ԳլխավորԽոսքՔմծիծաղ

«Պաչիկը», «պաչ-պռոշտին» եւ կորոնավիրուսը կամ օրեր են, կմթնեն՝ անց կկենան

Էլ ինչ իրեն հարգող հայ տղա, որ չհանդիպի մեկ այլ՝ եւ իրեն, եւ ինքն իրեն հարգող այլ հայ տղայի ու ձեռքսեղմելուն զուգընթաց, կամ դրանից հետո ու առաջ մի կարգին չպաչի դիմացինին՝ այն համեմելով «էս ում ախպորն եմ տեսնում», «էս ուր ես կորել», «բարեւ, բռատ» ու նմանատիպ այլ արտահայտություններով։

Էլ ինչ իրեն հարգող հայ աղջիկ, որ չհանդիպի մեկ այլ հայ աղջկա, ում ոչ հարգում է, ոչ էլ առանձնապես ջերմ է վերաբերվում, ու ձեռքով հպվելով նրա ուսին, ձեռքին կամ մեջքին՝ պաչիկ չանի դիմացինի այտամերձ օդը՝ «վայ, ջանիկս», «կյանքուլ», «էս ում գեղեցկուհի ընկերուհին է» ու նմանատիպ այլ արտահայտություններով։

Հա, եւ ի՞նչ. ով ում ինչպես կողջունի՝ իր եւ դիմացինի անքակտելի իրավունքն է (տեսնես քակտելի իրավունքը որն է)։

Բայց գուցե առժամանակ զսպենք պաչիկային, առավել եւս պաչպռոշտային ողջունելու մեր սովորությունը, մոլորութունը կամ մոլությունը, նույնիսկ եթե դիմացինը հակառակ սեռից է, քանի որ կորոնավիրուս կա Հայաստանում, կորոնավիրուս կա Հայաստանում, կորոնավիրուս կա… Մի խոսքով։

Ինչպես մեր կատակասեր ու չինացի-կորեացիների հետ շփումներից չզարզանդող նախարարն առաջարկեց, «եկեք դադարեցնենք համբուրվելով բարևելը, օրերը կտաքանան, ավելի ջերմ կբարևենք միմյանց»:

usanogh.am

Comment here