ԳլխավորԼուրԿրթություն

Ես չհասցրի ձևաթուղթը լրիվ լրացնել. ուսուցիչները՝ կամավոր ատեստավորման մասին

Աշխարհագրության դասասենյակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի ժամանակացույցը։

Սեպտեմբերի 18-ին անց են կացվել «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Քիմիա» և «Ֆիզիկա» առարկաների ուսուցիչների,  սեպտեմբերի 19-ին՝ «Հայոց լեզու» առարկայի ուսուցիչների ատեստավորումը։

Ներկայացնում ենք կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների մի քանի կարծիքներ՝ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից։

Հասմիկ Պետրոսյան. «Ասեմ,որ դժգոհ եմ։ 3 ժամի համար բավականին բարդ ու ծսվալուն էին առաջադրանքները։ Ես չհասցրի ձևաթուղթը լրիվ լրացնել, որովհետև ուզում էի ստուգել,վերանայել գրածներս։

Դեռ արդյունքս չգիտեմ,բայց չներկայացողները շատ ճիշտ արեցին։ Ուսուցչին երկու կոպեկի համար այդպիսի սթրեսի ենթարկել այն պարագայում, երբ խորհրդարանում պարբերաբար. պարգևատրում-հավելավճարներ են ստանում,կարծում եմ՝վիրավորական է ու տգեղ։

Նման փորձի դեպքում ճիշտ կանեք շեմը վերանայեք»։

Բալասան Հակոբյան. «Տիկին Անդրեասյան, քիմիայի նման ծավալի և բարդության առաջադրանքներին պատասխանելու համար լուրջ կենտրոնացում էր պետք և ավելի շատ ժամանակ, ինքս էլ Ձեզ խնդրեցի ժամանակն ավելացնել, շնորհակալություն, որ ընդառաջեցիք, սակայն որքա՞ն էր մեր փաստացի ժամանակը… Ձեր ձեռքի տակ արդյունքների իրական պատկերը չկա, որովհետև հնարավոր չէր կենտրոնանալ առաջադրանքի վրա նման համընդհանուր դժգոհության և բողոքի մթնոլորտում։ Մեր առջև անիրատեսական խնդիր դրվեց, արձագանքը շատ կտրուկ էր, մենք մեզ խանգարեցինք…»։

Արա Գրիգորյան. «Աշխարհագրության քննությունը, հավանաբար, ամենացածր ցուցանիշներ գրանցած կլինի։ Առավելագույնը 3 ժամում 80 հարցի պատասխանել, գերակշիռ մասը պնդումներ, 19 հատ խնդիր, թերի ձևակերպումներ, բառախաղեր, հարցեր այլ առարկաներից, պնդումների մեջ թաքնված խնդիրներ և այլն։ 68 առաջադրանք, բայց իրականում ծածկագրված 80 հարց։ Ու այդ ամբողջը կարելի՞ է հասցնել 2,5 ժամում, որ գոնե 0,5 ժամն օգտագործվի ձևաթուղթը լրացնելու համար, ստուգելն էլ հետը։ Հետևաբար, ստացվում է ամենաշատ հարցերը, որին համապատասխան քիչ ժամանակը աշխարհագրության քննությանն էր հատկացված»։

Արսեն Վարդանյան. «Հարգելի’ տիկին Անդրեասյան, հասկանալի է, որ ամեն նոր բան միանգամից չի ստացվում։ Ժամանակ է պետք թերությունները շտկելու համար։ Հայոց լեզվի ատեստացիային մասնակցած բոլոր ուսուցիչները նշում են, որ առաջադրանքների ծավալը և հատկացված ժամանակը չեն համապատասխանել իրար, այսինքն` ուսուցիչը չի կարողացել հաղթահարել ոչ թե չիմացության, այլ չհասցնելու պատճառով։ Կարծում եմ` կարելի է վերանայել նախապես ներկայացված սանդղակը (անցողիկ տոկոսները) Կարծում եմ` խրախուսական կլինի մեր ուսուցիչների համար, հատկապես, եթե հաշվի առնենք, որ նրանք կամավոր ստանձնել են այս ծրագրին մասնակցելու պարտավորությունը»։

Համեստ Մելիքյան. «Ես իմ տեսակետն եմ հայտնում ֆիզիկա առարկայի համար, մասնավորապես՝ թեստը հաղթահարելի էր, այո, ուսուցչի թեստը պետք է ավելին պարունակեր, քան սովորողինն է, կազմակերպիչները մեզ վերաբերվել են շատ հարգալից, բարեհամբույր, իսկ ֆիզիկներս ծափահարությամբ հիշատակել ենք, որ մեր ատեստավորումը համընկնում է Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրվա հետ ու լրջությամբ շարունակել ենք աշխատել։ Ամբողջ ընթացքում տիրել է աշխատանքային մթնոլորտ։ Գտնում եմ, որ որոշ փոփոխությունների դեպքում գործիքը արդյունավետ կլինի, շնորհակալություն»։

Քրիստինե Բեժանյան. «Աշխարհագրությունն էլ բարդ չէր, անհեթեթ էր։ Վիրավորական է, որ ասում են բարդ էր:Առարկայի հիմնական նյութը դասավանդվում է հիմնական դպրոցում, հարցերը հիմնականում ավագ դպրոցից էր: Դուք դասերին խնդիր եք լուծում, մենք միայն տեսականորեն նշում ենք, որ կարելի է հաշվել, բայց խնդիր որպես այդպիսին գրեթե չենք լուծում, 18 խնդիր կար ու դա չարյաց փոքրագույնն էր, որովհետև խնդիրը կարելի է լուծել, բայց անհնար է հիշել Տորեդեսիլյասի պայմանագրի աշխարհագրական լայնության թիվը, կամ սնկերն են տեսակով շատ, թե մամուռներն ու քարաքոսերը»։

Նունե Օսեյան. «Ես մասնակցել եմ կենսաբանության կամավոր ատեստավորմանը։ Թեստին հատկացված ժամանակը քիչ էր, մի քանի հարց նույնիսկ չեմ հասցրել կարդալ, խնդիրներից մեկն էլ սխալ էր հարցադրված։Եթե նման թեստին տրվեր պատշաճ ժամանակ, կարծում եմ ավելին կհավաքեինք»։

Մերի Մաքսուդյան. «Մասնակցել եմ հայոց լեզվի ատեստացիային, բովանդակային առումով նորմալ էր, ճիշտ է, այս փուլում մասնակցում էին իրենց գիտելիքներին լիովին վստահ ուսուցիչները, սակայն իրեն հարգող յուրաքանչյուր ուսուցիչ պետք է տիրապետի նմանատիպ բովանդակությանն ու ծավալին։ Սակայն անիրատեսական էր ծավալի ու ժամանակի համապատասխանությունը։ Յուրաքանչյուր հարցի յուրաքանչյուր դետալ հարկավոր էր վերլուծել, համեմատել առնվազն 9 տարբերակում։ Ժամանակը ոչ միայն դրան չէր բավականացնում, այլև երկրորդ անգամ ստուգելու հնարավորություն չկար։ Մասնակից ուսուցիչները միմյանց կհասկանան, կհասկանան նաև, որ առաջին անգամն էր, պատասխանատուները ևս վրիպել էին կամ սխալ հաշվարկել, սակայն ատեստացիայի վերջնարդյունքը եղավ հետևյալը՝ բազմաթիվ վաստակավոր ուսուցիչներ հեղինակազրկվեցին հասարակության մեջ՝ որպես շեմը չհաղթահարածներ։ Նորից եմ նշում՝ միայն մասնակիցը կհասկանա, որ քիչ միավոր հավաքելու պատճառը ոչ այնքան գիտելիքն էր, որքան սխալ տեխնիկան»։

Հասմիկ Հովհաննիսյան. «…Ինձ նաև հետաքրքիր է, թե ինչու չեն տեղադրվում թեստերը, եթե քննության օրվանից կայքում առկա են պատասխանները։ Բողոքարկմանը տրվում է 3 օր։ Վաղը վերջին օրն է։ Ինչպե՞ս է լուծվելու խնդիրը։ Հուսով եմ` կարձագանքեք։ Կանխավ շնորհակալ եմ»։

Ժաննա Անդրեասյանն ի պատասխան վերջին գրառման նշել է, որ բողոքարկման ժամկետը մեկնարկում է արդյունքները ամփոփելուց հետո, վաղը վերջին օրը չի, քանի որ արդյունքները դեռևս չեն ամփոփվել։

Հիշեցնենք, որ «Մաթեմատիկա» առարկայի ուսուցիչների ատեստավորումը նշանակված է  սեպտեմբերի 25-ին, «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչներինը՝ սեպտեմբերի 26-ին։

«Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրին» ողջ հանրապետությունում դիմել է 7-12-րդ դասարանների 1371 ուսուցիչ։ Երևանում դիմել է 370, Արագածոտնի մարզում՝ 70, Արարատի մարզում՝ 96, Արմավիրի մարզում՝ 107, Գեղարքունիքի մարզում՝ 118, Լոռու մարզում՝ 138, Կոտայքի մարզում՝ 119, Շիրակի մարզում՝ 148, Սյունիքի մարզում՝ 86, Վայոց ձորի մարզում՝ 21, Տավուշի մարզում՝ 98 ուսուցիչ:

Կամավոր ատեստավորման արդյունքում 90 տոկոս և ավելի միավոր հավաքած ուսուցիչները կստանան 50 տոկոս, 80-89 միավոր հավաքելու դեպքում` 30 տոկոս հավելավճար: 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած` աշխատավարձի պահպանմամբ, այսինքն` նրանք հավելավճար չեն ստանա: Մինչև 59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցչի նախկին աշխատավարձը կպահպանվի․ նրան կառաջարկվի պարտադիր վերաատեստավորում՝ մեկ տարի անց:

Comment here