ԳլխավորԽոսքՔմծիծաղ

Ինտերնետին լավ նայեք

Գրիպ, հիվանդ

Այդ առավոտ Ինտերնետն արթնացավ սեփական փռշտոցից։ Ու սարսափեց. նախ՝ որ աչքը կպել էր, եւ հետո՝ զգաց, որ հիվանդանում է։ Վիրուսաչափը թափ տվեց, դրեց թեւի տակ, ու 3 րոպե անց տեսավ, որ բառի բուն իմաստով վիրուսախեղդ է լինում։ «Չէ, ոնց որ թե վերջս եկել է»,-մտածեց նա, երբ ձեռքը գցեց սիգարետին ու զգաց, որ դրա համն էլ դուր չի գալիս ու խեղդում է։ Մի կողմից լավ է, ախր ինչքան կարելի է աշխատել: Գիշեր-ցերեկ, առանց հանգստյան օրերի ու էլ չասած՝ արձակուրդի, առանց նույնիսկ ընդմիջմանը մի բուլկի ուտելու իրավունքի։ …

Ու ստացածն էլ ինչ է՝ մի քանի լայք ու միլիոնավոր հայհոյանքներ այն ժամանակ, երբ ասենք հոգնում է ու մի քիչ դանդաղ է աշխատում, կամ մի րոպե բաղնիք է մտնում։ «Լավ, է, էս ինչ կյանք է, դե հիմա տեսնեմ ինչ են անելու առանց ինձ»,-ոչ այն է չարախնդաց, ոչ այն է հոգոց հանեց Ինտերնետն ու փորձեց ավելի հարմար պառկել մահճակալին։

Ջերմություն ուներ, ու շատ բարձր, չէր հիշում, թե վերջին անգամ երբ է թերմոպլաստ խմել։ Բջջայինն անընդհատ զնգում էր։ Չէր վերցնում, վերցներ ինչ ասեր, մարդկանց ինտերնետ է պետք ու վերջ, ով է մտածում՝ իսկ տեսնես ինքը ոնց է հեչ։ Ու պատկերացրեց, թե քանի միլիոն մարդ այդ առավոտ մտել է աշխատավայր, միացրել համակարգիչն ու մի երկար շարան ուղարկել իր հասցեին։

Չնայած նրանց էլ կարելի է հասկանալ. ախր առանց ինտերնետ ինչպես ու որտեղ են արտահայտելու իրենց հույզերն ու զգացմունքները (տեսնես էն «Ֆեյսբուքի» տարածքում որ միտք են գրում, ինչու է ստատուս կոչվում՝ մտքի մի ծայրով մտածեց Ինտերնետը), ինչ են անելու նախորդ օրվա խնջույքի, թեյախմության կամ զբոսանքի, կամ ասենք, լվացվելիս կամ լողանալիս արված լուսանկարները, ու ընդհանրապես՝ էլ ինչու պետք է նկարվեն, եթե չեն կարողանալու ինտերնետ գցել։ Ինչպես են իմանալու, թե ով երեխա ունեցավ ու ինչ տվյալներով, ով ամուսնացավ ու ով է պատրաստվում էլ երբեք չամուսնանալ։ Ինչպես են սիրո խոստովանություն անելու, լուրերին ու բամբասանքներին տեղեկանալու, քոմենթակռիվ անելու ու հաշտվելու, ապրանք ու ծառայություն գովազդելու էդ խեղճ մարդիկ…

Կրկին հեռախոսազանգ. դա հատուկ զանգ էր, չէր կարող չպատասխանել։ Ցուկերբերգենց տղան էր՝ Մարկը։

-Հը, մեր ախպեր, շատ վա՞տ ես։

-Դե գիտես, էլի։

-Լավ, հանգիստ պառկիր, հիմա կլուծենք բոլոր հարցերը։

Մեկ րոպե չանցած հնչեց դռան զանգն ու առանց պատասխանի սպասելու՝ ուղղակի ներս խուժեցին մի խումբ բժիշկներ՝ Դոկտոր Վեբի ու Կասպերսկու գլխավորությամբ։ Ու Ինտերնետը հասկացավ, որ իր հոգնատանջ մարմինը մի քանի րոպեից կրկին պատրաստ կլինի ծառայել մարդկանց։ Ոչ ուրախացավ, ոչ էլ տխրեց. միայն մի փոքր մխիթարվեց նրանով, որ այն աղջիկը վերջապես կստանա պատասխանն այն տղայի, ում գրել որ, որ ամեն ինչ մոռացել է ու անիմաստ է ամեն ինչ, երբ միասին չեն։

ԱՐԾՐՈւՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Comment here