ԳլխավորԼուր

Ճշմարտությունը հարաբերական է. կեղծ մեդիաբովանդակության օրինաչափությունները

Մարիանա Սարգսյան

«Հետազոտական նորություններ» խորագրով շարքի շրջանակում Ysu.am-ն անդրադարձել է ««Ճշմարտությունը հարաբերական է» կամ ինչպես չխաբվել պոստճշմարտության դարաշրջանում» գիտական հոդվածին, որը լույս է տեսել ԵՊՀ հրատարակչության և Անգլերենի ուսումնասիրման հայկական ասոցիացիայի կողմից հրատարակվող «Armenian Folia Anglistika» միջազգային ակադեմիական ամսագրում։

Ysu.am-ը զրուցել է հոդվածի հեղինակի՝ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի ասիստենտ Մարիանա Սարգսյանի հետ, որը 2017 թվականից «Բրիտանական գրականության և լեզվամշակույթի ուսումնասիրության» գիտական խմբի ղեկավարն է:

2022 թվականին Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի կազմակերպած «Պոստմոդեռնիզմը հումանիտար ոլորտներում» խորագրով միջազգային գիտաժողովին զեկուցում ներկայացնելու համար Մարիանա Սարգսյանը գրել է ««Ճշմարտությունը հարաբերական է» կամ ինչպես չխաբվել պոստճշմարտության դարաշրջանում» ուսումնասիրությունը, որը հետագայում տպագրվել է որպես գիտական հոդված:

Հոդվածի հեղինակը նշեց, որ թեև շատերն են հետաքրքրված կեղծ լուրերի դեմ պայքարով, սակայն դրանցում լեզվի կիրառությունների օրինաչափությունները և յուրահատկությունները, լեզվական միավորների ներգործությանն առնչվող հարցերը բավարար մակարդակով լուսաբանված չեն:

Վերոնշյալ հոդվածը նպատակ ունի քննելու մեդիաբովանդակության լեզվական բաղադրիչը, իսկ գործնական առումով` ցույց տալու որոշ օրինաչափություններ, որոնց իմացությունը կարող է օգնել զգայուն լինել սպառվող նյութի նկատմամբ` չտրվելով առաջնային հուզական արձագանքին, ինչին էլ հենց միտված է կեղծ լուրը:

«Հոդվածում շեշտադրվում է նյութի ընթերցման ճանաչողական հայեցակետը, իսկ դա հնարավոր է միայն  լեզվական, տեքստային միջոցների նկատմամբ վերլուծական և քննադատական մոտեցում ցուցաբերելու դեպքում»,- նշեց Մարիանա Սարգսյանը՝ հավելելով, որ կեղծ լուրերի ստեղծման տեխնոլոգիաները անընդհատ փոփոխվում և զարգանում են:

Անդրադառնալով սոցիալական ցանցերում կեղծ լուրերի տարածմանը՝ Մ. Սարգսյանը ասաց.

«Այժմ գործում է հետաքրքիր մի օրինաչափություն. որքան աճում են քաղաքական ու սոցիալական անկայունությունը, անորոշությունը և դրանցով պայմանավորված անհանգստությունները, այդքան ակտիվանում է կեղծ լրատվադաշտը և կատարելագործվում են դրա ստեղծման մեխանիզմները: Իսկ լեզուն կեղծ բովանդակության ստեղծման ու տարածման հիմնական գործիքն է: Անգլիալեզու նյութերի քանակն այդ առումով բավականին մեծ է համացանցում»:

Հոդվածում ներկայացված բազմաթիվ օրինաչափությունների ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ կեղծ լուրերը հաճախ հրապարակվում են ոչ հավաստի աղբյուրների, ցածր վարկանիշ ունեցող թերթերի կայքէջերում կամ տարածվում են սոցիալական հարթակների միջոցով: Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ նույնիսկ բարձր վարկանիշ ունեցող օրաթերթերի կայքէջերում է հանդիպում կեղծ բովանդակություն, որը հերքվում է «առաքելությունը» կատարելուց հետո:

Կատարելով բազմաթիվ հետազոտություններ և ուսումնասիրելով անգլիալեզու կայքէջերն ու տեղեկատվական հարթակները՝ Մարիանա Սարգսյանը հավաքագրել է հարյուրից ավելի գլխագրեր` քաղված անգլիալեզու թերթերի կայքէջերից և տեղեկատվական տարբեր աղբյուրներից: Հեղինակը նշում է, որ կեղծ բովանդակությունը  վառ արտացոլված է լինում հենց գլխագրում:

Վերլուծված անգլիալեզու նյութերի շրջանակում առանձնացվել են ընդգծված ակնհայտ հուզական բաղադրիչով և խիստ բացասական նշանակություն ունեցող բառերը, մամուլի լեզվին ոչ հարիր բառերի կիրառությունները, կետադրական նշանների անհարկի կիրառումները, ինչպես նաև մասնագիտական այլ մանրամասներ:

«Կեղծ բովանդակությունը նպատակ ունի ընթերցողի մոտ առաջացնելու հուզական արձագանք և անմիջական ներգործություն: Այդպես կարելի է հեշտությամբ կառավարել հասարակության շրջանում առկա տրամադրությունները կամ ձևավորել ցանկալի կարծիք: Որպես օրինակ նշեմ COVID-19 համավարակի ժամանակ տարածվող կեղծ լուրերը: Դատելով սոցիալական մեդիայում առկա մեկնաբանություններից՝ դրանք մեծ ազդեցություն էին թողնում ընթերցողների հոգեբանական և հուզական վիճակների վրա: Հարկ է զարգացնել քննադատական և վերլուծական ընթերցման հմտությունները` ուշադրություն դարձնելով, թե ինչպես է նյութը մատուցված, ինչ միջոցներ են կիրառված: Գլխագրի կառուցվածքը կարող է շատ բան հուշել, իսկ քննադատական մոտեցումը՝ օգնել»,- վստահեցրեց հոդվածի հեղինակը:

Նշենք, որ Մարիանա Սարգսյանը բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է: Նրա հոդվածները հրապարակվել են ակադեմիական և հետազոտական համայնքների համար նախատեսված մասնագիտական հարթակներում:

««Ճշմարտությունը հարաբերական է» կամ ինչպես չխաբվել պոստճշմարտության դարաշրջանում» գիտական հոդվածին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

Հավելենք, որ ԵՊՀ հրատարակչությունը, նպատակ ունենալով նպաստելու գիտական ոլորտում համալսարանի միջազգայնացման գործընթացին, այժմ շարունակաբար աշխատանքներ է տանում «Journal of Sociology», «Journal of Political Science», «Translation studies: Theory and Practice», «Armenian Folia Anglistika» գիտական հանդեսները «Scopus» գիտական շտեմարանում զետեղելու ուղղությամբ: