ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում հունիսի 30-ին տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստը՝ օրակարգային 7 և ընթացիկ հարցերով։ Նիստի ընթացքում հաստատվեցին ներկայացված նախագծերն ու հարցերը, ինչպես նաև հնչեցին ու քննարկվեցին նոր առաջարկներ։
Նիստի առաջարկված օրակարգը հաստատելուց հետո ԵՊՀ գիտխորհրդի մրցութային հանձնաժողովի նախագահ Պողոս Վարդևանյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց դոցենտի գիտական կոչում շնորհելու 2 հայցերը՝ փաստելով, որ ներկայացված բոլոր փաստաթղթերը համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին և երաշխավորվել են հանձնաժողովի կողմից:
Պ․ Վարդևանյանը նաև նշեց, որ հանձնաժողովը ստացել է նաև պրոֆեսորի գիտական կոչում շնորհելու մեկ հայց, որի քննարկումը հետաձգվել է ներկայացված աշխատությունների չափորոշչային որոշ պահանջներ հստակեցնելու նպատակով։
Այնուհետև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց ամբիոնի վարիչի պաշտոնների ընտրության վերաբերյալ ֆակուլտետային գիտական խորհուրդների ընդունած որոշումները։ Ներկայացված երկու հարցերը հաստատելու համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով, և հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն։
Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանը ներկայացրեց ասպիրանտուրայի ու հայցորդության վարձավճարների չափը, որը հավանության արժանացավ ԳԽ-ի կողմից։
Ըստ ներկայացված նախագծի՝ ԵՊՀ առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի բոլոր մասնագիտությունների համար վարձավճարի չափը սահմանվեց 650 հազար դրամ, իսկ հեռակա ուսուցմամբ՝ 500 հազար դրամ։ Հայցորդների համար էլ վարձավճարի չափը սահմանվեց 500 հազար դրամ։ ԵՊՀ հիմնական աշխատող և առկա ուսուցմամբ սովորող ասպիրանտների համար վարձավճարի չափ սահմանվեց 325 000 դրամ, համապատասխանաբար հեռակա ուսուցմամբ սովորողների ու հայցորդների համար՝ 250 000 դրամ:
Հաջորդ հարցի շրջանակում ԳԽ-ն հաստատեց Երևանի պետական համալսարանի նախապատրաստական լրացուցիչ դասընթացների վճարաչափը, ըստ որի՝ դասընթացների յուրաքանչյուր առարկայի 120 ժամ դասավանդման արժեքը հաջորդ ուստարվանից կազմելու է 200 հազար դրամ։
Տ․ Գալստյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Ինովացիոն կառավարում» մագիստրոսական նոր կրթական ծրագրի՝ 2022-2023 ուստարվա վարձավճարի չափը, որը հավանության արժանացավ և միաձայն ընդունվեց ԳԽ-ի կողմից։ Առկա ուսուցման դեպքում այն կազմելու է 900 հազար դրամ, իսկ հեռակա ուսուցման դեպքում՝ 720 հազար դրամ։
Այնուհետև ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց «ԵՊՀ գիտահետազոտական ստորաբաժանման օրինակելի կանոնադրությունը», ապա ԵՊՀ իրավաբանական ծառայության պետ Արմեն Թադևոսյանը՝ «Երևանի պետական համալսարանում շահերի բախման բացահայտման և սահմանափակման» կանոնակարգը և ԵՊՀ կառուցվածքային որոշ ստորաբաժանումների կանոնադրություններ, որոնք քննարկվեցին ու հաստատվեցին ԳԽ-ի կողմից։
Նախքան ընթացիկ հարցերին անցնելը ԵՊՀ ռեկտոր Հ․ Հովհաննիսյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց Կատար ու Իրան կատարած այցելությունների արդյունքները, որոնց շրջանակում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ՝ միտված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցային ծրագրերի իրագործմանն ու նոր կապերի հաստատմանը:
