ԳլխավորԼուր

ԵՊՀ-ն հրատարակել է քրդերենի և թալիշերենի բուհական նոր դասագրքեր

Հակոբ Ավչյան, Վարդան Ոսկանյան, Թերեզա Ամրյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոսները հրատարակել են քրդերենի և թալիշերենի նոր դասագրքեր, որոնք նպատակաուղղված են զարգացնելու ուսանողների մասնագիտական հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով առավել համակարգված ուսումնասիրելու լեզուները, ինչպես նաև տեսական գիտելիքները կիրառելու գործնականում:

Քրդերենի բուհական ձեռնարկի հեղինակներն են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի աշխատակից, պ.գ.թ., դոցենտ Թերեզա Ամրյանը:

Թալիշերենի բուհական ձեռնարկի հեղինակներն են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը և  ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի աշխատակից, բ.գ.թ., դոցենտ Հակոբ Ավչյանը:

Ինչո՞ւ ստեղծվեցին դասագրքերը. պատմում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., պրոֆեսոր, գրքերի համահեղինակ Վարդան Ոսկանյանը։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը Հայաստանում, հետխորհրդային տարածաշրջանում և Եվրոպայում գործող իրանագիտական այն բացառիկ կենտրոններից է, որտեղ դասավանդվում է թալիշերեն: Այսինքն՝ աշխարհում չկա ակադեմիական որևէ այլ հաստատություն, որտեղ համակարգային կերպով ուսումնասիրվում է թալիշերենը:

Այս համատեքստում խիստ կարևոր է լեզվաբանական կարևոր հարցերը մեկտեղող դասագրքի առկայությունը:

Անդրադառնալով քրդերենի դասագրքի ստեղծմանն ու հրատարակմանը՝ նշեմ, որ Հայաստանը և ԵՊՀ-ն մշտապես եղել են քրդագիտության ուսումնասիրության և զարգացման կարևոր կենտրոն: Նոր դասագրքի լույսընծայումը կարծես այս «առաքելության» տրամաբանական շարունակությունն է:

Քրդերենի բուհական դասագիրք
Քրդերենի բուհական դասագիրք

ԵՊՀ-ն այն բացառիկ ակադեմիական հաստատությունն է, որտեղ թալիշերենը և քրդերենը դասավանդվում են համաժամանակյա ձևով:

Հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ այս լեզուները տարածված են մեր հարևան պետություններում, և հետևաբար խրախուսելի է ունենալ այս լեզուներին լիարժեք տիրապետող մասնագետներ, որոնք կարող են աշխատել թե՛ ակադեմիական, թե՛ կիրառական դաշտում: Քրդերենն ու թալիշերենը մեր տարածաշրջանի կարևոր լեզուներից են:

Այս դասագրքերի ստեղծումն առաջին հերթին, իհարկե, միտված է աջակցելու մեր գիտնականներին, ուսանողներին, ինչպես նաև լեզուն ուսումնասիրողներին: Այն կարևոր է նաև որպես ազգային ինքնության պահպանման միջոց բազմաթիվ բռնաճնշումների ենթարկվող երկու ժողովուրդների՝ քրդերի և թալիշների համար, և սա է նաև պատճառը, որ քրդերի և թալիշների կողմից ստացել և շարունակաբար ստանում ենք բազմաթիվ դրական արձագանքներ:

Ի՞նչ է առաջարկում քրդերենի նոր դասագիրքը. պատմում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի աշխատակից, պ.գ.թ., դոցենտ, գրքի համահեղինակ Թերեզա Ամրյանը

Քրդերենն ունի երկու մեծ բարբառախումբ՝ կուրմանջի և սորանի, որոնցից առաջինը երկար տարիներ որպես իրանական երկրորդ լեզու դասավանդվել է ԵՊՀ-ում: Սակայն մինչև այժմ չունեինք բուհական դասագիրք, որը կհեշտացներ ուսուցման գործընթացը՝ առաջարկելով ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև խոսելու, հաղորդակցվելու հմտություններ: Առաջադրված խնդիրները լուծելու նպատակով ստեղծեցինք դասագիրք, որը, անշուշտ, օգտակար կլինի թե՛ ուսանողների, թե՛ լեզուն ուսումնասիրողների համար:

