Բուհերը պետք է մրցակցեն միջազգային ասպարեզում ընդունված չափանիշներով, հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ին կազմակերպած «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
ԱԺ քննարկմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը:
Նախարարի խոսքով՝ համալիր միջոցառումների արդյունքում շուրջ 7600 օտարերկրյա ուսանողների թիվը 2030 թ. առնվազն կկրկնապատկվի:
Մասնագիտական և բարձրագույն կրթական համակարգում նախատեսվում է բարձր առաջադիմություն ցուցաբերող սոցիալապես անապահով ուսանողներին պետական կրթաթոշակների տրամադրում և փոխհատուցում՝ բացառելով վճարունակ չլինելու պատճառով բուհից դուրս մնալու դեպքերը:
Նախարարը նշել է, որ արվեստի, գեղարվեստի, երաժշտական և սպորտային դպրոցները, մանկապարտեզները, զարգացման կենտրոնները կունենան գործունեության միասնական չափորոշիչներ:
Քննարկման ընթացքում խոսվել է ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ռեեստրի ստեղծման մասին: Կարևորվել է մեծահասակների կրթության հնարավորությունների շարունակական զարգացումը: Ծրագիրը նաև նախատեսում է, որ ընդլայնվելու են հայեցի կրթություն ստանալու աշխարհասփյուռ հայության հնարավորությունները:
Հարցուպատասխանի ձևաչափում, ինչպես նաև ելույթների ընթացքում ոլորտի մասնագետներն անդրադարձել են բուհերի մրցունակության բարձրացմանն ուղղված քայլերին ու վարկանիշավորման գործընթացին: Անդրադարձ է եղել դպրոցներում հետազոտական աշխատանքների իրականացման կարևորությանը, նախագծային կրթության անհրաժեշտությանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթության մատչելիությանն ու հասանելիությանը, բուհերի լիցենզավորման պահանջների վերանայման նպատակահարմարությանը:
Նախարարը փաստել է, որ բուհերը պետք է մրցակցեն միջազգային ասպարեզում ընդունված չափանիշներով: Միջազգային չափորոշիչներին համապատասխանելու առումով Վահրամ Դումանյանը կարծիք է հայտնել, որ պետք է բուհի շենքը կառուցելու չափանիշներն էլ փոխվեն: Խոսելով բուհերի հավատարմագրման և լիցենզիայի համար անհրաժեշտ պայմանների մասին՝ նա նշել է, որ այս գործընթացում հաջորդական քայլեր պետք է իրականացվեն՝ միտված ոլորտը քայլ առ քայլ բարելավելուն:
Կարևորվել է ավագ դպրոցում և բուհում աշխատանքային իրավունքներին ու հարաբերությունների առանձնահատկություններին վերաբերող դասընթացների կազմակերպումը:
Անդրադարձ է եղել բուհերի խոշորացման նպատակահարմարությանը, գործընթացի թափանցիկությանը: Կարծիք է հնչել, որ խնդիրը պետք է լինի համակարգի առողջացումը, իսկ բուհերի խոշորացմամբ հարցը չի լուծվելու, ուստի որոշակի ժամանակ է պետք՝ իրավիճակը գնահատելու և լուծումներ գտնելու համար:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների, բուհերի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ: