Մի կտոր ժպիտ

Մի կտոր ժպիտ-1

Զրուցում են 2 ընկեր։

— Շուտով ձեր ոսկե հարսանիքն է։ Դու արդեն որոշե՞լ ես, թե ինչ ես նվիրելու կնոջդ։

— Հիշում եմ՝ արծաթե հարսանիքին նրան տարա Հիմալայներ… Գուցե գնամ ու հե՞տ բերեմ նրան։

***

Նորափեսան պատմում էր ընկերոջը, թե ինչպես է անցել հարսանիքը, ինչպես գնացին եկեղեցի, հետո ինչպես ուրախացան ռեստորանում, ինչ նվերներ ստացան…

— Իսկ հետո՞, հետո՞,-անհամբերությամբ հարցնում է ընկերը։

— Ինչ հետո, «հետո»-ն մինչեւ այդ էր եղել։

***

Ամուսնությունից 6 օր անց կինը դիմում է ամուսնուն.

— Թանկագինս, մեր ընտանիքում համալրում է սպասվում։

— Այդ ինչպես, արդե՞ն։

— Պատկերացրու՝ այո. մայրս գալիս է մեզ հետ ապրելու։

***

Հանդիպում են 2 ընկեր։

-Ողջույն, ինչպե՞ս են գործերդ։ Երեւի դու ու Աննան ամուսնացել եք ու երջանիկ եք։

— Գրեթե ճիշտ ես. Աննան երջանիկ է, իսկ ես ամուսնացել եմ։

***

Ուշ երեկոյան կինը խոհանոցում սպասում էր ամուսնուն ու աչքի էր անցկացնում շերեփների շարքի վրայի գրությունները՝ «Կեսգիշեր», «Գիշերվա ժամը 1-ը», «Գիշերվա ժամը 2-ը»…

***

— Ընդունիր իմ անկեղծ շնորհավորանքները, որդիս,-ասում է փեսայի հայրը տղային,-ես վստահ եմ, որ այսօրը կմնա հիշողությանդ մեջ որպես քո կյանքի ամենաերջանիկ օրը։

— Բայց հարսանիքս վաղն է, հայրիկ,-առարկում է տղան։

— Հենց դրա համար էլ ասում եմ,-պատասխանում է հայրը։

***

ԶԱԳՍ-ում. «Համաձա՞յն եք ապրել գորշ, «շաբլոն» կյանքով, սահմանափակել շփումների շրջանակը՝ տուրք տալով  ձեր կյանքի ընկերոջ եսասիրությանը եւ միասին լինել նույնիսկ այն ժամանակ, երբ մահու չափ հոգնած կլինեք միմյանցից… Եթե «այո», ապա համբուրվեք ու ստորագրեք»։

***

Բրազիլիական ավանդության համաձայն, նա, ով հարսանիքի ժամանակ բռնում է հարսի նետած ծաղկեփունջը, դարպասապահ է դառնում։

***

Ամուսնական գործակալության նոր անվանում. «Հետո չփոշմանես»։

***

Տղան.

-Ամուսնացիր ինձ հետ։

Աղջիկը.

-Լավ։

Տղան լռում է։

Աղջիկը.

-Ինչո՞ւ ես լռում։

Տղան.

-Առանց այդ էլ շատ խոսեցի։

***

— Տղա ջան, իսկ դու կարո՞ղ ես ընտանիք պահել,-հարցնում է աղջկա հայրը ապագա փեսային։

— Այո, իհարկե,-պատասխանում է տղան։

-Շատ լավ։ Մենակ խնդրում եմ հաշվի առ, որ մենք ութ հոգի ենք։

Comment here