ԳլխավորՀայաստանս

Փետրվարյան ապստամբության օրն է

1921 թ. փետրվարի 18-ին Հայաստանում սկսվեց հակախորհրդային ժողովրդական շարժումը՝ Փետրվարյան ապստամբությունը։ Մեկնարկելով Բաշ-Գառնիից, Թալինից եւ Վայոց Ձորից՝ ապստամբությունը շուտով տարածվում է նաեւ Հայաստանի այլ շրջաններում։

Հայաստանի ռազմական հեղափոխական կոմիտեն որոշում է ընդունում խորհրդային կառավարության եւ բանակի ջոկատների հետ՝ 2 զրահագնացքով  նահանջել Ղամարլուի ուղղությամբ։ Նահանջի նախօրեին՝ լույս 17-ի գիշերը, բոլշեւիկները Երեւանի բանտում կացնահարում եւ գնդակահարում են մոտ 40 բանտարկյալների, այդ թվում՝ ռազմական գործիչներ Համազասպին եւ Մակեդոնին։

Երեւան են մտնում ապստամբ ուժերը, որոնք առաջին հերթին բանտից ազատում են կալանավորներին, այդ թվում՝ Հովհաննես Քաջազնունուն, Համո Օհանջանյանին, Նիկոլ Աղբալյանին, Լեւոն Շանթին։  Կազմավորում է  նոր կառավարություն՝ Հայրենիքի փրկության կոմիտեն (լուսանկարում)։ Այն գլխավորում է Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը։

Համաժողովրդական ապստամբությունը ճնշվում է 1921-ի ապրիլի 2-ին, երբ Վրաստանի տարածքից Հայաստան են վերադառնում Կարմիր բանակի ջոկատները։

Խմբապետ Մարտիրոսի «Իմ հիշելի հուշերը» գրքի ստորեւ ներկայացվող հատվածներում (վերցրված են Սառա Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից-խմբ.) ընդգծվում է ժողովրդի դժգոհությունը տիրող խորհրդային կարգերից։

«Վեց հարյուր եւ ավելի տարիներ գերությունից հազիվ ազատեցինք մեր պաշտելի Հայրենիքը: Մեր մեծ ընկերների, մեր հերոս պապերի համառ ու անընդհատ պայքարներով ու զոհաբերությամբ հազիվ կարողացանք ստեղծել մեր մանուկ հանրապետությունը: Ծնվեց նա հայ անբավ արյան ու չտեսնված հերոսությունների գնով ու հանկարծ այդ հրաշք ազատությունը մենք առանց ամաչելու ծախեցինք մի քանի հազար մերկ ու սովալլուկ մալականների, որոնք հիմա անպատկառորեն նստել են մեր խղճի ու ազատության վրա, բռնաբարում են մեր հայրենական, ընտանեկան, ազգային սրբությունները: Մեր զոհաբերող, հերոս, մտավորական, զինվորական բոլոր առաջնորդներին լցրել են բանտերը, որոնց անխուսափելի գնդակահարություն է սպասում…

«Սրանք մեր հոգին կերան, էլ փրկություն ու հանգիստ չունենք, քչով էլ չեն բավարարվում, ամեն ամիս գալիս չոքում են մեր կոկորդին ու պահանջում· «Տո′ւր, հա տո′ւր»: Հիմա էլ ամեն տնից մի խալվար ցորեն են պահանջում ու անասունների էլ մի քառորդը: Է′, ուրեմն, բաշգառեցին սաղ-սաղ թող գետնի տակը մտնի էլի, որ իր աչքերը բաց, իր քրտինքը տա լափելու: Չէ′, պրն Մարտիրոս, դանակը ոսկորին է հասել, է′լ համբերել չի լինի: Ուրիշ ճար չկա· միեւնույնն է՝ էս անամոթ իշխանությունը մեր տները քանդելու է· ուզածները տանք, սովից կկոտորվենք-չտանք՝ մեզ թոփ-թվանքի տակ են առնելու: Մենք որոշել ենք պատվով մեռնել, քան թե իբրեւ մուրացկաններ ոչնչանալ:

_ Դուք հասկանո՞ւմ եք, թե ի՞նչ եք ուզում: Ձեր ուզածն ապստամբություն է: Պատրաստ եղեք դրա համար պահանջված զոհաբերությունն անելու:
-Այո′, այո′, այո′, պրն Մարտիրոս, հրամայի′ր եւ մենք քո բոլոր հրամանները սրբությամբ կկատարենք: Ապացույց՝ մեր բոլոր զավակներն արդեն քո կազմած զորամասերում են եւ պատրաստ սպասում են քո հրամանին:

Կատարելապես համոզվեցի, որ այս ժողովրդի համբերությունը սպառվել է, եւ կարմիր իշխանությունը տապալելու համար նա պատրաստ է գերագույն զոհաբերության գնալու»: