ԳլխավորԼուր

Ամենամեծ տարածքային կորուստները եղել են Ջերմուկի հատվածում

Հայկական ու ադրբեջանական դիրքեր

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական սադրանքի արդյունքում հակառակորդին հաջողվել է Վարդենիսի ուղղությամբ գրավել մի քանի մարտական դիրք, որոնք կարևոր չեն մարտավարական տեսանկյունից, սակայն կարևոր են ռազմավարական տեսանկյունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին Վարդենիսում հայտնեց օտարերկրյա դիվանագետներին՝ անդրադառնալով հարցին, թե այդ հատվածում ի՞նչ կորուստներ են եղել:

Մարտիկյանը նշեց, որ ամենամեծ տարածքային կորուստները եղել են Ջերմուկի հատվածում:

«Չենք կարող ասել, թե այստեղ տարածքային լուրջ առաջխաղացում են ունեցել, իրենց հաջողվել է մի քանի մարտական դիրք գրավել: Բայց այդ մարտական դիրքերը մարտավարական տեսանկյունից այդքան կարևոր չեն, ռազմավարական տեսանկյունից դրանք կարևոր են, քանի որ անմիջականորեն կախված են մեր բնակավայրերի վրա, կարողանում են որոշակի հսկողություն սահմանել մեր ճանապարհների, երթուղիների վրա: Եվ ամենակարևորը՝ իրենց ներկայությամբ հոգեպես և բարոյապես ճնշում են մոտակա գյուղերի բնակիչներին»,-ասաց ԳՇ պետի տեղակալը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմից կա 3 զոհ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործվել են նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմը սեպտեմբերի 16-ի դրությամբ ունի 135 զոհ։

Սեպտեմբերի 14-ի երեկոյան հրադադար է հաստատվել, որը վերջին օրերին պարբերաբար խախտվում է։

Սեպտեմբերի 23-ի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 133 (32, 95, 6) զինծառայողի մարմին, որոնք զոհվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով։

Ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: