ԳլխավորՀայաստանս

Բերձորի ազատագրման եւ Արցախը Հայաստանին կապող միջանցքի բացման օրն է

1992 թվականի մայիսի 18-ին հաջողությամբ ավարտվեց Բերձորի (Լաչին) ազատագրման եւ Բերձորի մարդասիրական միջանցքի բացման ռազմական գործողությունը։

Ստեփանակերտի հարավարևմտյան մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց և Շուշիի ազատագրումից հետո Արցախի ինքնապաշտպանական ուժերը (ԻՊՈւ)  և կամավորական ջոկատները ձեռնարկել են օպերատիվ-ռազմական և կենսական կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը։

Համաձայն մարտական պլանի՝ առաջխաղացումը պետք է իրականացվեր մայրուղու աջ և ձախ թևերում։ Գործողությանը մասնակցել են ԻՊՈւ 2-րդ, 5-րդ, 6-րդ կամավորական վաշտերը, Այգեստանի, Խնածախի, Դահրավի, Ակնաղբյուրի, Ավետարանոցի, Սարինշենի, Քարինտակի, Շոշի, Բերդաձորի ենթաշրջանի և ՀՀ-ից կամավորական տարբեր ջոկատներ։

Մայիսի 17-ին հայկական ուժերը վերահսկողության տակ են առել Բերդաձորի ենթաշրջանի Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծշեն, Հինշեն, Եղցահող գյուղերը։ Մայիսի 18-ին ԻՊՈւ կազմավորումները և կամավորական ջոկատները մտել են Բերձոր (Լաչին), ապա դուրս եկել ՀՀ պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը ՀՀ-ին կապող «Մարդասիրական միջանցքը։

Միջանցքի բացումից հետո կորցրած ռազմավարական նախաձեռնությունը վերականգնելու նպատակով Ադրբեջանը հոկտեմբերին ծրագրել է խոշոր հարձակում միջանցքի հարավային և հյուսիսային հատվածներում։ Հակառակորդի դեմ հարավային ռազմաճակատի գծում հակահարձակման են անցել Հադրութի սահմանները պաշտպանող հայկական ստորաբաժանումները։ Թեժ մարտերի ընթացքում հայկական ուժերին հաջողվել է հյուծել թշնամուն, ապա անցնելով հակահարձակման, իրար հետևից գրավել կարևոր դիրքեր և թշնամուն ստիպել նահանջել Ղուբաթլուի շրջանի խորքը։

Դրանից հետո հակառակորդն ակտիվ մարտական գործողություններ է սկսել միջանցքի հյուսիսում՝ Ղոչազ լեռան ուղղությամբ։ Հայ ազատամարտիկները հաջողությամբ հետ մղելով հակառակորդի բոլոր գրոհները և զարգացնելով իրենց առաջխաղացումը՝ ազատագրել են Խրմանլար գյուղը, ապա վնասազերծել Մազմազակ գյուղում տեղակայված ռազմական հենակետերը։

Հայկական ուժերի կողմից ձեռնարկած վճռական մարտական գործողությունների շնորհիվ ապահովվեց Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս երթևեկությունը։

Ըստ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» հանրագիտարանի

Բերձորի ազատագրումից հետո Դուշման Վարդանը՝ Վարդան Ստեփանյանը, բարձրանում է խոշոր ադրբեջանատառ «ԼԱՉԻՆ» պատվանդանի վրա: Ներքևից ազատամարտիկներից մեկը հարցնում է.

— Վարդա՛ն, ի՞նչ զգացողություն ունես:

— Կարծես աշխարհը լինի ոտքերիս տակ:

Comment here