ԳլխավորԽոսք

Նա, ով արդեն ուրիշ էր

Ոտքերի տակ սովորական երևանյան ասֆալտն էր, սովորական էին մարդիկ, աշխարհը, բայց ինքը կրկին չէր տեղավորվում այդ սովորական իրականության մեջ։ Ու ինչո՞ւ այս անգամվա «կրկինն» այդքան ուրիշ էր, այդքան անծանոթ․․․ Իրականության հետ անհաշտ լինելուն վաղուց էր հաշտվել, բայց իր հետ հաշտ չէր․․․ այս անգամ ավելի շատ․․․

Ձեռքում ամուր սեղմել էր հեռախոսը, որի պարբերական բզզոցը հուշում էր հերթական նամակի մասին, հերթական նամակի, որին չէր սպասում․․․ փոխարենն իրեն ամուր պատել էր մի զգացում, որ մոռացել էր ապրել, երբ դեռ պատանի էր կամ ուղղակի բաց էր թողել։ Գլուխը ևս բզզում էր, աշխատում էր լավ չյուղված սարքի նման, աղմկոտ, ու իրեն թվում էր՝ հանդիպակաց մարդիկ որսում են իր մտքերը, բռնում են օդում, պոկում են իրենից․․․ ուզում էր գոռալ՝ թողեք, միայն իմն են․․․ Իրեն մոլորված երեխայի պես էր զգում՝ մենակ, անպաշտպան, անզոր։ Ինչո՞ւ է այս անգամվա սովորական օտար իրականությունն այսքան ուրիշ, որտեղի՞ց գտնի հաշտությունն ու տեղավորի իր ու իր միջև։

Նստարանը նույն սովորական երևանյանն էր, նստած էր իր սիրելի անկյունում, պարզապես ջուր չկար ջրավազանում ու քամի էլ չկար, ու․․․ ինքն էր ուրիշ, այնքան ուրիշ, որ մինչ այդ չէր ճանաչել, և ուրիշ էր տարածությունը, որում շնչում էր այդ պահին։ Աչքերը փակ էին ու թաց, զգում էր խոնավությունն ու վախենում էր բացել. ոչ ոք չէր հասկանա այդ արցունքները։ Այդպես էր կամ իրեն էր թվում, որ այդ պահն ապրում է արդեն որերորդ անգամ՝ նույն տեղում, նույն բզզոցով, ձեռքում նույն կերպ սեղմած հեռախոսով և անհասցե հայացքով, որի աչքերը թաց են, փակ են և ուրիշ տեղ են։

․․․Ինքը փախչում էր էդ տեղից ինչքան ուժ ուներ, ինչպես կարող էր, փորձում էր փրկել ինքն իրեն, գիտեր, վստահ էր՝ ուրիշ մեկը չի կարող, բայց շրջան էր գծում միայն՝ վերադառնալով նույն կետին, և ուժերը լքում էին նրան, կամքը լքում էր նրան, ու առաջին անգամ չէր գտնում ելքը, որ դուրս կհաներ լաբիրինթոսից․․․

Աչքերը թաց էին, փակ էին, և ուղեղում վազքը շարունակվում էր՝ առանց դադարի, և ուղեղը ցավում էր այդ վազքից, բայց չէր կանգնեցնում, որովհետև գիտեր՝ շրջապտույտից դուրս գալ միշտ է հնարավոր, մի´շտ․․․ մնում էր ուզել, շատ ուզել։ Թվում էր՝ նույն սովորական անհաշտությունն էր, ուղեղի նույն աշխատանքն էր, քաոսն էր, բզզոցն էր, նույն նստարան էր ու նույն աչքերն էին․․․ Չէ, ուրիշ էր ամենը, ինքն էր ուրիշ, մեկը, ում երբեք չէր ճանաչել, մեկը, ով գուցե իր իսկականն էր․․․

ԱՆԻ ՌԱՓՅԱՆ

Comment here