Ներկայացնում ենք հատվածներ հայ պատմաբան, գրող, գրականագետ, հրապարակախոս Լեոյի (Առաքել Բաբախանյան, ապրիլի 26 (մայիսի 8), 1860 — նոյեմբերի 14, 1932) «Անցյալից» ստեղծագործությունից։
Երկու խոսք
Այս գործի ամենագլխավոր աղբյուրը կազմում են իմ անձնական հիշողությունները։
Ես շատ ապրեցի։ Իմ ապրածների մի մասն է, որ այժմ տալիս եմ այս գրքի մեջ։ Ամենակարևոր մասը, որ իհարկե ըստ իմ հասկացողության պիտի պատմի ընթերցողիս, թե ինչպես էր, որ գրեթե կես դար առաջ Հայոց հարց ծնվեց և ինչպես էր, որ այդ հարցի հետևանքով բնաջինջ եղավ թուրքահայ ժողովուրդը և իսպառ ջնջվեց Թուրքաց Հայաստան աշխարհագրական անունը։
Ես, ուրեմն, պիտի պատմեմ մեծագույնն այն աղետներից, որոնք երբևիցե վիճակվել են հայ ժողովրդին։
Հայոց հարցը, եթե ոչ ամբողջովին, գոնե իր ամենախոշոր մասով այն սերնդի գործն էր, որին պատկանում եմ և ես։ Վերջին տարիներիս, երբ նա խորտակվում էր այնքան ահռելիորեն, ես շատ անգամ էի լսում իմ սերնդակիցներից.
― Երանի՜ նրանց, որոնք մեռան միամտության մեջ, հավատալով, թե Հայոց հարցը պիտի լուծվի հայ ժողովրդի երջանկության համար… Ինչո՞ւ ես էլ չմեռա, որ չտեսնեի այս օրը…
― Հեր օրհնված,- մտածում էի ես,- մեր կանաչ ու ալվան սարերը հո՞ սև չէին հագնի, թե դու էլ, մի թշվառ միավոր, ավելանայիր այն տասնյակ միլիոն դիակների վրա, որոնցով մարդկությունը պարարտացրեց պատերազմի Մողոքի որկորը 1914 թվականից սկսած։
Ինքս բոլորովին այդպես չէի մտածում։ Եթե մահն ինձ մոռացել է, այդ պատահականությանը ես ամենից առաջ այն եմ պարտական, որ տեսնում եմ այսօրվա օրը, երբ ամեն ինչ պարզված է վերջնականապես և անդառնալիորեն։ Իսկ այս բոլորովին անխորհուրդ մի առավելություն չէ, որ տվել է ինձ ճակատագիրը։ Ներկայումս կատարվում է և սերունդների փոփոխություն։ Մենք հեռացել ենք, մեջտեղ կանգնել են նորերը։ Այս միանգամայն բնական է և մարդկային։ Յուրաքանչյուր սերունդ իր ժամանակի տերն ու տնօրենն է. անում է այն, ինչ լավ է համարում. ստեղծագործում է այնպես, ինչպես ինքն է ըմբռնում։ Թե ինչ կասի արդեն իր դիրքերի տերը դարձած [հաջորդ] սերունդը, այդ նրա՛ գիտնալու բանն է։ Մեզ՝ հնացածներիս, մնում է մի պարտք՝ ճանաչել, հաշիվ տալ նոր սերնդին ու այդպե՛ս հեռանալ ասպարեզից։
Ահա՛, ես էլ, իբրև մի անհատ, ուզում եմ իմ պարտքը կատարել։
Կամենո՞ւմ եք դուք իմանալ մեր որպիսությունն այն ժամանակ, երբ մենք էինք տերն ու տնօրենը, երբ մենք դրություններ և հոսանքներ էինք ստեղծում և կյանքը մեր մտապատկերներին, մեր կառուցվածքներին ենթարկում։ Կամենո՞ւմ եք դուք իմանալ մեր արատներն ու առաքինությունները, մեր «Այո»-ն և «Ոչ»-ը, մեր սխալները, մեր ոճիրները։
Համեցե՛ք։
Ես կտամ ձեզ, բայց ոչ իբրև այն օրերի մարդ, որովհետև այն օրերը միայն պատրանքներ էին տալիս, միայն անորոշություններ էին ներկայացնում, այլ իբրև այսօր ապրող մարդ, որովհետև այսօր ամեն ինչ պարզ է, սոսկալի կերպով պարզ։
Այս պարզությունն ինքնըստինքյան, ինքնաբերաբար և հաղթականորեն բերել է բոլոր արժեքների վերագնահատություն, տապալել է բազմաթիվ կուռքեր, չափազանց պահանջկոտ, անխնա մի քննադատություն է նստեցրել մեր գործերի վրա, մանրացրել է մեր գործիչներին և քանդել ու տակնուվրա է արել մեր այն ժամանակվա գաղափարներն ու զգացմունքները, մեր մտածողությունն ու գեղարվեստն անգամ։
Այսօրվա այդ մեծ քննադատական կարողությունն էլ կլինի իմ միակ ղեկավարը։ Ես կտամ ձեզ ոչ թե անտարբեր ու անորոշ հիշողություններ, ո՛չ՝ դրանք այլևս ոչ մի արժեք չունեն, այլ կտամ քննական, վերլուծական հիշողություններ։
Իմ վերլուծումները խիստ են, գուցե նույնիսկ անողորմ, ես ոչ ոքի չեմ խնայել։ Այսպես է նախևառաջ այն պատճառով, որ ես ուրիշ կերպ գրել երբեք էլ չեմ իմացել, երկրորդ՝ որովհետև այսպես է պահանջում մեզ վիճակված սոսկալի դժբախտությունը, այսպես է պահանջում միլիոնավոր մորթվածների հիշատակը…
Անխնա լինենք նախևառաջ դեպի մեզ։
Խնդրում եմ ընթերցողին, որ այնպես չկարծի, իբր թե ես ինձ առանձին դիրք եմ տալիս իմ ժամանակակիցների մեջ, իբր թե՝ չսխալված, իբր թե՝ միակ խելոք և հեռուները, ապագան տեսնող։ Ո՛չ և ո՛չ։ Եթե շարժումների մեջ գործուն դեր չեմ կատարել, այդ չի նշանակում, թե ես միշտ առանձին կարծիքի և հայացքի եմ եղել։ Ամենևին։ Ընդհանրապես, մտածողության եղանակը մի է եղել ամբողջ մեր սերնդի։ Հարյուրավոր գրվածքներ ունեմ, որոնք տպված են։ Հրաժարվել նրանցից չէ կարելի։ Եվ ինչ օգուտ կլինի հրաժարվելուց։ Ավելի բարեխիղճ, ավելի ազնիվ գործ չի՞ լինի, եթե մենք բաց ու անկեղծորեն ցույց տանք մեր արածները։ Այդ արածներն անհատներինը չեն, այլ ժամանակինը, սերնդինը։
Մենք միայն հաշիվ ենք տալիս։
Ազնվությամբ կատարենք մեր հաշվետվությունը։ Մնացածը մեր գործը չէ։
Մեծ ճշմարտություններ են այսօր արձանացել պատմության հրապարակի վրա։ Նրանք դատաստան են անում։ Թող գոնե այդ դատաստանը լինի շինարար ուժն այն ահռելի իլյուզիաների մեջ, որոնց փլատակների տակ թաղված է վերջին հիսնամյակի մեր համարյա ամբողջ պատմությունը։
1924 թ., մայիս
***
Ես 17 տարեկան աշակերտ էի Շուշիի քաղաքային դպրոցում, երբ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը (1877)։ Այս մի ահագին հիշողության դրդիչ էր, որի ուժը ես էլ զգացի ինձ վրա։ Մինչև այդ մենք ուրիշ բան էինք, հիմա պետք էր լինում ուրիշ բան դառնալ։
Ի՞նչ էինք։
Իմ ծննդավայրը՝ Շուշի քաղաքը, մեկն էր մեր չափազանց խեղճ ու խուլ գավառական անկյուններից։ Հեծնած իր բարձրաբերձ ժայռերի կատարներին, հեռու նետված կենտրոններից ու մեծ ճանապարհներից, դրսի աշխարհի հետ հաղորդակցություն պահպանելով շաբաթը երկու անգամ ստացվող փոստի միջոցով՝ նա առանձնացած, լճացած էր ինքն իր մեջ, ապրում էր իր ներքին, մանր ու ողորմուկ շահերով։ Հայերն ու թուրքերն ապրում էին իրարից առանձնացած, իրար խորթ ու անհաղորդակից։ Խանական ժամանակների սարսափները դեռ ապրում էին հայերի մեջ։ Ընդհանուր քաղաքային հասարակական կյանք չկար և չէր կարող լինել, քանի որ հասարակություն կազմող երկու ազգությունները լցված էին իրար դեմ փոխադարձ ատելությամբ։
Մնում էր «ազգային» կյանքը։ Այս նշանակում էր եկեղեցի, որ լցնում էր հայ հասարակության ամբողջ կյանքը, մինչև, այսպես ասած, պռունկները, ներկայանում էր իբրև միակ ուժը և շարժիչը, միակ առարկան, որ լցնում էր համայնքի բոլոր մտավոր և հոգեկան պահանջները։ Հիշում եմ՝ ամեն շաբաթ երեկոյան կրկնվում էր սովորական դարձած, բայց և միշտ խոշոր ու հիասքանչ նշանակություն ունեցող դեպքը՝ առաջնորդի եկեղեցի գնալը։ Բարձրահասակ, ծերունազարդ Սարգիս եպիսկոպոսի ոսկեգույն ձին հայտնի էր ամբողջ քաղաքին և ամբողջ թեմին։ Այդ ամեհի երիվարի վրայից նա ընդունում էր աջից ու ձախից խոնարհվող բաց գլուխների ողջույնները։ Նրա առջևից, նույնպես գեղեցիկ ձիու վրա, գնում էր գավազանակիր տեր-Ավշար քահանան, իսկ ետևից հետևում էր, երրորդ ոսկեգույն ձիու վրա, առաջնորդական ձիապանը՝ Իշխան անունով։ Փողոցները, որոնք այդ գնացքի ճանապարհն էին դառնում, դղրդում էին։ Բազմությունը դուրս էր թափվում նայելու, արմանալու և իր տպավորություններն այդ օրվա և հետևյալ օրերի խոսակցության նյութ դարձնելու համար։
Գլխովին եկեղեցական մի կյանք էր տիրում աղայի և արհեստավորի տանը։ Մի իսկապես տիրացու ժողովուրդ էր ամեն օր արևի տակ ելնում «աստվածապահ» Շուշի քաղաքում։ Կային այդ ժողովրդի հակադրություններ և հակաճառություններ, անգամ կուսակցություններ, բայց այդ բոլորը՝ տերտերի, ժամի, շապիկի, խաչ-խաչվառի, քարոզի, տիրացուի ձայնեղության կամ բաղաձայնության շուրջ։ Գավառական ճահճի բորբոսնած մակերևույթին կյանքի վլվլուկ, եռուզեռ, համայնական խմբումներ, հավաքական հոգեբանություն, զանգվածային պաշտամունք երևան էին հանում միմիայն եկեղեցական թափորները, տոները, ուխտագնացությունները։ Եթե այդժամ մի Ղազանչեցոց եկեղեցի, շնորհիվ այն հանգամանքի, որ նրա ծխականներից շատերը հարուստ վաճառականներ էին Մոսկվայում, դուրս էր բերում հարուստ ու մեծագին զգեստներ, խաչեր, սաղավարտներ, սկիհներ, ոսկե աղավնիներ, այս արդեն միանգամայն բավական էր, որ ամեն մեկի ազգասիրությունը բավարարված լիներ, որ ամեն մեկն ինքն իրեն զգար երջանիկ հայ-քրիստոնյա։ Երեխաներն անգամ իրենց տներում շատ հաճախ զվարճանում էին՝ տերտերների ու տիրացուների պես զգեստավորվելով, եկեղեցական հանդեսներ ձևացնելով և, մանավանդ, տերտեր-տիրացուների երգերին անճոռնիորեն նմանակելով։
Ես էլ, ինչ ասել կուզի, այդ համատարած իրականության մի հարազատ մասնիկն էի։
Եվ ահա գալիս են անսովոր դեպքեր։ Տեղական գունդը զինվորական նվագածությամբ հեռանում է քաղաքից։ Ամենքն ասում են, և իրենք՝ զինվորներն էլ գիտեն, որ պատերազմ է պատրաստվում օսմանցու դեմ։ Պատերազմ գնացողների տեղ Ռուսաստանից գալիս են պահեստի զինվորներ, որոնց մարզում են ամեն օր։ Նահանգապետից ոստիկանությունը հրաման է ստանում կամավոր զորք կամ միլիցիա կազմել տեղացիներից։ Մեր թաղեցի մի երիտասարդ արդեն գրվել է, նոր զգեստ է ստացել, ձի է գնել։ Մի խոսքով, այն պահն է, երբ, ինչպես սովորություն է ասելը, օդի մեջ վառոդի հոտ է զգացվում։
Վառոդը մեզնից շատ հեռու տեղերում պիտի պայթեր։ Բայց այսպես էլ նա բավականաչափ ուժեղ էր, որպեսզի ինձ պես դպրոցականին էլ դուրս շպրտեր հայրենի տիրացուական ճահճից։ Հետաքրքրությունը բռնում է ինձ և իմ մի քանի ընկերներին։ Մեր աղքատության ցնցոտիներից կարողանում ենք կոպեկներ գջլել և «Тифлисский вестник» լրագրի մի ամսվա բաժանորդագինը լրացնել։ Փողը հանձնում ենք փոստին և գրում խմբագրին, թե մեր քաղաքն եկան պահեստի զինվորներ, այս ցույց է տալիս, որ պատերազմ կա, ուրեմն խնդրում ենք մեզ թերթ ուղարկել։
Եվ թերթն եկավ ու սկիզբը դրեց։ Նա մեզ կապում էր սլավոնական կոմիտեների եռանդուն պրոպագանդայով ոգևորված Ռուսաստանի հետ։ Հասարակական մեծ շարժում էր կատարվում։ Մի պաշտամունք կար ամենքի համար՝ թուրքական գազանությունների զոհ դարձած Բուլղարիան։ Եվ նա դառնում էր նաև մեր՝ Շուշիի դպրոցականներիս մի խմբի պաշտամունքը։ Իսկ ռուս զինվորը, որը գնում էր իր արյունով մեր այս պաշտամունքն անարգ ստրկությունից ազատելու, դառնում էր մեզ համար մի նվիրական հասկացողություն։
Որոտացին թնդանոթները Արփաչայի և Դունայի ափերին։ Սրանց ձայնը մեզ չի հասնում, բայց մեր ականջից չի էլ դուրս գալիս։ Օր օրի սաստկանում է հետաքրքրությունը, կլանում է հազարներին, մեզ էլ նրանց հետ։ Խոսքի ու զրույցի մեջ ավելի և ավելի սակավ են ուշադրության առարկա դառնում Նարեկն ու տերտերը, և ավելի հաճախ լսվում են «էն անօրեն Բիկոնսֆիլդը», «Էն օրհնած Գլադստոնը», «էն գազան սուլթանը» և այլ այսպիսի որակումներ, որոնք ցույց են տալիս, թե մենք էլ սովորում ենք դատել, գնահատել։ Պատերազմը մեզ էլ է տալիս սեփական արժանապատվության խոշոր մղումներ։ Օր օրի վրա հնչում են հայկական անուններ՝ Տեր-Ղուկասով, Լոռիս-Մելիքով, Լազարև, Շելկովնիկով։ Մերոնք առանց զորքերի առաջնորդներ են, հաղթության հերոսներ, իրական, այսօրվա մարդիկ, որոնք գալիս են փոխարինելու հին Արտաշեսներին, Տրդատներին և այլ արխիվային հռչակավորների։ Մանավանդ հպարտ ու պարծենկոտ ենք մենք՝ շուշեցիական իրավունքով։ Մեր քաղաքից է այդ մեծահռչակ Վանջին (Օհանջանը)։ Հայրս պատմում է, որ իր հետ նա աշկերտ է եղել դերձակի խանութում, իսկ այժմ նա այլևս Վանջի չէ, այլ Լազարև՝ Դաղստանի, Ալաջայի, Կարսի հերոսը։
Այս բոլորը նշանակում էր, որ եկեղեցին իր ճիրանները հետզհետե հեռացնում էր մեր կոկորդից, թույլ էր տալիս, որ մենք շնչենք համաշխարհականության մթնոլորտով։ Երեկ մենք տիրացու ժողովուրդ էինք։ Այսօր կանչվում էինք քաղաքացի լինելու, քաղաքական դաստիարակություն ստանալու։ Ես, իհարկե, չեմ ասում, թե եկեղեցին միանգամայն կորցնում էր իր նշանակությունը։ Այն էլ մեծ բան էր, որ նա միակ ու անսահմանափակ տեր չէր մնում մեր գլխին։
Այսքան խոշոր էր ռուս-թուրքական պատերազմի գործած հեղաշրջումը։ Հասարակական դաստիարակության մեջ կատարվում էր բեկում։ Եվ այնքան ուժեղ էր ժամանակի կատարած այդ փոփոխությունը, որ մենք՝ պատանի ժամանակակիցներս անգամ, տեսնում ու զգում էինք այն։
