերյալ ընթացիկ տեղեկությունները հասանելի են Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտի կայքում` https://bit.ly/3ryrdxz:
Եթե հավակնորդն ապաքինվել է Covid-ից, և դրանից չի անցել ավելի քան 90 օր, ապա նա կարող է ներկայացնել այդ մասին տեղեկանք, որը հավասարազոր է լիարժեք պատվաստված լինելուն: Ապաքինման վկայականի մասին ընթացիկ տեղեկություններ կարելի է գտնել Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի կայքում՝ https://bit.ly/37pive0:
Հավակնորդները պետք է բավարարեն նաև Գերմանիա առանց կարանտինային պահանջների մուտք գործելու վերաբերյալ այդ պահին գործող բոլոր նախապայմաններին ու դրույթներին:
Բացի դրանից՝ պետք է ներկայացնել կարմրուկի դեմ բավարար պատվաստումային պաշտպանության կամ կարմրուկի դեմ անընկալության (իմունիտետ) վերաբերյալ տեղեկանք:
Մասնակցության պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կցվում է։