ԳլխավորԽոսք

Ցեղ, ժողովուրդ, տականք. հայության երեք տեսակները՝ ըստ ցեղակրոնության

Փետրվարի 5-ին հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, փիլիսոփա, տարօնականության հիմնադիր, Նժդեհի մտերիմ գաղափարական ընկեր Հայկ Ասատրյանի (05.02.1900-13.01.1956) ծննդյան օրն է։

Ներկայացնում ենք գրառում «Հայկ Ասատրյան» ֆեսյբուքյան էջից։

Հայության երեք տեսակները՝ ըստ ցեղակրոնության

Ցեղակրոնությունը հայությունը բաժանում է զգայա-գիտակցական երեք մասերի՝ ազգային-ցեղային (ցեղը), տատանվող կամ չկողմնորոշված (ժողովուրդը) և ամբոխացած, հակազգային (տականքը): Արդի հայությունը, ըստ ցեղակրոնության, գերազանցորեն հանդես է գալիս որպես հայ ժողովուրդ, այսինքն՝ հայկական որևէ հատկանիշ ունեցող մարդկանց ժողովածու: Հայության շատ փոքր մասն է, որ իր զգայա-գիտակցական մակարդակով ու կենսաձևով նկատվում է որպես հայ ցեղ (ազգ): Հայության մի հատվածն էլ կազմում է տականքը:

1. Ցեղամարդը (ցեղը)

Ցեղը հայության ընտրանին է՛ սերուցքը, որի գերնպատակն է՝ իր տեսակի հավիտենականացումը Հայրենիքում: Նա՛ է իր մեջ կրում հայկականություն և այն փոխանցում սերունդներին: Ցեղի համար՝ անփոխարինելի՝ է Հայրենիքը, նրա անկախությունը՝ թթվածնի պես անհրաժեշտ: Ցեղն է մարտնչում ու նահատակվում՝ հայության պատիվը փրկելիս:

2. Ժողովուրդը

Ժողովուրդը հայության չկողմնորոշված, տատանվող մասն է: Այն ամբոխամետ է, եթե ավելի տականքի ձայնն է լսում, քան՝ Ցեղի: Ժողովուրդն ապրում է առօրյայով, ցեղը՝ հավիտենականով, նա՝ օրվա մտածումներով, սա՝ անցյալի հիշողությամբ, ապագայի հաստատուն հավատով և օրվա հարատև պայքարով միաժամանա՛կ:

Ժողովուրդն առաջնորդվում է հատվածական, ցեղը՝ համահայկական շահերով: Ժողովուրդը դասակարգերի, դավանանքների ու կուսակցությունների խառնամբոխ է, իսկ ցեղի մեջ չկա՛ն տիրող և հպատակ դասակարգեր, կրոնական հարանվանություններ, քաղաքական ուղղություններ, այլ կա՛ն միայն հայեր:

Ժողովուրդն արդարություն և ապրելու իրավունք աղերսող է, ցեղը՝ դրան նվաճող և հաստատող: Ժողովուրդը կարող է հարմարվել իր անփառունակ վիճակին, իսկ ցեղը չի՛ հանդուրժում ստրուկի շղթաները, նրա համար սրբագրելի են աշխարհի հայավնաս վճիռները: Վտանգի պահերին՝ ժողովուրդը մատնվում է խառնաշփոթի ու խուճապի, իսկ ցեղը բնազդորեն գտնում է ելքը: Նա ընդունակ չէ՛ կանխատեսելու վտանգը, իսկ ցեղը՝ նախազգում է այն:

Ժողովուրդը մեծարում է միջակություններին, ցեղը՝ միայն իր հանճարներին: «Ժողովուրդը դպիրներ է ծնում, իսկ ցեղը՝ մարգարեներ»:

Ժողովուրդը արժեքներ պահել ու հերոսներ գնահատել չգիտի. այսօր մեկին հերոս է դարձնում, վաղը՝ ոտնատակ անում կամ երեկվա սրբությունները, ամբոխային կուրությամբ, այսօր ոչնչացնում: Ցեղն իր արժեքների հավիտենական կրողն է, իր սուրբ մեռելների պաշտամունքը հավերժացնողը:

Ժողովուրդը տառապում է անլիարժեքության բարդույթով, իսկ ցեղը համակ է հպարտանքի զգացումով և լի՝ վճռականությամբ: «Ժողովուրդն ընդունում է օտար մշակույթն ապազգայնանալով, ցեղը՝ ազգայնացնում է իր ընդունածը»:

Եվ որքան հայության մեջ բարձր է ցեղի տեսակարար կշիռը, այնքան նա ապրում է ցեղորեն, այնքանով հզոր ու կենսունակ է նա՝ որպես ազգ: Իսկ ցեղի տեսակարար կշիռը պիտի բարձրացվի ժողովրդի հաշվին՝ նրան դարձի բերելով, դեպի ցեղը կողմնորոշելով: Եվ այդպիսով ցեղակրոնության գերխնդիրը հայ ժողովուրդ ցեղայնացնելն է:

3. Տականքը

Տականքը հայության ազգուրաց տարրն է, ցեղի ներքին թշնամին՝ լծված արտաքին թշնամու ռազմակառքին- անդիմագիծ՝ որպես հայ և զզվելի՝ որպես մարդ. հայության հանդեպ ո՛չ մի պարտականություններ չունեցող, բայց մշտապես իրավունքներից ճամարտակող: Նա ազգային պատկանելիություն չունի և եթե խոսում է հայերեն, ապա միայն այն պատճառով, որ հաղորդակցվելու այլ ձև դեռ չի գտել: Նյութակրոն՝ որի համար գերագույն արժեքը դրամն է: Տականքը հայրենիք չի՛ ճանաչում: Այդ շերտին Հայկ Ասատրյանը անվանել է «ցեղանեն շեյթան»: Դա հայության ազգորեն մեռած տարրն է, մեկընդմիշտ ամբոխացած: