ԳլխավորՓորձադաշտ

Մի փաթիլ ամանորյա ցանկություն

Ձյունը ամենուրեք էր՝ ոտքերի տակ՝ ճռճռացող, մայթերին ու մեքենաների վրա, շենքերի պատերին, տանիքներին ու դրանից էլ վերեւ, քանի որ շարունակում էր գալ։ Ու փաթիլները մերթ գովազդային լույսերի պես դանդաղ-հավասար՝ իջնում էին գետնին, մերթ հանկարծակի քամու ներկայությունից խրտնած՝ թավալվում էին լապտերների լույսերի տակ։

Փողոցներում հատուկենտ էին մարդիկ, ու հասկանալի էր. 2 ժամից նոր տարին էր գալու, ու բոլորը կամ գրեթե բոլորը իրենց տներում էին՝ ջերմ ու պայծառ լույսերով ողողված, որտեղ հեռուստացույցի ձայնը մրցում էր խոհանոցից լսվող սպասքեղենի թխկոց-շխկոցի, տնեցիների՝ սովորականից բարձր ուրախ ձայների ու նույնիսկ՝ կրկին խոհանոցից տարածվող համեղ բույրերի հետ։

Մենակ մի մարդ էր քայլում Քաղաքում՝ հանգիստ, անշտապ, քանի որ տեղ չուներ շտապելու, ու գնում էր ոչ մի տեղ։ Թվում էր, թե ոչ միայն Քաղաքում, այլեւ ողջ Աշխարհում էր ձյուն տեղում, ու ձնածածկ այդ աշխարհում միայն մեկն էր քայլում աննպատակ՝ տոնական եռուզեռից հեռու,մտքում՝ պատկերներ անցած-գնացած նոր տարիներից եւ մի մաղթանք-ցանկություն, որ երազանքի պես պտտվում էր օդում՝ ճռճռացող քայլերի ռիթմին հավասար. «Թող բոլորի տներում ընտանիքի անդամներից ոչ ոք չպակասի տոնական սեղաններից»։

Usanogh.am

Comment here