ԳլխավորԼուր

Առանց ֆունդամենտալ գիտելիքի մրցունակ չենք լինի

Այն շրջանավարտները, որոնք ուզում են բուհում ՏՏ ոլորտային ֆակուլտետ ընդունվել, որպես կողմնորոշող գրականություն կարող են ընթերցել ծրագրավորող, դասախոս և փիլիսոփա Վահրամ Մարտիրոսյանի «Կրթությունը Հայաստանի  ՏՏ ոլորտում, կամ անկեղծ զրույց ուսանողների հետ» գիրքը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում հեղինակը նշեց՝ գիրքը նաև կօգնի այն ուսանողներին, ովքեր ոլորտային ֆակուլտետ են ընդունվել սպասելիքներով, որոնք չեն արդարանում։

«Գիրքը կարդալիս կհասկանան, թե ինչ է իրենց սպասվում, որպեսզի ճիշտ ակնկալիքներ  ունենան, որ չհիասթափվեն, դառնան իրենց պատկերացրած ծրագրավորողը։ 60-ից 80-ական թվականներին Երևանում և այլ քաղաքներում համակարգիչներ էին արտադրվում․ «Արագած», «Հրազդան», «Նաիրի»։ Ո՞վքեր էին արտադրում այդ համակարգիչները։ Բուհը հենց այդ մասնագետներին է պատրաստում։ Տալիս է ֆունդամենտալ գիտելիքներ։ Ուզում եմ, որպեսզի ուսանողը գիտակցի, որ եկել է բուհ, վերցրել է պարտավորությունն ու պատասխանատվությունը, որ վաղվա ՏՏ-ն իր ուսերի վրա է, և, եթե ինքը ճիշտ ձևով մոտենա ոլորտին մենք կունենանք այն ՏՏ-ն, որը մենք կարող ենք և պետք է ունենանք, երկիրն էլ մրցունակ կլինի ոլորտում։

Ուսանողը պետք է կարևորի ֆունդամենտալ կրթությունը։ Եթե մենք կորցնենք ֆունդամենտալ գիտելիքը, միայն կիրառական գիտելիքով մենք ոչ մի տեղ չենք գնա ու ոչ մեկին մրցակից չենք լինի»,- նշեց Մարտիրոսյանը։

Գրքի հեղինակն ավելի քան 20 տարի զբաղվում է ծրագրավորմամբ, դասավանդում է ԵՊՀ-ում, հիմնադրել է «ՄյուտԷքս» համակարգային ծրագրավորման դպրոցը։ Գիրքը գրելով՝ ցանկացել է լրացնել բուհական համակարգում առկա բացերը։ Մարտիրոսյանը ընդգծում է՝ ինքը ներսից է դիտարկում ուսումնական պրոցեսը և ավելի քան 20 տարի առաջացած իրավիճակները դիտարկման տակ է պահում։

«Եղած բացերը որպես խնդիր դիտարկելը այդքան էլ ճիշտ չեմ համարում. ես դրանք իրավիճակ եմ կոչում։ Եթե տան ազատություն, որ ուսանողներին դասախոսը ընտրի, մեկ կիսամյակի փոխարեն երկու կիսամյակ դասավանդվի տվյալ առարկան, հավանաբար նման իրավիճակ չենք ունենա։ Իրավիճակը համակարգային է։ Կա ուսումնական պլան, որի հետ պետք է հասցնենք»,-ասաց նա։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։