Usanogh.am-ի բլից-հարցազրույցը բանաստեղծ Ռուզան Հովասափյանի հետ
— Կարո՞ղ են երբեւէ մուսաները լռեցնել թնդանոթներին։
— Եթե մուսան առնվազն միջուկային զենքի հզորություն ունենա, ապա կարող է։
— Ձեր ամենաչսիրելի գրական ստեղծագործությունը։
-Դեռևս չունեմ այդպիսին։
— Ո՞ր նկարչի կտավները կարող եք անվերջ դիտել։
-Արշիլ Գորկու « Նկարիչը և նրա մայրը»։
— Մարդուն մի քիչ ավելի մարդ դարձնելու համար ի°նչ է պետք կամ կարելի է անել։
— Ինչ էլ անենք, այդ «մի քիչ» — ին հասնելու համար հազարամյակներ են հարկավոր։ Մենք չենք տեսնի։
— Ձեր ստեղծագործություններն ակնհայտ աչքի են ընկնում նվազագույն բառերով առավելագույն հույզեր արտահայտելով։ Առօրյայո՞ւմ էլ եք գնահատում քչախոսությունը։
— Իմ առօրյայում գրեթե բառեր չկան, ես այնտեղ առանց բառերի եմ իմ հույզերն արտահայտում։
— Ո՞ր ճաշատեսակն եք հաճույքով պատրաստում ու ո՞րն է ամենալավը ձեզ մոտ ստացվում։
— Երեխաներս ինչ սիրում են։ Իսկ ամենալավը ստացվում է, երբ թավայի կողքին թուղթ ու գրիչ է, ու մոռանում եմ ճաշի մասին… Տղաս այդ ճաշը մուսայով ճաշ է անվանում, ամենահամեղը, կապ չունի անալի է, թե աղի։
— Ասում են՝ երբ շատ ես սիրում՝ պետք է սիրելի մարդուն բաց թողնել։ Իսկ եթե չենք ուզո՞ւմ։
— Ես հենց բաց թողնելով եմ իմ սիրելի մարդուն կողքս պահում։
— Կնոջ լռությո՞ւնն է վտանգավոր, թե՞ շատախոսությունը։
— Միայն այն դեպքում է վտանգավոր, երբ լռողն է շատախոսում, կամ` հակառակը, շատախոսն է լռում։
— Ինքն իր հետ կռվելիս ո՞ւմ կողմը բռնել՝ խղճի՞, սրտի՞, թե՞ մտքի։
— Եթե բանը հասել է ինքդ քեզ հետ կռվելուն, ուրեմն` սրտի։
— Ինչո°վ է տարբերվում ու ինչո°վ է նման այսօրվա ուսանողը Ձեր ուսանողական տարիների ուսանողից։
— Չեմ կարող պատասխանել, ես ինձ դեռ ուսանող եմ համարում։
— Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին՝ մեկ բառով։
— Խաղաղություն, էլ ի°նչ։