Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ հարկավոր է գործողություններ ձեռնարկել, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է լիբանանահայ մոլեկուլային կենսաբան, բժշկագիտության ոլորտի նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանը:
«Հարկավոր է, որ միջազգային հանրությունն ուշադրություն դարձնի հայերի դեմ Ադրբեջանի կառավարության անմարդկային գործողություններին: Շատերն են քննադատել Լաչինի շրջափակումը, սակայն պետք է գործողություններ ձեռնարկել», — գրել է Պատապուտյանը։
Նշենք, որ Պատապուտյանը 2022-ի ամռանը Հայաստան էր ժամանել «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում: Նա այդ ժամանակ իր նոբելյան մրցանակը նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին։
We need the international community to pay attention to Azerbaijani government’s inhumane actions against Armenians. Many have condemned the blockade but action is needed. @MikeLevin @RepAdamSchiff https://t.co/DkP0ZzqbcM
— Ardem Patapoutian (@ardemp) January 15, 2023
Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Այն վերականգնվել է դեկտեմբերի 16-ին։
Հունվարի 12-ին էլ ինտերնետ ու բջջային կապն էր անջատվել Արցախում։ Մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանցիները։ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել էր մեկնել վթարի վայր ու հունվարի 13-ին վերականգնել կապը։
Ճանապարհը շարունակում է փակ մնալ։