ԳլխավորԼուր

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է Արցախում ուսումնական գործընթացի կարգը

Դպրոցականներ՝ Արցախի Շոշ գյուղում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու հետևանքով նախադպրոցական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 16-ից կկազմակերպվի հետևյալ կարգով.

• Նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով կշարունակվի մնալ կասեցված։

• Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի դասագործընթացը կկազմակերպվի ժամը 9:00-ից մինչև 13:00-ն՝ առանց սննդի։

• Հանրակրթական դպրոցների 1-2-րդ դասարանի աշակերտների դասերը կվերսկսվեն հունվարի 16-ից՝ տարվա ուսումնական պլանով հաստատված ժամկետից մեկ շաբաթ շուտ։

• Արձակուրդային շաբաթվա օրերը կվերաբաշխվեն գարնանային և ամառային արձակուրդների վրա։

• 3-12-րդ դասարանների ուսումնական գործընթացը կկազմակերպվի բնականոն հունով։

Նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների դադարեցված դասագործընթացի վերսկսման վերաբերյալ Արցախի ԿԳՄՍ նախարարությունը լրացուցիչ կտեղեկացնի:

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Այն վերականգնվել է դեկտեմբերի 16-ին։

Հունվարի 12-ին էլ ինտերնետ ու բջջային կապն էր անջատվել Արցախում։ Մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանցիները։ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել էր մեկնել վթարի վայր ու հունվարի 13-ին վերականգնել կապը։

Ճանապարհը շարունակում է փակ մնալ։