Փորձագետները կարծում են, որ եթե կորոնավիրուսի պանդեմիան երկար շարունակվի կամ երկրորդ ալիք ունենա, մարդկանց վարքում այնպիսի փոփոխություններ կլինեն, որ մի քանի ամիս առաջ անհնար էր նույնիսկ պատկերացնել։
Ամեն դեպքում՝ բոլորը միակարծիք են. համաճարակի ավարտից հետո աշխարհն այլեւս նախկինը չի լինի։
Փակ սահմաններ
Գլոբալիզացիայի գաղափարը նոր հակառակորդներ ձեռք կբերի. տարբեր երկրների բազմաթիվ բնակիչներ կցանկանան առանձնանալ արտաքին աշխարհից, ապահովել իրենց, հարազատների եւ բնակարանների անվտանգությունն այն ամենից, ինչը հավանական սպառնալիք է պարունակում։
Եվրոպան առանձնապես կտուժի պանդեմիայից։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես են բաց սահմաններով Եվրոպայի հակառակորդները համաճարակի տարածման համար մեղադրելու օտարերկրյա զբոսաշրջիկներին եւ ներգաղթյալներին։
Փող
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, թղթադրամնրի վրա կորոնավիրուսը կարող է պահպանվել մի քանի օր։
Փետրվարին Չինաստանը հայտարարել էր, որ կոչնչացնի եւ կախտահանի կանխիկ փողը հիվանդանոցներում, ավտոբուսներում եւ համաճարակից առավել տուժած բնակավայրերի շուկաներում։
Մարդիկ աստիճանաբար ավելի շատ կնախընտրեն անկանխիկ գործարքները։ Ըստ փորձագետների, հեռու չէ այն օրը, որ պետությունները մեկը մյուսի հետեից ամբողջովին կհրաժարվեն կանխիկ դրամի գործածությունից։
Զվարճանք
Զվարճանքի եւ հանգստի ոլորտում լրջագույն փոփոխություններ են սպասվում։ ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) կանխատեսմամբ՝ 2020 թվականին միջազգային զբոսաշրջիկների թիվն անցած տարվա համեմատ կկրճատվի 20-30 տոկոսով, իսկ եկամուտները կնվազեն 300-450 միլիարդ դոլարով։ Կկրճատվեն միլիոնավոր աշխատատեղեր։
Կինոթատրոնների անգործությունն ու նոր նախագծերի նկարահանումների հետաձգումը կինոարդյունաբերությանը եւս միլիարդավոր դոլարների վնաս կհասցնի։
Բազմաթիվ խնդիրների ու կրճատումներ կատարելու անհրաժեշտության առջեւ կհայտնվեն երաժշտական բնագավառի ներկայացուցիչնեը, ռեստորանային բիզնեսը, զվարճանքի կենտրոնները։
Սովորույթներ
Համաճարակից հետո մարդիկ կխուսափեն փակ տարածքներում կուտակումներից։ Թանգարաններում սահմանափակումներ կմտցնեն միաժամանակյա այցելությունների վրա՝ հերթերից խուսափելու համար, կինոդահլիճներում եւ թատրոններում ավելի մեծ տարածություններ կստեղծեն նստատեղերի միջեւ։ Դա կազդի եկամուտների վրա, բայց եւ որոշ չափով կվերադարձնի հանդիսատեսներին։ Կլինեն մարդիկ, ովքեր ընդհանրապես կանցնեն համացանցային դիտումներին։
Դե իսկ համերգներն ուղիղ եթերում արդեն այսօրվա իրականության մաս են կազմում, եւ դա մեծ հնարավորություններ է բացում նորելուկ արտիստների համար։
usanogh.am
Ըստ koresspondent.net-ի
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։