ԳլխավորԼուր

Կառավարությունն ընդունեց ուսանողների վարձերի վերաբերյալ հակաճգնաժամային որոշումը

Կառավարությունն ընդունեց ուսանողների վարձերի վերաբերյալ հակաճգնաժամային՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառումը»։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նիստի ժամանակ նշեց, որ 14-րդ միջոցառման նպատակն է՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների հաղթահարման համար օժանդակել ՀՀ բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ բուհերի) սովորողներին, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացի: Միջոցառման շահառու են հանդիսանում.

1. Որոշմանը կից հավելվածում (նաեւ այս տեքստի վերջում-խմբ.) ընդգրկված 21 բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսի ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավել տոկոս,

2. հավելվածի ցանկում ընդգրկված բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի (բացառությամբ՝ ավարտական) ուսանողները, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 եւ ավել տոկոս,

3. պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները /ուսանողական վարկերի մասով/։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ ավարտական կուրսերի սովորողներին հատկացվում է 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում։ Ընդ որում, այս խմբի այն սովորողներին, որոնք՝

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի չափով,

մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը վերադարձվում է ուսանողին (ֆիզիկական անձի կողմից վճարված լինելու պարագայում)՝
ա. մագիստրատուրան կամ կլինիկական օրդինատուրան ավարտելու դեպքում,
բ.բակալավրիատի ուսանողի դեպքում՝ մագիստրատուրայում ուսումնառությունը չշարունակելու կամ անվճար ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու պարագայում։

Ընդ որում, այն սովորողները, որոնք մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, կարող են հրաժարվել սույն աջակցությունից, իսկ ուսանողական վարկի միջոցով վարձը վճարված լինելու դեպքում աջակցությունն ուղղվում է վարկի մարմանը (սպասարկմանը),

մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարել մագիստրատուրայի ուսման վարձի դիմաց կատարված վճարում՝ վճարովի ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու դեպքում։

Սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված սովորողներին հատկացվում է փոխհատուցում 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 75 տոկոսի չափով։ Ընդ որում, այս խմբի այն սովորողներին, որոնք՝
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի 100 տոկոսի չափով,

մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարել հաջորդ կիսմյակ(ներ)ի ուսման վարձի դիմաց կատարված վճարում։

Մայիսի 1-ից տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքները կզրոյացվեն այն ուսանողների համար, որոնց ՄՈԳ-ի առավելագույն արժեքը կկազմի 80 և ավել տոկոս։ Իսկ այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ի արժեքը ցածր է 80 տոկոսից, կստանան ուսանողական վարկի տոկոսադրույքի 5 տոկոսային կետով սուբսիդավորում, ինչի արդյունքում վարկը հասանելի կլինի 4% տոկոսադրույքով։

Նշված են նաեւ այն բուհերը, որոնք փոխհատուցման միջոցառման շահառու են համարվում։

1. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ
2.  «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ
3.«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ
4. «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
5. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ
6.«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ
7. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ
8. «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ
9. «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ
10. «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ
11. «Շիրակի Մ. Մալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
12. «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամ
13. «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ
14. «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ
15. «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ
16. «Գավառի պետական համալսարան» հիմնադրամ
17.«ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ
18.«ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ
19. «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ
20. «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ
21. «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ

Comment here