Անցնելով ընթացիկ հարցերին՝ Տ․ Գալստյանը զեկուցեց ԵՊՀ եկամուտների և ծախսերի նախահաշվի կատարողականը (2021 թ.)՝ փաստելով, որ այն պրոֆիցիտային է:
Տ․ Գալստյանը տեղեկացրեց նաև, որ խնայողությունների հաշվին որոշում է կայացվել առ այն, որ հուլիսին կամ օգոստոսին ԵՊՀ աշխատակիցները ստանալու են դրամական պարգևատրում՝ հիմնական աշխատավարձի 50 տոկոսի չափով։
Հ․ Հովհաննիսյանն էլ հավելեց, որ որոշում է կայացվել նաև սեպտեմբերից 10 տոկոսով բարձրացնելու պրոֆեսորների, իսկ հունվարից՝ բոլոր աշխատողների աշխատավարձը։ Ռեկտորի տեղեկացմամբ որոշումը հաստատվել է ՀԽ-ի կողմից։
Այնուհետև ԵՊՀ ԳԽ որակի ապահովման հանձնաժողովի նախագահ Էմիլ Գևորգյանը ներկայացրեց մագիստրոսական նոր և վերանայված կրթական ծրագրերի հաստատման հարցը՝ փաստելով, որ ներկայացվող կրթական 4 ծրագրերն անցել են սահմանված ընթացակարգի բոլոր փուլերով և համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին։
Նրա խոսքով Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից ներկայացվել է 2 ծրագիր՝ «Գործարար վարչարարություն (կառավարում)» և «Ֆինանսներ»։ Վերջինը, ըստ Է․ Գևորգյանի, նոր ծրագիր է՝ 1․5 տարի տևողությամբ, իսկ մյուսը գործող ծրագրի վերանայված տարբերակն է, որի իրականացման ժամկետը 2 տարվա փոխարեն դարձել է 1․5 տարի։
Վերանայվել են նաև Ռուս բանասիրության ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիրը, որն առաջարկվում է 2 տարվա փոխարեն իրականացնել 1 տարում, և Քիմիայի ֆակուլտետի «Սննդի անվտանգություն» կրթական ծրագիրը, որն էլ առաջարկվում է 2 տարվա փոխարեն իրականացնել 1․5 տարում։ Ներկայացված առաջարկները հաստատվեցին ԳԽ-ի կողմից։
Այնուհետև Էմիլ Գևորգյանը գործընկերներին առաջարկեց, հավատարիմ մնալով ԵՊՀ-ում ձևավորված ավանդույթներին, «ԵՊՀ պատվավոր դոկտորի» կոչում շնորհել հայազգի հայտնի գործարար, բարերար, գիտնական ու դասախոս Նուբար Աֆեյանին։ Է․ Գևորգյանը, ներկայացնելով կենսագրական ուշագրավ փաստեր, նշեց, որ շուտով լրանալու է Ն. Աֆեյանի 60-ամյակը, ինչը հիանալի առիթ է գնահատելու նրա գործունեությունը։ Առաջարկությունն ընդգրկվեց օրակարգի ընթացիկ հարցերի թվում՝ միաձայն հաստատվելով։
Ընթացիկ հարցերի շրջանակում ԵՊՀ գիտխորհուրդը «English 4 Law» (հեղ․՝ Մ․ Ապրեսյան, Ա․ Ոսկանյան, Ս․ Ասիկյան, Լ․ Մնացականյան, Ք․ Մկրտչյան, Ա․ Այվազյան), «English in Science» (հեղ․՝ Ե․ Մարգարյան) և «Սովորում ենք արաբերեն (սկսնակ երկրորդ (Ա2) մակարդակ)» (Ս․ Տոնիկյան, Ս․ Հ․ Մ․ Հովսեփյան) դասագրքերը երաշխավորեց հրատարակության և որոշեց դրանք որպես բուհական դասագիրք հաստատելու միջնորդություն ներկայացնել ԿԳՄՍՆ-ին։
Օրակարգային հարցերի սպառումից հետո Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն առաջարկեց ձևավորել աշխատանքային խումբ, որը կքննարկի ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հիշատակին նվիրված որևէ քայլ իրականացնելու առաջարկները։ Ի պատասխան՝ ԵՊՀ ռեկտորն ասաց, որ կքննարկվի առաջարկը, գիտքարտուղար Մերի Հովհաննիսյանն էլ հավելեց, որ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտխորհուրդը հրավիրելու է նիստ՝ քննարկելու Ա. Սիմոնյանի հիշատակին նվիրված տարբեր միջոցառումներ կազմակերպելու հարցեր:
Նիստի ավարտին ձևավորված հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ժակ Մանուկյանը ներկայացրեց քվեարկությունների արդյունքները, ըստ որոնց՝ ԳԽ-ն հաստատեց ամբիոնի վարիչի պաշտոնների ընտրության վերաբերյալ ֆակուլտետային գիտական խորհուրդների ընդունած որոշումները, ինչպես նաև բավարարեց դոցենտության երկու հայտերը։