ԳլխավորԼուր

4,2 միլիարդ դրամ՝ գիտական ժամանակակից սարքեր գնելու համար

Քիմիայի լաբորատորիա

ՀՀ գիտության կոմիտեում ամփոփվել է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման մրցույթը, որը հայտարարվել էր 2022 թ. դեկտեմբերին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Մրցույթի արդյունքում 25 պետական գիտական կազմակերպություն և բուհ Գիտության կոմիտեի միջոցով ձեռք կբերի 54 սարք/սարքավորում՝ ընդհանուր 4 միլիարդ 200 միլիոն դրամ արժողությամբ:

Գիտական սարքերի ձեռքբերման նպատակով ՀՀ գիտական կազմակերպություններին տրամադրվող գումարն իր մեծությամբ աննախադեպ է: 2022 թվականին ևս նույն նպատակի համար պետբյուջեից խոշոր հատկացում էր արվել՝ 2 միլիարդ 933 միլիոն դրամ, իսկ մինչ այդ կազմակերպված նախորդ բոլոր մրցույթների արդյունքում տրամադրված գումարները միասին չեն գերազանցել 3 միլիարդը:

Ի տարբերություն գիտական սարքերի ձեռքբերմանն ուղղված մյուս մրցույթների` այս դեպքում գիտական սարքերի գնման գործընթացը կազմակերպելու է ՀՀ գիտության կոմիտեն՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այնուհետև դրանք տրամադրելու է հայտատու կազմակերպությանը:

Ձեռք բերված սարքերը տեղակայվելու են մրցույթին հայտ ներկայացրած՝ ցանկում նշված կազմակերպություններում, սակայն ինչպես պահանջում են մրցույթի պայմանները, այլ կազմակերպությունների համար ևս հասանելի կլինեն:

Սարքերի գնման համար ներկայացված հայտերը գնահատելիս հաշվի են առնվել ոչ միայն գիտական գործունեության համար սարքերի անհրաժեշտությունը, այլև համատեղ օգտագործման մեխանիզմները, շահագործման ծախսերը և դրանց ծախսածածկման հնարավորությունները, հնարավոր եկամուտները, և այլն:

Մրցույթի շահառու կազմակերպությունը պետք է մշակի գնված սարքի/սարքավորման համատեղ օգտագործելու ընթացակարգը և պաշտոնական կայքում հրապարակի սարքի տեխնիկական բնութագիրը և կիրառման հնարավորությունների մասին տեղեկատվությունը, հետագայում նաև կոմիտե ներկայացնի հաշվետվություններ սարքի շահագործման, իրականացված աշխատանքների ծավալի, ստացված արդյունքների վերաբերյալ։

Շահառուների ցանկում են Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա), Երևանի պետական համալսարանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Շահառուների ու սարքավորումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ստորև։

Մրցույթի շահառուների ցանկը