Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը նշվում է ամեն տարի փետրվարի 15-ին՝ մանկական քաղցկեղի և քաղցկեղ ունեցող երեխաների ու դեռահասների, այդ հիվանդությունը հաղթահարածների և նրանց ընտանիքների առջև ծառացած եզակի մարտահրավերների մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար։
Ներկայացնում ենք «Հերացի» վերլուծական կենտրոնի անդրադարձը։
Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա այս տարվա թեման է «Ազդեցության ցուցադրում. մարտահրավերից դեպի փոփոխություն»։
2024-2026 թվականների արշավի այս վերջին տարին կենտրոնանում է խնամքի ոլորտում չափելի առաջընթացի ընդգծման, անհավասարության նվազեցման և մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային ապրելիության շոշափելի արդյունքների ցուցադրման վրա։
2018 թվականի սեպտեմբերին ԱՀԿ-ն հայտարարել էր նոր ջանքերի՝ ԱՀԿ մանկական քաղցկեղի դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության մասին, որի նպատակն է մինչև 2030 թվականը հասնել քաղցկեղով հիվանդ երեխաների առնվազն 60% ապրելիության մակարդակի` այդպիսով փրկելով ևս մեկ միլիոն կյանք: Այս նոր նպատակը կրկնապատկում է քաղցկեղով հիվանդ երեխաների համաշխարհային բուժման մակարդակը։
Նախաձեռնության գլխավոր նպատակը երկշերտ է. առաջին` բարձրացնել մանկական քաղցկեղի առաջնահերթությունը՝ համաշխարհային և ազգային մակարդակներում իրազեկվածության բարձրացման միջոցով, և երկրորդը` ընդլայնել երկրների կարողությունները՝ մանկական քաղցկեղի խնամքի լավագույն փորձը կիրառելու համար։
Ամեն օր ավելի քան 1000 երեխաների մոտ քաղցկեղ է ախտորոշվում։ Բարձր եկամուտ ունեցող երկրներում ապրող երեխաների ավելի քան 80%-ը հաղթահարում է հիվանդությունը։ Սակայն Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում և դրանից դուրս ապրող շատ երեխաների համար իրականությունը ցավոք այլ է` մահվան ելքով։
Քաղցկեղը երեխաների և դեռահասների մահվան հիմնական պատճառներից մեկն է: Մանկական քաղցկեղի ախտորոշումից հետո ողջ մնալու հավանականությունը կախված է այն երկրից, որտեղ երեխան ապրում է. բարձր եկամուտ ունեցող երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների ավելի քան 80%-ը բուժվում է, սակայն ցածր և միջին եկամուտ ունեցող շատ երկրներում՝ այդ թիվը 30%-ից պակաս է։
Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում գոյատևման ցածր մակարդակի հիմնական պատճառներն են՝
- ուշ ախտորոշման
- ճշգրիտ ախտորոշման անկարողություն
- անհասանելի թերապիա
- բուժման դադարեցում
- մահ թունավորումից (կողմնակի ազդեցություններ)
- կանխարգելելի կրկնություն (ռեցիդիվ, որից կարելի է խուսափել):
Մանկական քաղցկեղի բուժման, այդ թվում՝ անհրաժեշտ դեղամիջոցների և տեխնոլոգիաների հասանելիության բարելավումը խիստ ծախսարդյունավետ է, իրագործելի և կարող է բարելավել ապրելիությունը բոլոր պայմաններում։
