Ավելի լուրջԳլխավորԽոսքՀայաստանս

Տարիները մսխած՝ վայրկյաններն ենք հաշվում

Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության դրոշները

Մենք գրեթե 30 տարի ունեինք՝ ասես օդից ընկած անկախությունը փայփայելու, գուրգուրելու, սնելու՝ դրանով հետո սնելով ու զորացնելով հայրենի՝ այլեւս քիչ թե շատ անկապանք պետությունն ու պետականությունը։

Մենք գրեթե 30 տարի ունեինք՝ մեր միջի շողոքորթ-հարմարվող-պատեհապաշ-զոռբա-լաչառ-ստախոս-սնապարծ-դատարկամիտ աղմկարարին դուրս վանելու, վռնդելու, շպրտելու՝ աչքի առաջ ունենալով հզոր ու մաքուր՝ Արցախ ազատած, հայրենի սահմաններ պաշտպանած ու ամրացրած, իսկական, մաքուր, անխառն, զտարյուն ու ազնվական հայերի օրինակը։

Մենք 30 տարի կամ ավելի քան 10 հազար՝ երկնքից մեզ շնորհված օր ունեինք՝ խելք-խելքի տալու, իրար օգնելով՝ տնտեսություն զարգացնելու ու նյութապես հզորանալու՝ դա փոխարկելով զենքի ու զինամթերքի ու հաստատուն տեղի՝ աշխարհի քարտեզի վրա մեծ թե փոքր տեղ ունեցողների շարքում։

Մենք 30 տարի կամ 240 հազար ժամ ունեինք՝ իսկապես արժեքավորը պահել-պաշտելու, նոր ու ազգային, նոր ու համամարդկային արժեքներ ստեղծելու, գիտական հրաշքներ արարելու, երկիրն ու ոչ մեծաթիվ ժողովրդին բարեկեցիկ դարձնելու համար։

Մենք որքան ակնթարթներ ունեինք՝ մաքուրը, վեհը, բարին, գեղեցիկը գնահատելու, մաքուր ու հզոր մերը ստեղծելու կամ եղածը պահելու համար։ Մենք որքան վայրկյաններ ու բառեր ենք այս ընթացքում մսխել՝ չհասկանալով, որ բառը կամ խոսքը արժեք է, անմիտ շպրտված բառերի խումբը՝ լոկ աղմուկ ու ժամավաճառություն։

Մենք քանի-քանի տարիներ ունեինք՝ հերոսին հերոս ասելու ու հերոսացնելու, հերոսի ծնողներին մեծարել-փայփայելու, բորենուն՝ ժանտախտի պես վերաբերվելու ու դրանից մաքրվելու համար։

Մենք գրեթե 30 տարի ունեինք՝ հասկանալ սկսելու, նորածին երեխային 30-ամյա արարող, հպարտ ու մարդասեր հայ կրթել-դաստիարակելու համար։

Ունեինք տարիներ…

Հիմա արդեն վայրկյաններ են մեզ օդի պես պակասում։

Ա. ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Comment here