ԳլխավորԼուր

Ի՞նչ է Հռոմի ստատուտը

Հռոմի ստատուտը միջազգային պայմանագիր է, որով հիմնվել է Միջազգային քրեական դատարանը։ Այն ընդունվել է Հռոմում 1998 թվականին և ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ից։

Դատարանը քննում է հետևյալ հանցանքները՝

  • ցեղասպանություն
  • մարդկության դեմ հանցագործություններ
  • պատերազմական հանցագործություններ
  • ագրեսիա

Դատարանը իրավասություն ունի միայն այն հանցանքների նկատմամբ, որոնք կատարվել են ստատուտի ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ 2002 թվականի հուլիսի 1-ից հետո։

Եթե պետությունը դառնում է ստատուտի կողմ դրա ուժի մեջ մտնելուց հետո, ապա Դատարանը իր իրավասությունը կարող է տարածել այդ պետության համար ստատուտի ուժի մեջ մտնելուց հետո կատարված հանցանքների նկատմամբ:

Ի՞նչ է կատարվում Հայաստանում

Այսօր Ազգային ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը: Այն վերջնական ուժի մեջ կմտնի 2 ամսից, բայց մինչ այդ այն դեռ պետք է ստորագրի ՀՀ նախագահը։

ՀՀ Կառավարությունը շեշտել է կանոնադրության վավերացման և իրավազորության ճանաչման անհրաժեշտությունը՝ ընդգծելով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի իրականացման ռիսկը շարունակում է մնալ բարձր, իսկ այն վավերացնելուց հետո նաև պատերազմական հանցագործությունները ենթակա են լինելու ՄՔԴ իրավազորությանը, ինչը կարող է հանդիսանալ կանխարգելիչ և զսպող միջոց Ադրբեջանի համար: Հռոմի ստատուտի ընդունման պարագայում եթե, պայմանականորեն, Ադրբեջանը կամ Թուրքիան հարձակվեն Հայաստանի վրա, նրանց զինվորները կիմանան, որ անցնելու են ապագա քրեական գործերով: Բացի այդ` ստատուտը նոր կարգավիճակ է տալիս բոլոր զենքի մատակարարներին, որոնք վստահ են լինելու, որ Հայաստանն այդ զենքը չի օգտագործելու իրենց վարկաբեկող նպատակների համար։

Հռոմի ստատուտի ընդունումը Հայաստանում, սակայն, ոչ միանշանակ ընդունվեց։ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին դրա վավերացմանը։

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշում է, որ Ազգային ժողովն իրավասու չէ Հռոմի ստատուտի վավերացման հարցը քննարկել առանց սահմանադրական փոփոխությունների, բացի այդ, այն բազմաթիվ ռիսկեր է պարունակում։ Ըստ Մինասյանի՝ այս նախագիծը հակասահմանադրական է։

Նշենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշել է, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։

Ինչո՞ւ է դժգոհում Ռուսաստանը

Հռոմի ստատուտի վավերացման մասին օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ, մեղմ ասած, ոչ միանշանակ է Ռուսաստանի Դաշնության վերաբերմունքը:

Մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել՝ բնակչության, այդ թվում՝ երեխաների անօրինական տեղահանման հետ կապված ռազմական հանցագործություններին մասնակցելու մեղադրանքով։ Խոսքը 2022 թվականի փետրվարի 24-ին մեկնարկած և մինչև այժմ շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում ՌԴ-ի գործողությունների մասին է։

Այսպիսով, ըստ որոշ պնդումների, Հռոմի ստատուտի վավերականացումից հետո եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գա Հայաստան, նա պետք է ձերբակալվի՝ ըստ Միջազգային քրեական դատարանի օրդերի։

Օրերս Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, անդրադառնալով Ռուսաստանի մտահոգությանը, պարզաբանեց, թե Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայաստան մուտք գործելուց հետո ձերբակալելու մասին չի կարող խոսք լինել՝ պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով։ Հայաստանը Ռուսաստանին տվել է բոլոր երաշխիքները, որ այս ստատուտն, այսպես ասած, հակառուսական չէ: Բայց, փաստացի, ստատուտը սահմանափակելու է ՌԴ զինված ուժերի հակաօրինական գործողությունները Հայաստանում և Հայաստանի բնակչության դեմ։

Այս բացատրությունը, կարծես թե, չի բավարարել պաշտոնական Մոսկվային։

ՌԴ ԱԳՆ–ից այսօր հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնիսկ ակնարկել էր, թե Հայաստանը տնտեսական մեծ կախման մեջ է Ռուսաստանից, հիշեցնելով, որ այսօր հենց Մոսկվան Երևանին գազ է վաճառում շուկայականից ցածր գնով։

Հռոմի ստատուտը ստորագրել են 139 պետություններ, բայց համաձայնագիրը վավերացրել են ոչ բոլորը։ Տարածաշրջանի երկրներից Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը ստորագրել են այն, սակայն վավերացրել է միայն Վրաստանը՝ 2003-ի սեպտեմբերին։ Իսկ Ռուսաստանը 2016 թվականին չեղարկել է իր ստորագրությունը, երբ Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի գործողությունները Ղրիմում որակել է «օկուպացիա»։ Թուրքիան ու Ադրբեջանը չեն ստորագրել։

Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։