Ավելի լուրջԳլխավորԽոսք

«Շարվե’լ 1.5 մետրի վրա։ Զգա’ստ։ Կրա’կ»

Մանկական գայթակղությունը, որ քո լուսանկարած-տեսանկարահանածը շատ արագ կարող է  հայտնվել ֆեյսբուքյան՝ հարյուր հազարավոր մարդկանց լսարան ունեցող էջում, արդեն երրորդ օրն է՝ ավելի ու ավելի է թափ տալիս հասարակական համերաշխություն կոչված ճղակոտոր ծառը։

Վարակի դեմ պայքարելու կանոնները պահպանելու ֆոտոարշավը, հոնքը շինելու տեղ՝ արդեն սկսել է աչքը հանել, երբ հերթական օրինախախտության նկարի տակ մեկնաբանությունների տեղատարափ է սկսվում՝ կողմ եւ դեմ։ Եվ գրեթե բոլորը բառեր ու արտահայտություններ չեն խնայում դիմացինին վիրավորելու, ոտնատակ տալու, տեղը դնելու համար՝ անկախ նրանից, թե որ կողմին են պաշտպանում կամ փնովում։

Սա լավ տեղ չի տանում։

«Գործ տա՞լ», թե՞ հասարակության համար վտանգավոր արարքի մասին ահազանգել՝ դա շատ ավելի մանրամասն ու տեւական քննարկման թեմա է։ Խոսքը դրա մասին չէ, այլ նրա, որ համավարակի դեմ պայքարի կոչերով ավելի ու ավելի է ոտնահարվում սովորական-շարքային քաղաքացու՝ տեղաշարժվելու, բողոքելու կամ պարզապես՝ շնչելու իրավունքը։ Հասկացանք՝ արտակարգ կամ իբրարտակարգ դրություն, բայց դա չի նշանակում, որ ամենուրեք կարելի է քիթը խոթել, ավելի ճիշտ՝ հեռախոսն ուղղել եւ հարայ բարձրացնել, թե տեսեք, էս ինչպես է լինում, որ չենք կարողանում վարակի դեմն առնել։

Ճշմարտության մաս կա, իհարկե, որ հասարակության պահվածքը կարեւոր է համահասարակական հարցերը հաղթահարելու համար, բայց սա ամենալավ մեթոդը չէ։ Իսկ հակառակ մտածողներին առաջարկում եմ պատկերացնել այսօր առավոտյան հրապարակված մետրոյի վագոնի լուսանկարը, որտեղ մի դեռահաս աղջիկ դիմակ չկրելու համար հայտնվեց համացանցում, նույնիսկ չկասկածելով, որ հարյուր-հազարավոր օգտատերերի համար տեսանելի է դառնում ոչ միայն իր անդիմակ դեմքը, այլեւ՝ բաց ոտքերը, եւ այդ աղջկա տեղում պատկերացնել ինքն իրեն, իր քրոջը կամ իր աղջկան։ Գուցե դրանից հետո թուլանա ամեն ինչ եւ ամենուրեք նկարել-ուղարկելու այս անմիտ արշավը։

Հատկապես համավարակի դեմ պայքարելու՝ մեկը մյուսից անլուրջ որոշումների այս օրերին, երբ բանկի կամ փոստի մոտ 1.5 մետր հեռավորությամբ կանգնածները քիչ անց տրանսպորտ կամ թեկուզ տաքսի են նստում՝ դրսում սոցիալական պահպանածի հպարտությամբ, եւ նստում մի տեղ, երբ անմիջապես կողքը հավանական վարակակիր կամ վարակվող է նստած։

Ու այդ ֆոնին հեռու չէ օրը, երբ կլսենք. «Շարվե’լ իրարից 1.5 մետրի հեռավորության վրա։ Զգա’ստ։ Կրա’կ»։

Շարքում կլինեն նաեւ «հանցագործներին» լուսանկարելու սիրահարները։

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Comment here