ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդների հետ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Տոնական օրվա միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը նախատեսվում է ամփոփել հայտնի երգիչ Գոռ Սուջյանի համերգով։
Ժաննա Անդրեասյանը դիմել է երիտասարդներին.
«Վայելեք ձեր երիտասարդությունն ու անդադար սովորեք, որպեսզի ամեն հաջորդ օրը ձեզ զգաք ավելի ուժեղ, մրցունակ ու պատրաստ դիմագրավելու մեր առջև կանգնած խնդիրներին։ Երբ ձեզ կզգաք ուժեղ, բարեկեցիկ ու երջանիկ, ուրեմն վստահ եղեք, որ այդպիսին է նաև մեր երկիրը։ Երջանիկ անհատներն ու քաղաքացիներն են, որ ձևավորում են երջանիկ պետություն»։
Միջոցառման մասնակիցներին ողջունել և շնորհավորել է նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը:
Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումներ են անցկացվել նաև Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի շուրջ 96 բնակավայրերում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews










