ԳլխավորԼուր

ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտների միայն 41 տոկոսն է համարում, որ գիտելիքները համապատասխանում են աշխատանքի պահանջներին. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի, ինչպես նաև հարակից մի շարք օրենքների փաթեթում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի և փոփոխությունների փաթեթի նախագծերը բխում են Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից և «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից», որոնց կարևոր բաղադրիչ են ՄԿՈւ համակարգի զարգացումը և միջազգային չափանիշներին դրա համապատասխանեցումը:

Ըստ նախարարի՝ տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտների միայն 41 տոկոսն է համարում, որ ձեռք բերված տեսական գիտելիքները համապատասխանում են իրենց աշխատանքի պահանջներին, և միայն 43 տոկոսն է կարծում, որ գործնական հմտությունները համապատասխանում են հետագա աշխատանքի պահանջներին, մինչդեռ կրթության ռազմավարությունում թիրախ է սահմանվել շրջանավարտների 90 տոկոսի զբաղվածության ապահովումը:

«Գործատուների շրջանում անցկացված հարցման արդյունքներով` նրանց 78 տոկոսը երիտասարդ մասնագետի աշխատանքի ընդունելիս առնչվում է վերջինիս գործնական կարողությունների պակասի հետ: Արդյունքում՝ երիտասարդ կադրերն իրենց աշխատանքի համար կա¢մ գերկրթված են, կա¢մ թերկրթված: ՄԿՈւ ոլորտում գործում են ավելի քան 100 պետական ուսումնական ուսհաստատություններ. արհեստագործական կրթական ծրագրերով՝ 6800, իսկ միջին կրթական ծրագրով՝ շուրջ 28400 սովորող: Սակայն այս համախառն ընդգրկվածության ցուցանիշները բավականին փոքր են՝ 6,2 տոկոս արհեստագործական, իսկ 13,9 տոկոս միջին մասնագիտական կրթական ծրագրերով: Սա այն պայմաններում, երբ իրական աշխատաշուկայի ավելի քան 70 տոկոսը ՄԿՈւ մասնագետների պակաս ունի: Աշխատաշուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ արհեստագործական կրթություն պահանջող շատ աշխատանքներում ներգրավված են բարձրագույն կրթությամբ անձինք»,-նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ օրենսդրական փոփոխությունների նպատակը իրավիճակն էականորեն և շեշտակի փոխելն է՝ ձևավորելու մի համակարգ, որտեղ կկազմակերպվի տնտեսության և աշխատաշուկայի կարիքներին բավարարող արդիական և որակյալ կրթություն, կբարելավվի կապը գործատուների և կրթության միջև, ինչպես նաև կբարձրանա շրջանավարտների զբաղվածությունը:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների հետևյալ առանցքային ուղղությունները: Նախ իրականացվում է հասկացությունների և դրանց սահմանումների ներդաշնակեցում, օրինակ՝ վերացվում է տարբերակումն ուսումնական հաստատությունների երկու տեսակների միջև՝ ուսումնարանի և քոլեջի, որոնք գործնականում որևէ խնդիր չեն լուծում, հետևաբար մնում է մեկ հաստատություն՝ քոլեջ, որը կիրականացնի երկու կրթական ծրագրերը: Ներդրվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգը՝ որպես կրթության իրականացման հիմնական եղանակ:

«Այս պահին համակարգում միայն ուսանողական պրակտիկան է, որը ԱՀՈւ տեսակներից մեկն է և ոչ՝ ամենաարդյունավետը: Օրենքով արդեն ինստիտուցիոնալ ներդրվում է աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը, ինչպես, օրինակ, դուալ կրթությունը: 5 տարվա փորձարկման արդյունքում այն ցույց է տվել, որ արդյունավետ կրթության կազմակերպման ձև է: Էապես բարելավվում է սոցիալական գործընկերությունը, քանի որ հատկապես ՄԿՈւ ոլորտում շատ կարևոր է թե՛ գործատուների, թե՛ արհմիությունների և ճյուղային միությունների մասնակցությունը, որը կարևոր նախապայման է կրթության որակի և բովանդակության ապահովման համար»,-նշել է նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։