ԳլխավորԼուր

Ապտակը նորմալ լինել չի կարող. հոգեբանը՝ բռնության դեպքերի մասին

Տաթևիկ Աբրահամյան

Օրեր առաջ` սեպտեմբերի 16-ին,  համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում սաներին: Ընդ որում, մանկապարտեզը մասնավոր է, որտեղ ամսական վճարն 90.000 դրամ է։ Հայտնի է նաև, որ երեխային հարվածելու տեսարանով  տեսանյութն ուսումնասիրվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից:

Մանկական հոգեբան Տաթևիկ Աբրահամյանը Usanogh.am-ի հետ զրույցում նշեց` մեր նախակրթարանների ամենամեծ խնդիրն այն է, որ դրանք չունեն պատրաստված անձնակազմ.

«Երեխաների հետ հոգեբանական առումով ճիշտ աշխատող, համապատասխան հմտություններով մասնագետների պակաս ունենք: Եթե այդ պակասը լրացվեր, երեխաների հետ աշխատանքը կլիներ արդյունավետ: Մասնագետներն, ընդ որում, պետք է համապատասխանեն երեխաների տարիքային առանձնահատկություններին: Իսկ հիմա մասնագիտական համապատասխան հմտություններ չունեցողները ազատ կերպով ընդունվում են նախակրթարաններ աշխատանքի: Պետք է համապատասխան մարմիններն է´լ ավելի ուշադիր լինեն մանկավարժի որակավորում տալիս»:

Նրա խոսքով` կրթական բոլոր հաստատություններում առանձին հոգեբանի առկայությունն, իհարկե, արդյունավետ է, բայց տվյալ  դեպքում պետք են նաև հստակ գիտելիքներով մանկավարժներ. «Պարտադիր չէ, որ հոգեբանն անընդհատ խմբային աշխատանքներ վարի, բայց այն մանկավարժները, որոնք մշտական աշխատանք են տանում երեխաների հետ,  պարտավոր են իմանալ երեխաների հետ հոգեբանական, մանկավարժական վարվեցողության հիմնական առանձնահատկությունները»:

Այն, որ վերջին շրջանում կրթական հաստատություններում բավական հաճախ ենք ականատես լինում բռնության դեպքերի, հոգեբանը կապում է այն հանգամանքի հետ, որ ի տարբերություն տարիներ առաջվա իրավիճակի, հիմա մարդիկ չեն խորշում պատմել, բարձրաձայնել բռնության դեպքերի մասին և դատապարտել դրանք. «Մարդիկ հիմա չեն ամաչում բարձրաձայնել բռնության դեպքերի մասին: Շատ երկար ժամանակ բռնության ամենատարբեր տեսակներ, հենց թեկուզ` ապտակը, նորմալիզացվել է: Հիմա աստիճանաբար գալիս ենք այն համոզման, որ դա նորմալ լինել չի կարող»,-եզրափակեց Տաթևիկ Աբրահամյանը:

Հավելենք, որ ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