ԲԱՆ Ա ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն, ահա,
Դէպ երկինքն ի վեր` քեզ եմ ընծայում, գաղտնատե՛ս Աստուած.
Եւ իմ սասանեալ հոգու իղձերի պտուղն այրուող`
Անձս տոչորող թախծութեան հրի վրայ դնելով`
Կամքիս բուրվառով առաքում եմ քե՛զ:
Նայի՛ր, ո՜վ գթած, հոտոտի՛ր դու այն առաւե՛լ սիրով,
Քան պատարագը բոլորանուէր, մատուցուած ծխով ամէնառատ:
Ընդունիր այս պարզ ու սեղմ խօսքերիս շարադրանքը դու
Հաճութեամբ յօժար եւ ո՛չ բարկութեամբ:
Բանաւոր զոհիս նուէրն այս սրտանց
Մեղքերիս պարարտ ճարպի զօրութեամբ ողջակիզուելով,
Թող որ խոհերի իմ խորհրդակիր սենեակի խորքից
Բարձրանայ եւ քեզ հասնի անյապաղ:
Եւ աղերսախառն երբ դատի նստեմ ես քեզ հետ, հզօ՛ր,
Թող որ տաղտկալի չթուայ քեզ այդ,
Ինչպէս ամբարիշտ Յակոբի ձեռքերի կարկառումն ի վեր,
Որի դէմ բողոք է գրել Եսային
Եւ կամ ինչպէս անիրաւութիւնը Բաբելոնի`
Սաղմոսի եօթանասուներկուերորդ առակում ասուած:
Այլ ընդունիր այն կամովին, ինչպէս խունկն հաճոյական,
Որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի մէջ այն,
Որը նոր շուքով վերանորոգուած` Դաւիթը կանգնեց
Յանուն գերեդարձ այն տապանակի,
Որ նման է իմ կորուսեալ հոգու վերստին գիւտին…
ԲԱՆ Ժ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Թե՛ զղջումն ուժգին եւ թէ՛ մոլեգին մեղանչումը մեզ
Կորստեան են մատնում հաւասարապէս:
Թէպէտեւ նրանք օտար են միմեանց եւ նմանութեամբ իրարից տարբեր,
Բայց եթէ քննենք իւրաքանչիւրի էութիւնը մենք,
Պիտի տեսնենք, որ նրանք երկուսն էլ մղում են մարդուն յուսահատութեան:
Զի կասկածում է մէկը
Հզօրի ձեռքի զօրութեանն,
Իսկ միւսը չորքոտանի անասնի նման, անզգայաբար
Խզում է յոյսի առասանն իսպառ:
Ուստի առաջնին միշտ փաղաքշելով` խնդում է սատանան,
Իսկ երկրորդով լիզելով արիւնն, իբրեւ կերակուր`
Պարարւում է նա դժոխորովայն գազանի նման:
Բ
Արդ, բազմահարուած բրով ծեծուածի եւ մահուան ափը հասածի նման
Դոյզն-ինչ շունչ դարձեալ եւ կենդանութեան ոգի առնելով`
Պէտք է զօրանալ, կազդուրուել ու կանգնել,
Յառնել կորստից անկենդանական,
Օգնութիւն առած Քրիստոսի ձեռքով, որ գո՜ւթ է տածում բոլորի հանդէպ.
Նաեւ երկնաւոր բարերար Հօրից ձեռք բերեմ պտուղ փրկութեան եւ բժշկութիւն
Ինձ` մեղաւորիս եւ ախտաւորիս.
Եւ սկսելով ողբերգութիւնն այս աղերսանքների,
Ես հաւատքի շենքը պիտի կառուցեմ:
Զի ոմն նախնիներից հաւատքով զինուած`
Փոխադրուեց իսկոյն երկնային կեանքն անմահական.
Ապաշխարութեան դեղն ընդունելով, զղջման միջոցով`
Նա անկեղծութեան գրաւականը ժառանգեց այստեղ,
Առաւել քան նրանք, որոնց նրա հետ առաքեալն է յիշատակում.
Որոնք երկրի վրայ մրցման հանդէսներ կատարելով,
Ապագայ երկնաւոր պարգեւների յոյսով` հաւատացին
Ու փարթամացան անտեսանելի ճոխութիւններով:
Գ
Արդ, յիշենք այստեղ Տիրոջ պաշտելի խօսքը խրախուսիչ,
Թէ` «Ամենայն ինչ հնարաւոր է նրան, ով հաւատում է»:
Եթէ ընտրեալների աստուածահաճոյ բարեմասնութեանց չափն այստեղ քննենք.
Հաւատքը պիտի գտնենք գերազանց, ամէն ինչից վեր,
Քանզի նրանով կարող են մտնել սուրբ խորանից ներս:
Առանց հաւատքի փառաց տէրն անգամ
Չհաճեց ցոյց տալ իր հրաշագործ զօրութիւնը մեզ,
Այլ նախ եւ առաջ իբրեւ լծակից իր բարերարութեանը,
Մեր հաւատքը նա պահանջեց մեզնից:
Նա՛ է մօտեցնում մարդուն Աստծոյ,
Կեանք ընձեռելով մեզ իր ինքնիշխան ընդունակութեամբ,
Զի օրհնաբանուած Աստծոյ բերանն էր, որ վկայեց,
Թէ` «Հաւատքը քո փրկեց քեզ»:
Գրիգոր Նարեկացի (951-1003)
Հատվածներ «Մատյան ողբերգության» ստեղծագործությունից
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։