Այսօր լրանում է հայ պետական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի 140-ամյակը։ Այդ կապակցությամբ ներկայացնում ենք Հայաստանի Ազգային գրադարանի հաղորդագրությունը։
«…Ամեն օր, առավոտյան ժամը 8-ից սկսվում էր գրադարանի աշխատանքային օրը և շարունակվում էր մինչև գիշերվա ժամը 23։30-ը։ Գրադարանն ունի աշխատանքի կայուն օրեր ու ժամեր, որոնք հայտնի են բոլոր ընթերցողներին»։
Այս տողերը փաստում են, որ գրադարանն իր ծաղկման շրջանում գործել է արտակարգ ծանրաբեռնվածությամբ՝ սպասարկելով հարյուրավոր ընթերցասերների վաղ առավոտից մինչև ուշ գիշեր։
Այդ տարիներին խոսքը Ալեքսանդր Մյասնիկյանի անվան Երևանի Պետական Հանրապետական գրադարանի մասին էր։ Հարկ է հիշեցնել, որ 1946 թվականից մինչև 1990 թվականը մեր երկրի գլխավոր գրադարանը հպարտությամբ կրել է մեծանուն պետական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի անունը։
Ազգային գրադարանում է պահվում Ալեքսանդր Մյասնիկյանի անձնական գրադարանը։ Մյասնիկյանի անհատական հավաքածուն պարունակում է 6707 միավոր գրականություն: Մյասնիկյանի գրադարանը և նրա որոշ անձնական իրեր գրադարանին է փոխանցվել Մյասնիկյանի մահից հետո՝ 1925 թվականի հուլիսին:
Արխիվային արձանագրության մեջ կարդում ենք. «27 հուլիսի 1925 թ. հանրային գրադարանի վարիչ Եր. Թաղիանոսյանի, նրա օգնական Հմայակ Վարունցյանի և գլխավոր վերահսկիչ Գեղամ Իսահակյանի ներկայությամբ ստացվեց Թիֆլիսից Ալ. Մյասնիկյանի գրադարանը՝ ամփոփված քսանչորս արկղերի մեջ (և գրադարանի կարասիները՝ տասնինը կտոր)»:
Այսօր, երբ նշում ենք Մյասնիկյանի ծննդյան 140-ամյակը, այս պատմական քաղվածքը ևս մեկ անգամ հիշեցնում է այն մեծ դերի մասին, որն ունեցել է նրա անվան կրթօջախը հայ մտավորականության կյանքում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



