ԳլխավորՀայաստանս

Հայաստանի պատմամշակութային հուշարձանները. Զորաց քարեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Զորաց քարեր»Քարահունջ») բնակատեղի պատմամշակութային արգելոցը մեգալիթյան հուշարձան է, որը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս: Ժողովրդական բանավոր զրույցներում այն հիշատակվում է նաև Ցից քարեր տարբերակով, տեղացիների շրջանակ հուշարձանը հայտնի է նաև Ցից-ցից կամ Դիք-դիք քարեր անուններով:

Հուշարձանը որոշակի դասավորությամբ ուղղահայաց կանգնեցված տասնյակ քարերի մի համալիր է՝ տեղավորված 3 հեկտարից ավելի տարածության վրա: Ծովի մակարդակից բարձր է 1770 մետր:

Կառույցի բոլոր քարերը բազալտից են, մի մասի վրա կան անցքեր:

«Զորաց քարերը» Հայաստանի եզակի պատմամշակութային հնավայր է: Հիմնական կառույցի կենտրոնում առկա է քարարկղային դամբարան, որի դամբանախուցը հնում թալանվել է: Խցի հատակին պահպանված խեցու բեկորները վկայում են, որ կառույցը վերաբերում է Ք.ա. XV-XIV դարերին:

1931թ. հուշարձանի տարածքում ուղղահայաց կանգնած հսկայական քարերից մեկի տակ, պատահաբար, բացվել է դամբարան, որից հայտնաբերված նյութերի մի մասը պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում: Ըստ պահպանված այդ գտածոների ավերված դամբարանը վերաբերում է միջին բրոնզի շրջափուլին և թվագրվում Ք.ա. II հազարամյակի I քառորդով: Մոտավորապես նույն ժամանակաշրջանին է վերաբերվում նաև Զորաց քարերի մոտակայքում նշմարվող բնակատեղին, որի տարածքից հավաքված վերգետնյա տարբեր ժամանակների հնագիտական նյութերը վերաբերում են Ք.ա. III-I հազարամյակներին:

«Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է 50 հեկտար:

«Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է:

Հայաստանի կառավարության 2004թ. հուլիսի 29-ի N 1095 որոշման համաձայն, հուշարձանը կոչել են «Քարահունջ», ավելին՝ հուշարձանը պետական որոշմամբ հաստատված է որպես աստղադիտարան: Պետական որոշումը հաստատվել է 1990-ականների հետազոտող ակադեմիկոս Պարիս Հերունու կատարած պեղումների արդյունքում: