Ավելի լուրջԳլխավորԽոսքՀայաստանս

Ապրես, որ ծնվել ես, մեր բոլորի փոքրիկ Ստոկհոլմյան սինդրոմ

Բա բարև, սիրուն Հայաստանի անկախ Հանրապետություն։

Ես չգիտեմ` ինչ ա նշանակում անկախ ու չգիտեմ` ինչ ա նշանակում պետություն։ Բացարձակ գաղափար չունեմ։ Խոստովանում եմ։ Նու, տեսականորեն գիտեմ իհարկե, ինչպես տեսականորեն գիտեմ, թե ինչ տեսք ունի Փարիզի Աստվածամոր տաճարը, էս Գուգլի դարում ամոթ էլ ա, որ չիմանաս, թե ինչ ա նշանակում պետություն։

Բայց գործնականում կյանքիս 27 տարիներից 25-ը ապրել եմ երկրում, մյուս երկուսը` կայսրությունում։ Ուղղակի երկիր, ուղղակի կայսրություն։ Ես երբեք չեմ ապրել պետությունում։ Էն էլ` անկախ։ Ես երբեք չեմ լսել նույնիսկ քննարկում անկախության մասին։ Ու մինչև անցած տարի ես էլ բոլորի հետ քննարկում էի, թե ումից ա ավելի լավ կախված լինել։

Այ խառըխշտիկ Հայաստանի անկախ Հանրապետություն, ես նույնիսկ երբեք չեմ զգացել քո անկախության կարիքը։ Բա։ Ամոթ էլ ա։ Իսկ հիմա ամենից շատ հենց դրա կարիքն եմ զգում երևի։

Ես չգիտեմ` Ավստրիայից ազատագրված իտալացին իրեն անկախ զգո՞ւմ ա Եվրամիության կազմում։ Գուցե չի զգում։ Ֆրանսիացիները, օրինակ, բոլոր թեյնիկներից ավելի շատ անկախություն են պահանջում իրենց երկրի համար։

Վստահ չեմ, որ որևէ երկրի համար իրական անկախություն գոյություն ունի։ Կամ որ պիտի գոյություն ունենա։ Բայց ես նոր ազատագրված փոքր երկրի աղջիկ եմ, ու իմ պուճուր ուղեղում ավելի լավ ապագան անխուսափելիորեն կապված ա կայսրությունների դեմ պայքարի հետ։

Ուղղակի էդ պայքարի վերջում պետք ա պետություն կառուցել, իսկ ես չգիտեմ, թե ինչ ա նշանակում պետություն։

Իմ սիրուն Հայաստանի անկախ Հանրապետություն, կներես, բայց ես ամեն օր քնում ու զարթնում եմ որոշ ժամանակ քեզնից հեռու ապրելու մտքով։ Ես ինչ-որ կարևոր, շատ կարևոր բան բաց եմ թողել, մենք բոլորս ենք բաց թողել, ու չենք գտնի, քանի ինքներս մեզ դրսից չենք նայել։

Իմ դմբո Հայաստանի անկախ Հանրապետություն, կար ժամանակ, երբ էնքան ասելու բան ունեի քեզ ու էնքան բան ունեի անելու քեզ համար։ Հիմա ոչ մեկը չեմ հիշում, որովհետև տարիներ շարունակ ինձ ասեցին ու շարունակում են ասել, որ դա ոչ մեկի պետք չի, քեզ` առավել ևս, որովհետև դու մեզնից առաջ ես եղել ու մեզնից հետո էլ կլինես։

Իմ ցնդած Հայաստանի անկախ Հանրապետություն, ես լուրջ մտածում էի, որ դու վամպիր ես կամ արխայիկ աստվածուհի, որը սնվում ա մեր հույսերով ու երազանքներով ու երեխեքի արյունով։ Ես դեռ վստահ չեմ, որ դա էդպես չի։ Բայց երևի դու էդ ամենով սնվում ես, որ ձևավորվես, աճես, ու մի օր, եթե մենք մեզ շատ-շատ լավ պահենք ու բախտներս շատ-շատ բերի, դու կդառնաս իսկական պետություն ու կսկսես սնել մեր երազանքները` դրանք կուլ տալու փոխարեն։

Ապրես, որ ծնվել ես, մեր բոլորի փոքրիկ Ստոկհոլմյան սինդրոմ։ Թող որ մեծանաս, պետություն դառնաս։ Անկախ, մաքուր, խելացի պետություն։

ԺԱՍՄԻՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Comment here