ԳլխավորԽոսքՀայաստանս

Հրանտ Մաթեւոսյան. «Հայրենիք միշտ ունենալու ենք»

Ներկայացնում ենք արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի (փետրվարի 12, 1935 — դեկտեմբերի 19, 2002) «Հայրենիք միշտ ունենալու ենք» հոդվածը։

Մեզ հասած պատմության ծվենները հայ մարդու բնույթի նույն հատկանիշներն են մատնանշում, ինչն այսօր մեր աչքի առջև իր բոլոր ձայներով ու գույներով կա:

Քսենոֆոնի ժամանակվա հայ մարդը և այսօրվա հայ մարդը նույն մարդն են, մեր բնավորությունը չի փոխվել, մեր բնույթը չի փոխվել: Եվ գեղեցիկ ժողովուրդ ենք: Գեղեցիկ էինք Քսենոֆոնի ժամանակ, գեղեցիկ ենք այսօր: Պատմությունը մեզ լլկել է, կողոպտել է, բայց դարձյալ մնացել ենք լավատես ժողովուրդ՝ դեպի մեծ քաղաքականություն, դեպի ԼՈՒՅՍԸ ձգտող ժողովուրդ:

Մերուժան Տեր-Գուլանյանի հետ Սաղամո լճի ափին էինք: Հեռվից նայում ենք. հին, ավերված շինության պատի մոտ, ամենասիրուն շորերը հագին, ծիածանագույն փեշը հագին, երևի վեց կամ յոթ տարեկան մի աղջիկ ծափիկ էր զարկում, ինքն իր շուրջը պտտվում: Ռիթմերից հասկացանք, որ դրսի պարերից է: Հետո իր բոլոր նազերն արեց, պարը դարձավ հայկական: Ինքն իր համար պարում էր: Հետո տեսնենք՝ չէ, իր հանդիսականն ունի՝ քարին կանգնած ուլիկը: Ապա հորթը մի անգամ գլուխը բարձրացրեց, ականջները դարձրեց աղջնակին, հետո… երեխան պո՜ւկ փախավ: Երկու տարով մեծ քույրը՝ գեղջկակա՜ն, հայկական բարոյականության պահպանմանը, ետևից մատ էր թափ տվել, թե չի կարելի այդքան կոկետ լինել, տեսնողներ կան, ամոթ է… Երեխան փախավ:

Դա ինձ համար խորհրդանիշն է գեղեցկության: Երեխան ոչ ոքի համար ամենասիրուն շորերն էր հագել, իր չեղած հրապարակում նա մեծ դահլիճում էր իրեն տեսնում՝ պարի կանոնները պահպանելով, չշրջանցելով: Դեպի լույսը, երգը, մեծ քաղաքակրթությունը, մեծ աշխարհը նրա ձգտումն էր այդ պարը, նա ինքը ինքնին այդ ձգտումն էր: Սա իմ ժողովուրդն է, իմ ժողովրդի ինքնակա, ինքնաբավ գեղեցկությունը, այն վարքը, որ նույնն է և՝ առանձնության մեջ, և՝ ի մեջ մարդկանց:

Լոռու սարերում մեկ թվի ծնված մարդ էր, որ տեսանք՝ 80-ն անց էր: Խոսակցությունները ինձնից ու գրքերից հեռու բաներից էին, բոլոր դեպքերում Շեքսպիրի մասին չէին: Մեկ էլ տեղից ելավ մարդը, Թումանյան արտասանելով գնաց: Այդտեղ էր և այդտեղ չէր, սարերում էր, ոչխարի մոտ և միաժամանակ պոեզիայի աշխարհում, տիեզերքի հետ իր զրույցն էր անում: Անընդհատ այդ ենք եղել, և սա անկորնչելի է, չի ջարդվում, չի ջախջախվում, ոչ մի պահի չենք կորցնում: Եզակի ենք:

Մենք ապրում ենք մեր պատկերացումների աշխարհում. մեր մահն էլ, կյանքն էլ, օրն էլ, սերն էլ, սիրահարություններն էլ, ամեն ինչ մեր պատկերացումների աշխարհում են կատարվում: Սաղամոյի էն երեխան իր պատկերացումների աշխարհում էր, Լոռվա սարերի էն ծերուկը՝ իր պատկերացումների աշխարհում՝ պոեզիայի աշխարհում:

…Հայոց աշխարհի բոլոր բնակիչներին կմաղթեի ապրել այգիներով մենատներում, ազատ, ապահովված, աշխարհի ժողովուրդների երթի մեջ, ինքնիշխանի վստահությամբ, որովհետև ոչ միայն թշնամու թյուրատեսությամբ է, որ փրկվել ենք, կանք, այլև աշխարհում ապրելու մեր վստահությամբ:

Որևէ բան չի եղել մեր ժողովրդի ճակատագրում, որ որևէ անհատի սխալի հետևանք լիներ, և մեղադրանքով շրջվեինք դեպի այդ անհատը, դեպի երեկ կամ այսօր և անիծեինք: Եղել է այն, ինչ լինելու էր: Կլինի այնպես, ինչպես լինելու է՝ հարատևելու ենք, հայրենիք միշտ ուզենալու ենք ունենալ, հայրենիք միշտ ունենալու ենք: Եվ թշնամին է մեզ հայրենիք տալու, և թշնամին է գուրգուրելու մեր հայրենիքի հավերժությունը, այլապես պայթուցիկ կդառնանք նրա ընթացքի մեջ, ռումբ, որ չի կարող խոստանալ, թե չի պայթի մի օր: Եվ թշնամու ակնկալիքների մեջ որպես հայ և հայերգություն կանք: