Մենք բոլորս թիվ ենք՝ ուզենք, թե չուզենք։
Ծնվեցիր՝ վերջ, արդեն վիճակագրության մաս ես՝ էդ օրը ծնված չգիտեմ որերորդ տղան կամ աղջիկն ես, ընտանիքի որերորդ կամ առաջին երեխան, էդ անունը կրող որերորդ մարդը։
Մեզ անընդհատ ինչ֊որ ցուցակներում և ցանկերում են տեղավորում՝ հիվանդանոցների, մանկապարտեզների, դպրոցների, բուհերի…
Եթե անգամ մեծ ջանք ես թափել, որ ինչ֊որ տեղ առաջինը լինես, լավ է, շատ լավ, բայց դրանով քեզ մյուսներից առանձնացնել, աշխարհը քո առանցքի շուրջը պտտեցնել պետք չի՝ միշտ էլ կգտնվի մի ցուցակ, ուր դու ուղղակի մի թիվ կլինես, հերթականը։
Մեծ առումով բոլորս էլ վիճակագրություն ենք՝ նայած, թե որ ցանկում կհայտնվենք՝ աշխատանք փնտրողների՞, թե՞ ունեցողների, միայնակների՞, թե՞ բազմանդամ ընտանիքի մաս կազմողների…
Մենք տրագիկ պատմություններ ենք սիրում և պարզ երջանկության հետ շատ ժամանակ մեր անելիքը չգիտենք՝ դրա համար էլ ավելի հաճախ ենք բժշկական ինչ֊որ ցուցակում հայտնվում։
Մենք բոլորս թիվ ենք՝ տարբեր ցանկերում տարբեր թիվ, ու հաշվապահ լինելը մեզ չի օգնի կյանքի հետ հարցերը լուծելու համար։
Ամենասիրունն էս կյանքում մի ցանկից մյուսն անցնելու պայքարն է՝ քայլ֊քայլ ոչ ցանկալի վիճակագրությունից ցանկալիում ներառվելը։
Մենք բոլորս թիվ ենք՝ ծուռմռտիկ գրած, կլոր֊մլոր, սահուն նկարած, չոր փայտի գծերով, լղարիկ, նոր գրած կամ արդեն փոշի հավաքած թիվ։
Քանի դեռ էն վերջին վիճակագրության մեջ չենք հայտնվել, որի մասին խորը շունչ քաշելով և տխուր ձայնով են ասում, պիտի մեզ թափ տանք֊կախենք արևին, ու գրողի ծոցն ուղարկենք թվերի ու վիճակագրության վրա կենտրոնացած, հաշվարկով ապրելը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։