Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով դպրոցական գույքի ստանդարտի մասին, նշեց Արարատի մարզի Դեղձուտ համայնքի դպրոց իր այցի մասին: «Սա այն պարզ օրինակներից է, որտեղ այս դահլիճում ամենաոսկեղենիկ հայերենով գրված որոշումները դեռևս չեն նշանակում, որ տեղի է ունենում դրանց ոսկեղենիկ իրագործում: Մենք բոլորս՝ նախարարները, գերատեսչությունների ղեկավարները անընդհատ գնանք, անձամբ նայենք»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց՝ գույքի ստանդարտներն այսօր բացարձակ գոհացուցիչ չեն՝ շեշտելով, որ չպետք է համակերպվել դրա հետ:
«Երեխաները պետք է ստանան հնարավոր լավագույն դպրոցը՝ հնարավոր լավագույն գույքով, հնարավոր լավագույն ծրագրով, հնարավոր լավագույն ուսուցիչներով ու միջավայրով: Եթե որևէ դպրոց մեր ստանդարտին որակով չհամապատասխանի, ես չեմ ասելու՝ եկեք տեսնենք, թե ոնց ենք այս հարցը լուծում: Պետք է գնանք մեր ձեռքով այդ դպրոցը քանդենք մինչև հիմքերն ու կառուցենք նորը»,-ասաց վարչապետը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ գույքի ստանդարտներն այս տարի ամբողջությամբ վերանայել են: Ընթացիկ վերահսկողության բարելավման կարիք նախարարը ևս տեսնում է: Իսկ ինչ վերաբերում է Դեղձուտի դպրոցին, նա ասաց, որ առանձին գործընթաց է գնում, որի մասին ինքը կտեղեկացնի վարչապետին:
Մանրամասները՝ տեսանյութերում։