***
Պատերազմից հետո կյանքը Շուշի քաղաքում միանգամայն կերպարանափոխվում էր։ Մի արտասովոր կենդանություն և աշխուժություն էր մտնում։ Որքան էլ որ հեռու էր պատերազմական դաշտը, բայց քիչ չէր այն շուշեցիների թիվը, որոնք դրամ էին աշխատել՝ այս կամ այն կերպ մասնակից լինելով պատերազմի հետ կապված առևտրին։ Բայց միայն այդ չէր շուշեցու բարօրությունն ավելացնողը։ Կար ավելի ուժեղ ու հորդառատ աղբյուր՝ արդյունագործական Բաքուն, որ օր օրի վրա հռչակվում էր իր նավթային հարստություններով և շարունակ իրեն էր քաշում գավառներն ու առանձնապես Շուշիին։ Արդեն անուն էին հանել շատ շուշեցի դրամատերեր, և այս հանգամանքն ավելի էր սաստկացնում հոսանքն այդ քաղաքից դեպի Ապշերոնի նավթահորերը։ Միայն քաղաքը չէր այդպես հեղաշրջված. գյուղը բռնել էր իր քայքայման ճամփան և մարդկային հորձանքներ էր ուղարկում Բաքու։ Այդ զանգվածների մեծագույն մասն, իհարկե, սև աշխատանքի մեջ էր խրվում, դառնում բանվորություն։ Բայց քիչ չէին և այնպիսի անհատները, որոնք «մարդ էին դառնում», այսինքն՝ հարստություն էին ձեռք բերում, մանր խանութպաններից բարձրանում էին մինչև արդյունաբերող-կապիտալիստ «ապերների» պատվավոր դիրքը։
Այս արդյունաբերական շարժումները շարժում էին և Շուշիի ճահիճը։ Շռայլությունը, մեծամեծ կոչունքները, անընդհատ բացօթյա քեֆերը վկայում էին, որ այս քաղաքում կուտակումներ են գոյանում։ Երգն ու նվագածությունն ամեն կողմ էր. Շուշին ասիական երաժշտության ամենանշանավոր կենտրոնն էր դառնում։ Եվ այս հռչակը ստեղծողներն էին թե՛ հայերը և թե՛ թուրքերը, որոնց սերտ գործակցության մեջ միացնում էր արվեստը։
Ես չեմ կարող ասել, թե այսքանով էլ սպառվում էր իմ հայրենի քաղաքի վերակենդանությունը։ Հզոր թափով առաջ սլացող արդյունաբերությունը կատարելագործված հաղորդակցություն էր բերում, և երկաթուղին Թիֆլիսից դեպի Բաքու էր ձգվում։ Կուլտուրական զարթնումի, հասարակական բարձրացած տրամադրության մթնոլորտ էր ծավալվում Ռուսաստանում և Կովկասում։ Եվ ահա, մեր գավառական խուլ անկյունն էլ նույն այդ խոշոր շարժման մեջ էր մտցվում։ Գործունյա, առաջավոր երիտասարդություն էր խմբվել Շուշիում՝ գլխավորապես թեմական դպրոցի շուրջը։ Նոր ժամանակ էր սկսվել։ Ամենից առաջ այդ ժամանակը խոսում էր տեղական մի հատիկ տպարանի միջոցով։ Շուշիում առաջ էլ կար տպարան, բայց հրատարակվում էին Սաղմոս, ժամգրքեր, Ավետարան։ Իսկ ա՞յժմ։ [Այժմ] տպվում էին [Ջոն] Դրեպերի թարգմանությունը, Ալֆոնս Դոդեի, [Հենրիկ] Սենկևիչի հայրենասիրական վեպիկները։
Ինձ այդ տպարանում սրբագրողի պաշտոն տրվեց, և ես այդտեղ է, որ շփվեցի գործող երիտասարդության հետ։ Եվ մի օր իմ առջև է դրվում մի խոշոր հատորի սրբագրություն։ Դա Րաֆֆու «Խենթն» է, որ նոր է տպվել «Մշակի» մեջ և այժմ արտատպվում է առանձին գրքով։ Շատերն էին կարդացել «Մշակի» մեջ, չէինք կարդացել միայն շարող գրաշարը և ես՝ սրբագրողս։ Բայց շատ շատերը կան, որոնք մեր երկուսիս ետևից պիտի կարդան։ Զմայլված էինք. ո՛չ, ավելի ճիշտն ասեմ, կախարդված էինք երկուսս էլ։ Քանի-քանի անգամ կարդացի, վեց թե յոթն անգամ, և դարձյալ չէի կշտանում։ Գիրքը դուրս թողնվեց տպարանից և հալվեց, սպառվեց մի քանի շաբաթվա ընթացքում։ Սա մի անսովոր հայերեն գիրք էր։ Երբեք և ոչ մի հայերեն գիրք այդպիսի համատարած չափերով, այդքան խոր կերպով դյութիչ ազդեցություն չէր գործել հայ մտքի վրա։ Ծնվում էր նոր շարժիչը՝ հայդուկային գրականությունը։
Այս դեռ վեպն էր։ Իսկ Գամառ-Քաթիպան իր երգերո՞վ։ Շուշի եկավ Պետրոս Ադամյանը։ Ես բախտ եմ ունեցել տեսնելու նրա «Համլետը»։ Բայց կարող եմ վկայել, որ Համլետ-Ադամյանն այնպիսի տպավորություն չթողեց հանդիսականների վրա Համբարձում-աղայի թատրոնական դահլիճում, ինչպիսին թողեց մյուս օրը կլուբի դահլիճում, երբ դուրս եկավ երկար, սև սերթուկ հագած Ադամյանը և արտասանեց Գամառ-Քաթիպայի մի քանի ոտանավորները։ Մինչ այժմ էլ թվում է, թե պահել եմ ականջներիս մեջ մեծ արվեստագետի շեշտերն ու հնչյունները.
