ԳլխավորԼուր

Ես չեմ գրում Pray for Beirut, ես գրում եմ «Ձեռք առ Բեյրութ». Վարուժան Ավետիքյան

Խոսելով բազմաթիվ բեյրութահայերի հետ, ակնհայտ է դառնում, որ Բեյրութում տիրում է ծայրահեղ հուսահատություն: Հույսի կորուստն ամենացավալին ու վտանգավորն է, ֆեյսբուքյան էջում գրել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

«Այո, մարդկային կյանքի կորուստը ամենածանրն է, բայց նվազ ծանր չէ մարդկանց կացարանների ու եկամուտի աղբյուրների կորուստը: Իսկ մեր հայրենակիցները դրանք մեծ մասամբ կորցրել են (ըստ որոշ հաշվարկների՝ 40%-80%):

Ես չեմ գրում Pray for Beirut: Աղոթելը հենց այս պահին հարց չի լուծի: Ես գրում եմ «Ձեռք առ Բեյրութ»: Իհարկե լավ է, որ հայոց կառավարությունը շուտափութ մարդասիրական օգնություն է կազմակերպել, բայց նաև պետականություն ունենալու ողջ հմայքն այն է, որ մենք կարող ենք գրկաբաց ընդունել մեր հայրենակիցներին ու նաև լիբանանցի հյուրընկալ ժողովրդին այնպես, ինչպես Բեյրութն է 1915 թվականի ջարդերից հետո ընդունել փոքրիկ Դանիելին ու տասնյակ հազարավոր այլ հայերի: Մենք բախտավոր ենք, քանզի ունենք այդ պետականությունը:

Կոչիս համահունչ հայտնում եմ, որ պատրաստ եմ Լիբանանից մինչև 3 ներգաղթյալների ապահովել աշխատանքով ու մեկ տարի ժամկետով անհատուց տրամադրել Սարյան փողոցի վրա գտնվող բնակարանս` մինչև մարդիկ կկարողանան ոտքի կանգնել:

Կոչ եմ անում նաև ԱԳՆ-ին ու Սփյուռքի գործերով հանձնակատարին հավաքագրել ու գույքագրել բոլոր նմանատիպ առաջարկություններն ու շուտափույթ կազմակերպել հուսահատված մարդկանց հյուրընկալումը:

105 տարի անց մեր հերթն է եկել»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։

Comment here