Վաղ հայտնաբերման դեպքում քաղցկեղն ավելի հավանական է, որ կարձագանքի արդյունավետ բուժմանը և կհանգեցնի ապրելիության ավելի մեծ հավանականության, դժվարությունների նվազեցման, ինչպես նաև հաճախ ավելի էժան և պակաս ինտենսիվ բուժման: Քաղցկեղով երեխաների կյանքում կարելի է զգալի բարելավումներ կատարել՝ քաղցկեղը վաղ հայտնաբերելով և խնամքի ուշացումներից խուսափելով: Ճիշտ ախտորոշումը կարևոր է քաղցկեղով երեխաների բուժման համար, քանի որ յուրաքանչյուր քաղցկեղ պահանջում է բուժման հատուկ ռեժիմ, որը կարող է ներառել վիրահատություն, ճառագայթային թերապիա և քիմիաթերապիա:
Վաղ ախտորոշումը բաղկացած է երեք բաղադրիչներից՝
- ընտանիքների և առաջնային օղակի բժիշկների կողմից ախտանիշների մասին իրազեկվածություն,
- ճշգրիտ և ժամանակին կլինիկական գնահատում, ախտորոշում և փուլավորում (քաղցկեղի տարածման աստիճանի որոշում),
- արագ բուժման հասանելիություն։
Մանկական քաղցկեղը կապված է մի շարք նախազգուշական ախտանիշների հետ, ինչպիսիք են ջերմությունը, ուժեղ և կայուն գլխացավերը, ոսկրային ցավը և քաշի կորուստը, որոնք կարող են հայտնաբերվել ընտանիքների և որակավորված առաջնային օղակի մասնագետների կողմից:
Վաղ ախտորոշումը կարևոր է բոլոր պայմաններում և բարելավում է բազմաթիվ քաղցկեղների ապրելիության ցուցանիշը: Վաղ և ճիշտ ախտորոշումը խթանող ծրագրերը հաջողությամբ իրականացվել են բոլոր եկամտային մակարդակների երկրներում, հաճախ կառավարությունների, քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների համատեղ ջանքերի շնորհիվ, որտեղ կարևոր դեր են խաղում ծնողական խմբերը:
Ըստ 2025թ.-ի ԱԱԻ տարեգրքի տվյալների`ՀՀ-ում կյանքում առաջին անգամ ախտորոշված ՉՆ պացիենտների սեռատարիքային բաշխվածության, 2024 թվականին մինչև 18 տարեկան երեխաների մոտ ախտորոշվել է քաղցկեղի 133 դեպք, որից 69-ը տղաների, իսկ 64-ը աղջիկների մոտ:
Իգական սեռի երեխաների մոտ առավել տարածված են եղել քաղցկեղի հետևյալ տեսակները` կրծքագեղձի, ձվարանի, լյարդի և ներլյարդային ուղիների, իսկ արական սեռի մոտ` շագանակագեղձի, շնչուղիների, բրոնխների, թոքի և լյարդի ու ներլյարդային ուղիների:
Համեմատելով 2024թ.-ին 0-14 և 15-17 տարիքային խմբի երեխաների մոտ ախտորոշված ՉՆ դեպքերը 2010, 2015, 2020, 2023թթ.-ին արձանագրված դեպքերի հետ` կարող ենք եզրակացնել, որ գրանցվել է դեպքերի աճ, որն առավել ակնհայտ է 15-17 տարեկանների խմբում` մասնավորապես 2010 թվականին արձանագրված դեպքերի ցուցանիշը, 100.000 բնակչի հաշվով, կազմել է 46.0, իսկ 2024թ.-ին ցուցանիշը եղել է 146.0, որը 3 անգամ գերազանցում է 2010թ.-ի ցուցանիշին:
Պատկերը գրեթե նույնն է 0-14 տարեկանների խմբում. 2024 թվականին գրանցված դեպքերի ցուցանիշը 100.000 բնակչի հաշվով կազմել է 18.7, 2023թ.-ին 8.7, իսկ 2010թ.-ին 9.8:
Ելնելով վիճակագրական տվյալներից պետք է նշենք, որ 2010թ.-ին գրանցված 9.8 ցուցանիշը մոտ 1.9 անգամ բարձրացել է 2024թ.-ին` դառանլով 18.7, և հատկանշական է 2023 և 2024թթ.-ի ընթացքում, այսինքն մեկ տարում գրանցված աճը` մասնավորապես 2023թ.-ի ցուցանիշը` 8.7-ը, կրկնապատկվել է 2024թ.-ին` դառնալով 18.7, որն անհանգստության և մտահոգության առիթ է ստեղծում:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