Տու՛ր, սիրական, քակեմ ձեռքիդ պալուլները, արձակեմ,
Եվ այդ թուլիկ աջիդ մեջը մի պողպատե սուր դնեմ,
Ստրուկ գնա՛ արյան դաշտը, վերադարձի՛ր ազատված…
Կամ թե՝
Հազիվ լըրացավ քսան և մեկ տարիս,
Աղվամազ բըսավ երես ու ծնոտիս…
Տվե՛ք ինձ սարեր՝ սարեր կործանեմ,
Ծառը արմատով գետինեն հանեմ,
Սուր ակռաներովս երկաթ կը ծամեմ,
Մեջըս այդքան ուժ, ասեք՝ ի՞նչ անեմ…
Հայկական սնապարծությունը կամ, ինչպես ասում են երևանցիք, լոպպազությունը, լեռնացել էր Մասիսի չափ։ Գրիգոր Արծրունին՝ հայ լիբերալիզմի փայլուն ներկայացուցիչը, ազգային շովինիզմը հասցրել էր կոչման աստիճանին։ Նա առաջարկում էր, որ հայերը կուլտուրապես ձուլեն իրենց հետ [տարածաշրջանի] մյուս բոլոր ազգություններին, մանավանդ թուրքերին և քրդերին։ Բոլոր ոչ հայ ազգություններին խորհուրդ էր տալիս դեն ձգել իրենց մայրենի լեզուն և ընդգրկել հայերենը, ինչպես ավելի բարձր կուլտուրական հատկություններ ունեցող մի լեզու. թուրքերին խորհուրդ էր տալիս թողնել արաբական անհարմար այբուբենը և գործածել հայերեն տառերը։ Թուրք լրագրերն աղմուկ էին բարձրացնում այս տեսակ հայտարարությունների դեմ՝ ասելով, թե հայերը բուլղարներից էլ վտանգավոր թշնամիներ են, որովհետև բուլղարները զենքով էին ապստամբում թուրքերի դեմ, իսկ հայերն առանց զենքի են գործում՝ աշխատելով զրկել թուրքերին ու քրդերին իրենց կրոնից ու լեզվից և այդպես կուլ տալ նրանց։
Հայդուկային գրականության հետ դեպի իրենց էին քաշում և այն դեպքերը, որոնք տեղի էին ունենում Թուրքահայաստանում։ 1880-ի ամռանը Վասպուրականում ընդհարում պատահեց հայ գյուղացիների և քրդերի միջև։ Հայերը քաջաբար դիմադրեցին քրդական հարձակմանը և կռվի մեջ 70 հոգի սպանեցին քրդերից։ Այս դեպքն անչափ ուռճացվեց «Մշակի» էջերում և ստացավ մի մեծ ապստամբական շարժման կերպարանք։ Հայերը որպես թե կռվում էին նեստորական ասորիների հետ միացած։ Իգդիրից ստացված մի հեռագիր հայտնում էր, թե ապստամբներն արդեն տիրացել են Վանի բերդին։ Մինչդեռ իրականության մեջ ոչ միայն այդպիսի բան չկար, այլ, ընդհակառակը, սկսվել էր չափազանց վտանգավոր մի քրդական շարժում, որ միացրել էր առանձին, նույնիսկ իրար թշնամի ցեղերին՝ միացյալ ուժերով ընդհանուր արշավանքներ վարելու համար։ Շարժումը դեռ բացորոշ հակահայկական կերպարանք չուներ, բայց թուրքաց կառավարությունն ամեն կերպ աշխատում էր, որ շարժումն ստանա այդտեսակ ուղղություն։
Այս շարժումների և մեծամեծ խմորումների միջոցին էր՝ 1880-ի ապրիլին, որ Անգլիայում պառլամենտական ընտրությունների ժամանակ հաղթություն տարավ ազատամիտների կուսակցությունը, և Գլադստոնը կառավարության գլուխ անցավ։ Այս մի խոշոր հաղթանակ էր համարվում և հայերի համար։ Պահպանողական կուսակցությունը գործել էր իբրև հայերի ոխերիմ թշնամի՝ սկսած Սան Ստեֆանոյից, և հասցրել էր իր այդ վարմունքն այն աստիճանին, որ իր պաշտոնական հարաբերությունների մեջ ջնջել էր անգամ «Հայաստան» անունը և փոխարինել «Քուրդիստան» անունով՝ ահագին հուզմունք և անբավականություն պատճառելով Կ.Պոլսի հայությանը։ Այժմ չկար այդ թուրքամոլ կուսակցությունը, այժմ Գլադստոնն էր՝ այդ «մարդասեր մեծ ծերունին», Անգլիայի ղեկավարը, և նրա գործողություններն առաջ ու առաջ Հայոց հարցի լուծմանն են նվիրվելու։
Եվ իրավ, ամռանը Գլադստոնը համաձայնություն է կայացնում մյուս մեծ պետությունների հետ, և Կ.Պոլսի վեց դեսպանները, ցույց տալով այն սկզբունքները, որոնց վրա հիմնված պիտի լինի այդ բարենորոգումը, հավաքական մի հուշագրով պահանջում են թուրքաց կառավարությունից անհապաղ իրագործել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը։ Թուրքաց կառավարությունն իր սովորական եղանակով պատասխանեց այդ պահանջին՝ ձգձգումների եղանակով։ Տեղի ունեցան դիվանագիտական գրագրություններ, և ի վերջո սուլթանի կառավարությունը մերժեց մեծ պետությունների հավաքական պահանջը՝ իր համար հիմք բռնելով այն հանգամանքը, որ հայերն ասիական Թուրքիայի ոչ մի կողմում ազգաբնակչության մեծամասնություն չեն կազմում։ Այսքանով էլ վերջացավ Գլադստոնի միջամտությունը։ Եվ երևան եկավ դառն իրողությունը. այն, որ Անգլիան բարյացակամ, գրեթե հայասեր կուսակցության կառավարության ժամանակ էլ մնում էր նույն գիշատիչ, խորամանկ Ալբիոնը։
«Մեծ մարդասերն» իր այս կիսատ գործով ավելի մեծ վնաս էր հասցնում հայերին, քան նույնիսկ պահպանողական մինիստրությունն իր բացարձակ թուրքամոլությամբ, որովհետև Գլադստոնի քայլը թուրքերին սաստիկ գրգռում էր հայերի դեմ, իսկ վերջիններիս մեջ չափազանցրած ակնկալություններ արծարծում եվրոպական միջամտության նկատմամբ՝ այսպիսով ավելացնելով կռվելու և պահանջելու համառ վճռականությունը։ Այս պատճառաբանությունը, որով ամրապնդել էր թուրք կառավարությունն իր մերժողական պատասխանը, այն է՝ հայ ժողովրդի փոքրամասնություն կազմելը, դառնում էր այն մշտական և անխախտ կռվանը, որի վրա հենվելով՝ թուրքերը պիտի ազատություն սպասեին Հայոց հարցի պատճառած ցավից։ Պակասեցնել հայերի թիվը ոչ միայն թղթի վրա, այլև իրականության մեջ. սա դառնում էր մի քաղաքական սիստեմ, որ թուրք կառավարությունը ծրագրում էր իրագործել քրդերի ձեռքով։
Թուրքիան երկու ձեռքով բռնեց 1880-ին ծայր տված քրդական շարժումից։ Կ.Պոլսի թուրք մամուլը հրճվանքի մեջ էր. Եվրոպային սպառնում էր քրդական շարժումով։ Եվ բոլորովին հարկավոր չհամարելով որևէ գաղտնապահություն՝ բացարձակ կերպով հայտարարում էր, թե Թուրքիան 61-րդ հոդվածը կոչնչացնի քրդերի նիզակներով, թե հայերը պիտի լռեն, իրենց համար առանձին պահանջներ չպիտի անեն, ապա թե ոչ՝ նրանց դեմ կկանգնեցվի ամբողջ միացած քրդությունը։ Հայերն, իհարկե, կարդում էին թուրք կառավարության ներշնչումներով շաղախված այս ահավոր սպառնալիքները… Ոչ միայն կարդում էին, այլև հայ լրագրերը վիճում էին թուրք լրագրերի հետ։ Գոյություն ստացավ մի երկարատև և կրքոտ բանավեճ, որ այսօր էլ վկայում է, թե որքան միամիտ ու անպատրաստ էին հայերն այս վերին աստիճանի լուրջ կենսական հարցի մեջ։ Հայ-թուրքական հարաբերությունների մեջ առաջնակարգ և վճռական դեր էր հատկացվում քրդերին։ Թուրք պաշտոնյաներն անդադար պրոպագանդա էին մղում նրանց մեջ՝ գրգռելով նրանց կատաղի ատելությունը հայերի դեմ։ Հայկական հարցը բացատրվում էր նրանց այն մտքով, թե հայերն ուզում են իրենց համար թագավորություն ստեղծել ու ստրկացնել քրդերին, թե այս վտանգից ազատվելու մի ճանապարհ միայն ունեն քրդերը՝ կոտորել հայերին։
Այս հանգամանքը թաքուն չէր մնում հայ ղեկավարող մտավորականությունից։ Տեսնում էին քրդության լեռնացող վտանգը՝ իբրև գործիք թուրք կառավարության ձեռքին, բայց ի՞նչ էին անում։ Երբեմն լսվում էին նրանց միջից ձայներ, թե հայերը կոպիտ, զինական կռիվ չպիտի մղեն քրդերի դեմ, այլ պիտի նրանց վրա ներգործեն կուլտուրական միջոցներով, պիտի դաստիարակեն նրանց, ուսում տարածեն նրանց մեջ։ Սա, իհարկե, ուժեղ և էական միջոցն էր քրդերին չեզոքացնելու համար։ Բայց ցավն այն էր, որ հայ ազգայնականները հայ-քրդական բարեկամությունն այն մտքով չէին հասկանում, թե երկու դարավոր դրացի ազգերը համահավասար անդամներ պիտի լինեն այդ մերձեցման մեջ, թե պիտի հարգվեն ազգային առանձնահատուկ արժեքները։
Ո՛չ, քրդերին ուզում էին ենթարկել հայկական կուլտուրային՝ նրանց այս միջոցով ապազգայնացնելու, հայերի հետ ձուլելու համար։ Այս խոսքերը խոսք էլ մնացին։ Ոչինչ գործ չկազմակերպվեց։ Քրդությունը թուրք կառավարությանն էր պատկանում։ Իսկ հայերն այս ահեղ օյինի դեմ հանում էին միևնույն խղճուկ միջոցները՝ դիմում Եվրոպային և հայդուկային կռիվ։ 1880-ին Վանի առաջնորդ Խրիմյան Մկրտիչ արքեպիսկոպոսն անգլիական հյուպատոսին ուղարկած իր նամակի մեջ ասում էր, թե այժմ այլևս ոչ մի կասկած չկա, որ Հայկական հարցի հետ բարձրանում է քրդական հարցը, որ կառավարության խրախուսանքներով ձուլվում է մի քրդական ընդհանուր շարժում՝ ընդդեմ հայերի։
Այս թուղթը՝ հուսահատական մի ճիչ, արժանանում էր միայն անգլիական «Կապույտ գրքի» մեջ տպվելու պատվին։ Մի հանգամանք, որն իհարկե չէր ազատում գավառական թշվառ և անզեն հայությանը մինչև ատամները զինված քրդության դեմ հանդիման կանգնած լինելու դժբախտությունից։
Հայ ղեկավարող մտավորականությունն, այսպիսով, չէր կարող արդարանալ անգիտությամբ։ Ամեն ինչ կատարվել էր օրը ցերեկով, բացահայտորեն, նրա աչքերի առջև։ Թուրք մամուլի սպառնալիքները հայտնվում էին իբրև կառավարական հաղթանակող ծրագիր։ Ոչինչ խրատ չէր վերցվում այս խոշոր հանգամանքից, որ ապագա էր ցույց տալիս, զգաստություն էր հրահանգում։
Ու բացվում էր մի այսպիսի հանդիսարան։ Քուրդիստանի և Հայաստանի լեռներից առաջ էին քաշվում, շարժման մեջ էին դրվում Քսենոփոնի ժամանակներից իրենց քաջությամբ, կռվարարությամբ ու գիշատիչ հակումներով քաջածանոթ կիսավայրենի ցեղեր՝ ոգևորված թալանելու և կոտորելու կատարյալ ազատությամբ։ Իսկ նրանց դեմ հանդիման հյուսիսից ու արևելքից գնում էին հատուկտոր մարդիկ, մեծագույն մասամբ պատանիներ՝ հաճախ ոչ միայն առանց զենքի, այլև առանց մի կտոր հացի իրենց մախաղում։
Ովքեր էին դրանք։ «Խենթը» կարդացողներ, ամեն օր հանդիսավորապես «Ձեռքերս կապած, ոտքերս շղթա, Եվրոպան կասե՝ հե՞ր չելաք ոտքի» արտասանողները և երգողները։ Վեպը և ոտանավորը խենթացնում էին մարդկանց, սար ու ձոր գցում։ Ամենից առաջ «Խենթը» շարող գրաշարն էր, որ ինձ խոստովանաբար ասաց, թե գնում է, և ուրիշ գնացողներ էլ կան։ Եվ իրավ, նա գնաց։ Ձմեռվա մի շատ ցուրտ գիշեր, ժամը 2-ին ես տուն էի գնում մի կոչունքից։ Շուկայի հրապարակում մեծ խարույկ էր վառված և նրա առջև իմ լավ ծանոթ գիշերապահն էր նստած՝ ձեռքին մի գիրք։ Մոտենում եմ, բարևում, նա հազիվ է կարողանում կտրվել գրքից և ինձ ասում է՝ ցույց տալով «Խենթը». «Ա՜յ գրիք… Երեք ժամ է՝ կարդում եմ, և այնքան հափշտակված եմ, որ չեմ կարողանում վեր կենալ, իմ շրջայցը կատարել, ո՜վ գիտե, գուցե արդեն գողերը կոտրատել են խանութների դռները»։ Վեր կացավ, քայլեց ինձ հետ։ Նա ուզում էր Վարդան դառնալ՝ Րաֆֆու հերոսը։ Եվ մի քանի օր անց գիշերապահի չաղ խարույկի առջևից անհայտացել էր մեր Արությունը։ Նա էլ գնաց։
Այս, եթե կուզեք, կարելի էր անվանել շարժում։ Բայց այն կազմակերպված չէր, չուներ ղեկավարներ։ Տանողները միայն գրքերն էին, Րաֆֆին, Գամառ-Քաթիպան, մասամբ և Գրիգոր Արծրունին։ Ամբողջովին մի գրքային հեղափոխություն։ Հարցնեիր գնացողին, նա ո՛չ ճանապարհ գիտեր, ո՛չ ուղղություն։ Նրա ուղեղի մեջ միայն մի դրություն էր տեղավորվում. կա սահմանված մի բան՝ հասնել այդ բանին, անցնել նրա մյուս կողմը։ Հետո՞։ Այս հետոն արդեն շատ էր մութ։ Շատերը, ո՞վ գիտե, գուցե այն հավատին էին, թե գնում են «Խենթի» ծերունի Խաչոյի մոտ ձվածեղ ու գոմեշի մածուն ուտելու, մինչև որ կգա «արյունածարավ, գոված Եվրոպը» և Վարդանի երազը կդառնա օրվա փաստ։
Սո՜ւրբ որգևորություն՝ ասում էին այն ժամանակները։ Սուրբ երեխայությու՛ն՝ պիտի ասեն հետագա ժամանակները։
Ես իմ փորձով վկայում եմ, որ այդ իսկապես երեխաների ոգևորություն էր։ Ես և ինձ պես հարյուրավորները՝ հասակով էլ երեխաներ էինք։ Բայց ի՞նչ կասեք նրանց մասին, որոնց մեղք կլիներ երեխա անվանել, որոնք մազով-միրուքով մարդիկ էին և մեզանից երկու, գուցե և երեք անգամ ավելի էին մեր մոլորակի հետ պտույտներ արել արեգակի շուրջը։ Երեխայությունը հասակի խնդիր չէ. լինում են սպիտակահեր երեխաներ։ Երեխայության դրությունը միայն անհատներին չէ հատուկ։ Լինում է և հավաքական, զանգվածային երեխայություն։ Այս դրության մեջ հայ ժողովուրդը խարխափեց ամբողջ քառասուն և հինգ տարի՝ չկարողանալով ճանաչել աշխարհի չարն ու բարին։
