Ձմռան առաջին օրը մի քիչ անձրեւոտ ստացվեց Երեւանում։ Ու դա ոչ լավ, ոչ էլ վատ է, պարզապես… Է։
Քաղաքի հազարավոր անկյուններում կյանքն ընթանում է իր սովորական հունով. մի տեղ մի տատիկ նստած հեռուստացույցի մոտ՝ իբր նայում է, բայց ամեն անգամ արթնանում-հասկանում է, որ երազ էր տեսնում, երազում էլ՝ թոռնիկն էր, որ արդեն քանի տարի է՝ ռուսաստաններում է եւ ում անչափելի կարոտել է…
Մի տեղ միջին տարիքի մի տղամարդ բաց պատշգամբում ծխում է՝ ծխախոտի ծուխը խառնելով անձրեւամշուշի հետ. բայց մտածկոտ հայացքից բան չի հասկացվում՝ հիշում է ռոմանտիկ ջահելությունն ու եսիմում թաց ու ջերմ դեմքը, թե՞ պարզապես ժամանակ է սպանում, մինչեւ ընթրիքը պատրաստ կլինի ու կնստի սեղանի գլխին, մի բաժակ օղի կխմի ու անցնելով հյուրասենյակ՝ իրենից ու կիրակիից գոհ՝ կպառկի բազմոցին ու մի թեթեւ կքնի՝ մինչեւ ֆուտբոլը կսկսվի։
Մի տեղ էլ 9-ամյա մի աղջնակ, երկար մազերն անձրեւին տված ու աջ բռունցքը պինդ սեղմած՝ մեջը՝ ծալծլած 1000 դրամանոց, կիսավազում է դեպի մոտակա խանութը՝ մտքում կրկնելով՝ 2 հաց, 10 ձու, մեկ տուփ մակարոն, 2 հաց, 10 ձու, մեկ տուփ մակարոն… որ չմոռանա մինչեւ խանութ հասնելը։
Իսկ Օպերայի մոտակայքում՝ գետնափոր բարի ամենաերեւացող մասում, 30-ն անց 3 կին՝ աղջիկներով նստած՝ սառույցով վիսկի են խմում ու ամբողջ մարմնով սպասում, որ ընտրեն իրենց…
Արվարձանոտ մի սենյակում էլ, որ ավելի շուտ խցիկ կարելի է անվանել, որտեղ մի մահճակալից բացի՝ մեկ էլ մի աթոռ է տեղավորվում ու մի սեղան՝ վերեւում էլ պահարան՝ զգեստների համար, իսկ պատերից մեկի վրա խամրած հայելի, մի աղջիկ է կիսապառկած մեկ ձեռքի գրքին նայում, մեկ՝ նեղլիկ լուսամուտից երեւացող քարքարոտ հողամասին, որտեղ մի անկյունում աղբը քիչ-քիչ խառնվում է ցեխին ու որտեղ մի նիհարագույն-թրջված շուն է մլուլ տալիս՝ մի կտոր ոսկորի հույսով…
Մի ուրիշ տեղ էլ մի ոտքի փոխարեն պրոթեզով վարորդը համառորեն արդեն 10 րոպե փորձում է կայանել իրենց շքամուտքի մոտ՝ մյուս 2 ավտոմեքենաների միջեւ այնպես, որ գրավի մայթն ամբողջությամբ՝ առանց մտածելու կամ գուցե մտածելով, որ հետիոտն իր մեքենային հասնելով՝ ստիպված է այն շրջանցելու համար մտնել փողոցի ջրափոսերի մեջ…
Սուպերմարկետներից մեկում էլ 71-ամյա հավաքարարն անընդհատ սրբում է ցեխի հետքերը՝ հաճախորդների հետեւից ու րոպեները հաշվում՝ տուն գնալու ու հոգնատանջ ոտքերին ու մեջքին մի կարճ ժամանակ հանգիստ տալու համար…
Ծառուղում էլ մի երիտասարդ իր հսկա շանն է հանել զբոսանքի՝ վայելելով մաղմղող անձրեւն ու հավատարիմ արարածի ներկայությունը՝ մտքի ծայրով երազելով մեկ այլ հավատարմության ու անվերջանելի թվացող կոչված զգացմունքի մասին…
Քաղաքում ձմռան առաջին օրը մի քիչ անձրեւոտ ստացվեց…
usanogh.am
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։