ԳլխավորԼուր

ԵՊՀ գիտխորհուրդը հաստատել է առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգերը

Երևանի պետական համալսարան, ԵՊՀ

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի առցանց նիստը, որում ներառված էին 6 հիմնական և մի շարք ընթացիկ հարցեր:

ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը ԵՊՀ գիտխորհրդի անդամների հաստատմանն ներկայացրեց 2021-2022 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգերը: Պրոռեկտորը նշեց, որ ընդունելության համար դիմորդների փաստաթղթերը երկու փուլերի ընթացքում էլ ընդունվելու են առցանց եղանակով. «Նախորդ տարի փորձարկել ենք փաստաթղթերի առցանց ընդունելու հնարավորությունը, որը բավականին հաջող է ընթացել»:

Առաջին փուլում փաստաթղթերն ընդունվելու են հունիսի 1-ից հուլիսի 1-ը, իսկ քննությունները կկազմակերպվեն հուլիսի 5-ին և 6-ին: Երկրորդ փուլում դիմորդները փաստաթղթերը ներկայացնելու հնարավորություն կունենան հուլիսի 12-ից մինչև օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում, իսկ քննությունները կանցկացվեն ընթացիկ տարվա օգոստոսի 26-ին և 27-ին:

ԳԽ ՈԱ մշտական հանձնաժողովի նախագահ Էմիլ Գևորգյանն էլ ներկայացրեց  մագիստրոսական 8 նոր կրթական ծրագրերը, որոնք առաջարկել են  Միջազգային հարաբերությունների (3), Փիլիսոփայության և հոգեբանության (2), Ռադիոֆիզիկայի ֆակուլտետներն ու Ֆարմացիայի ինստիտուտը:

Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում պիլոտային ծրագրի մեկնարկի մասին հաղորդեց ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը: Պիլոտային ծրագրի հիմնական նպատակն է մասնագիտական  որոշ դասընթացներում ներմուծել ինքնուրույն աշխատանք, որը հատ առ հատ ստուգվելու է դասախոսի կողմից, իսկ ուսանողը դրա համար կստանա առավելագույնը 3 կրեդիտ:

«Կիսամյակի ընթացքում ուսանողին կհանձնարարվի 8 ինքնուրույն աշխատանք, որը դասախոսին կներկայացվի տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով: Ուսանողը մինչև եզրափակիչ քննության ներկայանալը հնարավորություն կունենա վաստակելու առավելագույնը 3 կրեդիտը: Այսինքն, եթե կիսամյակի ընթացքում ուսանողը չկատարի տնային առաջադրանքը, քննությանը չի կարողանա հավաքել 10 կրեդիտ»,- պարզաբանեց Արթուր Սահակյանը:

Օրակարգային բոլոր հարցերն էլ ԵՊՀ գիտխորհրդի անդամների մեծամասնության կողմից արժանացան դրական գնահատականի և հաստատվեցին:

Comment here