Քրդերենի դասագրքի առաջին հատորն արդեն իսկ գործածության մեջ է, ավարտին ենք հասցրել նաև գրքի երկրորդ հատորը:

Առաջին հատորում ներկայացված են որոշ խոսքի մասեր, բայի մեկ ժամանակաձև և այլն: Գրքում զետեղված են հիմնական այն դրույթներն ու կանոնները, որոնք անհրաժեշտ են լեզուն սովորելու, յուրացնելու համար: Երկրորդ հատորում ամբողջական են դառնում բայի բոլոր ժամանակաձևերն ու խոսքի մասերը: Դասագրքում տեղ են գտել նաև ուղեկցող տեքստային հատվածներ, քերականական գիտելիքներն ու բառապաշարը հարստացնող վարժություններ:

Քրդերենի ուսումնասիրությունն արդիական է նրանով, որ լեզուն ուսումնասիրելը կարող է դառնալ ոչ միայն նոր հնարավորությունների միջոց լեզվաբանության, այլև մարդաբանության, ազգագրության տիրույթում:

Հավելեմ, որ դասագրքի ստեղծումը թեկուզ առավել բարդ, սակայն հետաքրքիր ու պատասխանատու գործընթաց էր։ Շատ ուրախ եմ կատարված աշխատանքի մասնակիցը լինելու համար:

Ինչո՞ւ ուսումնասիրել թալիշերենը, ո՞րն էր դասագրքի ստեղծման շարժառիթը. պատմում է բ.գ.թ., ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դոցենտ, գրքի համահեղինակ Հակոբ Ավչյանը

Թալիշերենը ԵՊՀ իրանագիտության ամբիոնում դասավանդվում է դեռևս 2015 թվականից, և թերևս հենց այդ ժամանակից էլ անհրաժեշտություն կար ստեղծելու բոլոր նյութերը մեկտեղող դասագիրք:

Թալիշերենի բուհական դասագիրք
Թալիշերենի բուհական դասագիրք

Հպարտությամբ փաստեմ, որ սա թալիշերենի առաջին բուհական դասագիրքն է ամբողջ աշխարհում: Այն դեռևս հասանելի է միայն հայերեն տարբերակով, սակայն աշխատում ենք նաև անգլերեն տարբերակի ստեղծման ուղղությամբ, որի շնորհիվ դասագիրքը հասանելի կդառնա աշխարհի տարբեր գիտական կենտրոններում՝ իրանական լեզուներով, հատկապես թալիշերենով զբաղվող մասնագետների համար:

Գիրքը կազմված է մեկ հատորից. 27 դասով ներկայացվում է լեզվի քերականությունն իր բոլոր ենթաբաժիններով:

Դասագրքի նպատակն է ուսանողին հնարավորություն ընձեռել ինքնուրույն ընթերցելու միջին բարդության տեքստեր, մամուլի հայտարարություններ, թալիշական հեքիաթներ և այլն:

Մյուս կարևոր նպատակն է թալիշերենը դարձնել ուսումնասիրության նյութ, քանի որ, ցավոք սրտի, թալիշերենի ուսումնասիրությամբ ամբողջ աշխարհում զբաղվում են քիչ հետազոտողներ:

Թալիշերենի ուսումնասիրությունը կարևոր է նաև իրանական լեզվաբանությամբ զբաղվող ցանկացած հետազոտողի համար, քանի որ լեզվի քերականության մեջ պահպանվել են մի շարք եզակի դրույթներ, որոնք կարող են բանալի դառնալ իրանական մյուս լեզուները հասկանալու համար:

Հավելենք, որ դասագրքերի քրդական և թալիշական հատվածները խմբագրել են լեզվակիր գիտնականները, ինչը ոչ միայն կարևոր է լեզվական ճշգրտությունը պահպանելու, այլև գիտության ոլորտում երկու ժողովուրդների համագործակցության ամրապնդման տեսանկյունից: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում դասավանդումն արդեն կազմակերպվում է նոր դասագրքերով: