ԳլխավորԽոսքՔմծիծաղ

Առանց բուհ ավարտելու էլ վարչապետ կդառնաք, կամ քննասենյակ մտնելիս ծամոնը չմոռանա՛ք

Դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունից առաջ

Ներկայացնում ենք Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանի հոդվածը

Սկսվեց ամառը։ Եվ Գագիկ Սուրենյանը, զգուշացնելով, որ հյուսիսից ցիկլոն է մոտենում, չգիտես ինչու, մոռանում է մեկ այլ վերահաս արհավիրքի՝ դպրոցական և բուհական քննությունների մասին։ Հիշում եմ, որ մի ժամանակ քննությունները Հայաստանում համաժողովրդական ծեսի նման մի բան էին` դպրոցների ու բուհերի առջև հավաքվում էին ընտանիքներով՝ ահել-ջահելներով, ու սրտատրոփ սպասում, թե երբ վերջապես քննասենյակից դուրս կգա «հորքուրի գանձը»։

Հիմա հետաքրքրությունն ակնհայտորեն նվազել է։ Երևի այն պատճառով, որ պարզ է դարձել` Հայաստանում նույնիսկ վարչապետ կարելի է դառնալ առանց դիպլոմի։ Իսկ, օրինակ, դեսպան դառնալու համար ամենևին պարտադիր չէ ինչ-որ դիվանագիտական ակադեմիաներ ավարտել, բավական է մոտիկ լինել կադրային որոշումներ կայացնող պաշտոնյայի ընտանիքին։

Եվ, այնուամենայնիվ, ամեն տարի ամռանը սկսվում է մի ժամանակաշրջան, որը, օրինակ, Չինաստանում անվանում են «քննական դժոխք»։ Դա հասկանալի է. հիշեք, թե քանի մարդ է ապրում այդ երկրում։ Իսկ անցած տարի Չինաստանի 40 հեղինակավոր բուհերն է ընդունվել 12 միլիոն շրջանավարտների ընդամենը մեկուկես տոկոսը։ Հո իզուր չե՞ն չինացիները քննությունները համեմատում անդունդի վրայով գցած գերանի հետ, որով փորձում են անցնել հազարավոր զինվորներ։ Այն էլ՝ ձիով։

Համաձայնե՛ք՝ դժվար է մոռանալ Շուրիկի մասին հրաշալի կինոկատակերգության այն դրվագը, երբ ուսանողը քննության է մտնում ականջը կապած։ Հիմա ամեն ինչ կատարելագործվել է. նույն Չինաստանում կարող եք գնել սովորական ժամացույց՝ անտեսանելի տեսախցիկով, որը ձեր տոմսի հարցերը նկարում և ուղարկում է տանը նստած ձեր ընկերոջը, և հետո պատասխանները ստանում եք ձեր այդ նույն ժամացույցի պուճուր էկրանին։ Եթե որևէ մեկը մոտենա ձեզ ու հարցնի, թե ինչու եք անընդհատ ժամացույցին նայում, տրամաբանորեն արդարանում եք. «Պրոֆեսո՛ր ջան, բա ո՞նց չանհանգստանամ, պատասխանը հրաշալի գիտեմ, միայն թե հասցնեմ այդ բարդ ֆորմուլան այնքան կոկիկ ձևակերպել, որ 20 միավոր ստանամ, թե չէ ծնողներս տնից դուրս կանեն»։ Ի դեպ, նման դեպք Չինաստանում իսկապես եղել է. ոստիկանները տուն են հասցրել մի տղայի, որը գիշերով քնել էր զբոսայգու նստարանին, մայրը բացել է դուռը և ասել. «Քննությունը տապալած որդի ինձ այլևս պետք չէ»։

Ի՞նչ անել ավարտական և ընդունելության քննությունների փորձությունը հաջողությամբ հաղթահարելու համար։ Աշակերտական և ուսանողական բազում հնարքներ կան, որոնք ամփոփված են համացանցային տարբեր կայքերում։ Հատուկ նրանց համար, ովքեր առաջիկա շաբաթներին անցնելու են չինացիների ասած այդ «քննական դժոխքի» բոլոր պարունակներով, ներկայացնում եմ այդ դանթեական շրջաններից պատվով դուրս գալու գիտական և ոչ այնքան գիտական եղանակների ծաղկաքաղը։

Եվ այսպես։ Դեռ խորհրդային ժամանակներից հայտնի է, որ քննություն հանձնելուց առաջ ձախ ոտքի կրնկի տակ անպայման պետք է հինգկոպեկանոց տեղադրեք։ Ճիշտ է` հիմա ոչ միայն հինգկոպեկանոց, նույնիսկհինգդրամանոց չեք ճարի, այդ դեպքում 10-դրամանոց դրեք՝ ապառիկով, որ հաջորդ քննությանն էլ բավականացնի։ Ընդհանրապես, այդ օրը «ձախակողմյան» դարձեք,նույնիսկ եթե սովորաբար նախընտրում եք աջերին կամ կենտրոնամետներին։ Առավոտյան ձախ ոտքից վեր կացեք անկողնուց, ձախ ոտքից բարձրացեք ավտոբուս կամ մետրո։ Հա՛, ու դեպի համալսարան քայլելիս հանկարծ ոտքը չդնեք բազմաթիվ դիտահորերից որևէ մեկին. անբավարարն ապահովված կլինի։

Այդ օրը նաև նոր հագուստ չհագնե՛ք, աղբը չթափե՛ք, բնակարանը չավլե՛ք, հատակը չլվա՛ք։ Եթե, իհարկե, մնացած օրերին դա անում եք։ Քննասենյակ մտնելուց առաջ մի պահ կանգնեք ձախ ոտքի վրա, տոմսն էլ ձախ ձեռքով քաշեք՝ ձախ գրպանում ունենալով որևէ առարկա, որը ձեզ հաջողություն է բերել նախորդ քննությունների ժամանակ։ Չէ՛, բջջայինը չէ, դա հաստատ կվերցնեն, հասարակ սանրն էլ կանցնի։ Գիտնականները խորհուրդ են տալիս նաև թռվռալ ոչ թե քննությունները հաջող հանձնելուց հետո, այլ դրանցից առաջ. դա բարելավում է հիշողությունը և օգնում կենտրոնանալ։ Տեսա՞ք` այսպես աննկատ արդեն անցանք գիտական մեթոդներին։ Իսկ դա առանձին խոսակցություն է։

Բոստոնի համալսարանի Բժշկագիտության դպրոցի մասնագետները, օրինակ, խորհուրդ են տալիս քննության օրը նախաճաշին անպայման ձվածեղ ուտել, որովհետև դա թարմացնում է ուղեղը։ Մի քանի տարի առաջ Լոնդոնում լույս տեսնող «British Journal of Nutrition» հանդեսը խորհուրդ էր տվել քննություններից առաջ պոպոք ու սաղմոն ուտել, բայց դա միայն ապացուցում է, որ լիովին արդարացված են «բրիտանացի գիտնականների» մասին հեգնական ակնարկները։ Տեսնես` այդբրիտանացի պրոֆեսորները գիտե՞ն, թե ինչ արժեն ընկույզն ու սաղմոնը Երևանի սուպերմարկետներում ու շուկաներում։

Մոտ 30 տարի առաջ Ֆրենսիս Ռաուշերը գործընկերների հետ Կալիֆոռնիայի համալսարանում իրականացրեց մի հետազոտություն, որի արդյունքում պարզվել է՝ քննություն հանձնող ուսանողների վրա հատկապես բարերար ազդեցություն են թողնում Մոցարտի սոնատները։ Գիտափորձին մասնակցած այն ուսանողները, որոնք ավստրիացի կոմպոզիտորի ստեղծագործություններն էին լսել, միջինը 10 տոկոսով բարձր գնահատականներ էին ստացել քննություններից։ Պարզվում է՝ Մոցարտն օգնում է։

Եվ վերջապես։ Գիտնականները խորհուրդ են տալիս՝ եթե գնում եք քննության, անպայման ձեզ հետ ծամոն վերցրեք։ Ինչպե՞ս թե ինչու։ Որպեսզի այսպես կոչված «շպարգալկան» կարողանաք կպցնել սեղանի տակ։

Usanogh.am-ի կողմից հավելենք, որ 2024 թվականի 2-րդ՝ հիմնական փուլի միասնական քննությունները մեկնարկում են հունիսի 11-ից։ Այդ օրը դիմորդները ուժերը կփորձեն «Քիմիա» ու «Ռուսաց լեզու» առարկաներից։