ԳլխավորԼուր

Պատանի հանդիսատեսի թատրոնում վերաբեմադրվել է «Վերջին ուսուցիչը»

Պատանի հանդիսատեսի թատրոնում վերաբեմադրվել է թատրոնի ամենապահանջված՝ Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» ներկայացումը, որը երեկ հանդիսատեսի դատին հանձվեց արդեն թարմացված կազմով, տեղեկացնում են ՊՀԹ-ից։

Ինչպես բեմադրիչ Դավիթ Հարությունյանը նշեց՝ արդեն դերասանական երրորդ սերունդն է բեմ բարձրանում, իսկ ներկայացումը դեռ շարունակում է մնալ պահանջված։

Դահլիճում էին նաև ՊՀԹ֊ի այն դերասանները, ովքեր տարիներ առաջ բեմում էին նույն ներկայացման նույն կերպարներին մարմնավորելու համար։ Ժպիտի տակ թաքնված թեթև հուզմունքից կարելի էր ենթադրել, որ նրանք իրոք ժամանակին մեծ սիրով են խաղացել ու ավելի մեծ սիրով էլ իրենց տեղը զիջել են նորեկներին։

Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ ներկայացումը նվիրվում է անմահացած հերոս, ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանի հիշատակին, ով 14 տարի առաջ նայել է ներկայացումը, ոգեշնչվել ու անգամ տարիներ հետո դասավանդել։ Ներկայացումն ինքնին հենց մանկավարժ֊աշակերտ հարաբերությունների մասին է, ծնող֊երեխա հարաբերությունների մասին է, ու Գևորգը վառ օրինակն է ծնողական այն դաստիարակության, որը սերնդի մեջ ամուր մեխում է հայրենասիրությունը։

Comment here