1880-ական թվականների գլադստոնյան փորձը պետք է լավ խրատած լիներ հայկական երեխայությանը՝ պարզ ցույց տալով նրան, որ Անգլիան Անգլիա է, և ոչ մի նշանակություն չունի, թե ով է այսօր նրա առաջին մարդը. Գլադստոն, Սոլսբերի, Բիկոնսֆիլդ, որոնք անուններ են՝ փոփոխական, հեղհեղուկ, անկայուն։ Անփոփոխն անգլիական արշինն է, և նրան ծառա ու սպասավոր են ամենքը, անգամ «մարդասերները». մեծ լինեն նրանք, թե փոքր, միևնույն է։ Գլադստոնը 1880-ին բոլորովին հայ ազգի գեղեցիկ աչքերի պատճառով չէր Հայկական հարցը դիվանագիտական գրագրության առարկա դարձնում։ Անգլիական իմպերիալիզմն այդ միջոցին պատրաստվում էր հափշտակել Եգիպտոսը և սուլթանին վախեցնելու, նրա բերանը կապելու համար էր շահագործում դժբախտ 61-րդ հոդվածը, ինչպես նաև մի քանի այլ հարցեր, որոնք վեճի տակ էին Բեռլինի կոնգրեսից ի վեր։ Հազիվ մի քայլ արած՝ Գլադստոնը ետ քաշվեց, լքեց իր ձեռնարկումը՝ ասելով, թե մյուս պետությունները համաձայն չեն հարկադրական միջոցներ ձեռք առնել Թուրքիայի դեմ, իսկ Անգլիան միայնակ չի կարող ոչինչ անել։ Սրանով «մեծ մարդասերը» իմաստության դասեր էր տալիս սուլթան Համիդին՝ հավատացնելով սրան, որ Հայկական հարցի շրջանում եվրոպական համաձայնություն չի կարող գոյանալ, և որ նա կարող է իրեն ազատ զգալ։
Բայց ճի՞շտ էր արդյոք, թե Անգլիան միայնակ գործել չէր կարող։ Ճիշտ չէ՛ր։ Անգլիան առանց մի րոպե տատանվելու՝ միայնակ գործողություններ կարող էր կատարել, եթե միայն այդպես պահանջեին անգլիական կապիտալիստների շահերը։ Եվ իրավ, Հայոց հարցի մեջ հապճեպ փախուստի մատնված Գլադստոնը քիչ անց անգլիական նավատորմը կանգնեցրեց Ալեքսանդրիայի առաջ և «մարդասիրաբար» ռմբակոծեց այդ մեծ ու հռչակավոր նավահանգիստը, հափշտակեց Եգիպտոսը։
Պարզ է և հստակ։ Հայկական հարցի մեջ Գլադստոնի վարմունքը բացարձակ թշնամական և աղետաբեր էր հայ ժողովրդի [համար]։ Հայ-թուրքական հարաբերությունները անհաշտ-թշնամական են դառնում հենց 1880-ի դեսպանական հավաքական հուշագրից հետո։ Այդ ժամանակ է, որ որոշվում է թուրքահայության վիճակը՝ բնաջնջում։ Բազմահռչակ անգլիական պետական գործիչը բնավ էլ չէր մտածում այս մասին, երբ փախուստի էր դիմում թուրք դիվանագետների առջև։ Իսկ հայե՞րը։ Հասկացա՞ն նրանք անգլիական «հայասիրության» իսկական արժեքը։ Հասկացա՞ն, թե ինչ է Գլադստոնը։
Չհասկացան։ Գլադստոնը նրանց համար մնաց դարձյալ «մեծ մարդ», «հայասեր»։ Ահա նա կհեռանա մինիստրական պաշտոնից, կդառնա մասնավոր մարդ և պառլամենտի նիստերում ու միտինգների մեջ քար ու երկաթ կաղա Թուրքիայի գլխին, անեծք կկարդա, հայ ժողովրդի պաշտպանությունը կպահանջի անպատասխանատու ճառերի մեջ. և այսքանը բավական կլինի հայ երեխայությանը համոզելու համար, թե հենց այս ճառերով էլ Հայկական հարցը լուծված կլինի։ Բայց ոչինչ և ոչ մի բան չէր լուծվում։ Լոնդոնը Լոնդոն էր մնում՝ համաշխարհային գիշատիչ բանկ, իսկ Մուշի դաշտը լլկանքների, լացի և աղետի դասական հայրենիք։
1880-ի հուշագրերից հետո հայկական հարցը եվրոպական դիվանա
գիտության կողմից մատնվեց կատարյալ մոռացության։ Ի՞նչ անեին հայ գործիչները, որ լավ լիներ։ Նրանք զբաղվեցին մի հոգսով, այն է՝ աշխատեցին չլռեցնել Հայկական հարցը, աշխատեցին հիշեցնել «արյունածարավ, գոված Եվրոպին», թե հայեր կան, Հայոց հարց կա։ Դիվանագիտական ճանապարհի վրա պարտված հայերը աշխատեցին հետզհետե ամրանալ հայդուկային հեղափոխության ճանապարհի վրա։
Այս հեղափոխությունն առաջին անգամ կազմակերպված շարժման շավիղը մտավ 1881 թվականի երկրորդ կեսից, երբ Էրզրումի մեջ գոյություն ստացավ «Պաշտպան Հայրենյաց» անունով գաղտնի ընկերությունը։ Այստեղ մենք ռուսահայերին միացած ենք տեսնում թուրքահայերի հետ։ Էրզրումում զինանոց շինվեց, տարածվեցին անդամագրման տոմսակներ։ Ռուսահայերից Էրզրում գնաց, գաղտնի ընկերության հետ սերտ հարաբերություններ սկսեց այժմ գործերից քաշված ծերունազարդ բժշկապետ Բագրատ Նավասարդյանը։